Արյունային արտադրությունը հղիության ընթացքում

Հղիությունը երջանիկ սպասումով լի շրջան է կնոջ համար, սակայն լի է նաև առողջության մատուցած անակնկալներով և դժվարություններով, որոնցից մեկն էլ արյունային արտադրությունն է:
Արյունային արտադրություն նկատելով պետք չէ խուճապի մատնվել, քանի որ այն երբեմն լուրջ վտանգ չի ներկայացնում: Պատճառները տարբեր են լինում, օրինակ՝ արյունային արտադրություն կարող է նկատվել նաև սեռական հարաբերությունից հետո, քանի որ արգանդի պարանոցը և հեշտոցի լորձաթաղանթը գրգռվում են, ինչպես նաև ընկերքի աննշան շերտազատման հետևանքով, երբ նրա տակ արյուն է կուտակվում, ինչն արտահոսում է վարդագույն երանգով:
Հաճախ կանայք արտադրություն են նկատում այն օրերին, երբ նախքան հղիությունը դաշտան էր սկսվում: Ընդ որում` արյունային արտադրությունն ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի և գոտկատեղի ցավով: Այդպես է լինում հղիության վաղ փուլերում օրգանիզմում հորմոնային խանգարումների հետևանքով կամ արգանդի տոնուսի բարձրացման հետևանքով: Սովորաբար այդպիսի արտադրությունն արագ անհետանում է: Մտահոգիչ է, երբ արյունային արտադրությունն այնքան առատ է, որ 1 ժամ անց միջադիրը փոխելու կարիք է զգացվում: Հարկավոր է անհանգստանալ նաև այն դեպքում, երբ արյան թանձրուկներ են նկատվում: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ հղիության ընդհատման վտանգ է առաջանում:
Արտարգանդային հղիության դեպքում ևս լինում է արյունային արտադրություն: Ցավոք այդ իրավիճակում կարող են հեռացնել փողը և որովայնի խոռոչի լվացում կատարել:
Արյունային արտադրության մեկ այլ պատճառ կարող է լինել արգանդի պարանոցի բորբոքումը և սաղմի իմպլանտացիան արգանդի պատին: Վերջին դեպքում արյունային արտադրությունը վարդագույն երանգ է ունենում:
Քսվող արյունային արտադրությունը կարող է վիժման ազդանշան լինել: Հաճախ ուղեկցվում է որովայնի ստորին շրջանի ցավով: Այդպիսի իրավիճակում պետք է անհապաղ դիմել բժշկի՝ մեծացնելով պտղի պահպանման հավանականությունը:
Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակում առաջացող արյունային արտադրությունը խիստ վտանգավոր է: Կարող է վկայել տարբեր խնդիրների մասին, ինչպես նաև սպառնալ երեխայի ու մոր կյանքին: Առաջին հերթին հնարավոր է ընկերքի շերտազատում, ինչը վերաբերում է հատկապես բազմապտուղ հղիություն, գեստոզ, որովայնի վնասվածք ունեցող կանանց: Հաճախ հանդիպում է նաև ընկերքի առաջադրություն:
Միոմաները, արգանդի պարանոցի էրոզիան, ցերվիկալ ուղղու պոլիպները, սեռական օրգանների վնասվածքները նույնպես կարող են արյունային արտադրության առաջացման պատճառ դառնալ:
Չնայած այն բանին, որ արյունային արտադրությունը երբեմն լուրջ վտանգ չի ներկայացնում, այնուամենայնիվ պետք է դիմել բժշկի: Հարկավոր է վստահել գինեկոլոգին՝ ամենայն մանրամասնությամբ նկարագրելով արտադրության գույնը, ցավի բնույթը և կրկնման պարբերականությունը: