Իմունաբանական անպտղություն. հակասպերմային հակամարմիններ

06.11.20156286

Մարդու վերարտադրողական համակարգը մեծապես կախված է նրա դիմադրողականությունից. պաշտպանական բջիջները կարևոր դեր են խաղում ձվազատման և իմպլանտացիայի գործընթացում, ձվաբջջի և սերմնաբջջի փոխազդեցության, ինչպես նաև հղիության հետագա զարգացման հարցում: Հակասպերմային հակամարմինները, որոնք առկա են լինում ամուսիններից որևէ մեկի օրգանիզմում, հաճախ դառնում են անբացատրելի անպտղության պատճառ:

Ինչ են իրենցից ներկայացնում հակասպերմային հակամարմինները

Հակասպերմային հակամարմինները մարդու դիմադրողական համակարգի կողմից արտադրվող սպիտակուցներ են, որոնք բացասաբար են ազդում սպերմատոզոիդների վրա: ՀՍՀՄ կարող են ձևավորվել կանանց և տղամարդկանց վերարտադրողական համակարգի տարբեր բաժիններում, տարբեր քանակով առկա լինել արյան և սեռական համակարգի տարբեր գեղձերում, ազդել սպերմատոզոիդի տարբեր մասերի վրա (գլխիկի, պոչի, միջին հատվածի կամ էլ միաժամանակ մի քանիսի) և տարբեր կերպ անդրադառնալ վերարտադրման գործընթացների վրա:

ՀՍՀՄ-ի բացասական ազդեցություններն են՝

  • սպերմատոզոիդների կենսունակության նվազում և շարժունակության ճնշում, 
  • սպերմատոգենեզի լուրջ խանգարումներ,
  • արական սեռական բջիջների՝ ցերվիկալ լորձի մեջ ներթափանցելու գործընթացի խանգարում, 
  • բեղմնավորման և ձվաբջջի իմպլանտացիայի գործընթացի խանգարում, 
  • սաղմի աճի և զարգացման ճնշում:

ՀՍՀՄ-ի արտադրությունն ըստ էության սերմնաբջջի հանդեպ ալերգիա է, ընդ որում կանանց օրգանիզմում այս սպիտակուցների առաջացումը վկայում է ամուսինների իմունաբանական անհամապատասխանելիության մասին, իսկ տղամարդկանց դեպքում՝ տղամարդու իմունիտետի պայքար սեփական բջիջների հետ:

ՀՍՀՄ-ն տղամարդու օրգանիզմում

  • Իմունային համակարգն սկսում է ձևավորվել դեռևս ներարգանդային շրջանում, այդ պատճառով էլ սերմնաբջիջները, որոնք տղամարդու օրգանիզմում առաջանում են սեռական հասունացման ժամանակ, նրա համար «օտարածին» են: Խելացի բնությունը, սակայն, կանխորոշել է դա և մշակել սեռական բջիջների՝ իմունայիններից պաշտպանվելու որոշակի մեխանիզմներ, որոնք ներկայացնում ենք ստորև: 
  • Հակասպերմային հակամարմնահեմատոտեստիկուլային պատնեշ: Միջանկյալ բջիջներից (Սերտոլի բջիջներ) կազմված ֆիզիկական պատնեշ է անոթների և սերմնային կանալների միջև, որը կանխում է իմունային բջիջների և սերմնաբջիջների «հանդիպումը»:  
  • Կենսաբանորեն ակտիվ տարատեսակ նյութեր, որոնք արտադրվում են ձվարանների և հավելումային գեղձերի կողմից ու արգելում իմունային համակարգի ակտիվությունը:  
  • Իմունագլոբուլին կապող գործոն, որ պարունակվում է սերմնահեղուկում, ինչպես նաև խոչընդոտում իմունային պատասխանի ձևավորմանը:

Որոշ դեպքերում բնական մեխանիզմները խանգարվում են, ինչի պատճառ կարող են դառնալ՝

  • վնասվածքները և սեռական օրգանների վիրահատական միջամտությունները, 
  • սերմնաբուշտերում, ձվարաններում, դրանց հավելումներում և շագանակագեղձում առկա բորբոքային պրոցեսները (վեզիկուլիտ, պրոստատիտ, օրխոէպիդիդիմիտ), 
  • անատոմիական փոփոխություններ (վարիկոցելե, ձվարանի ոլորում, սերմնածորանների խցանում և այլն):

Այս գործոնները նպաստում են, որ իմունային բջիջները ներթափանցեն տղամարդու վերարտադրողական համակարգ: Վերջիններս սերմնաբջիջներին հանդիպելիս սկսում են ակտիվորեն պաշտպանվել և հակամարմիններ արտադրել դրանց դեմ:

ՀՍՀՄ-ն կնոջ օրգանիզմում

Կնոջ վերարտադրողական համակարգում ևս կան բնական մեխանիզմներ, որոնք ճնշում են իմունային պաշտպանությունը սերմնաբջիջներից: Այդ գործընթացները ներկայում լիովին ուսումնասիրված չեն, ուստի դրանց շարքին են ենթադրաբար դասվում՝

  • ձվազատման շրջանում իմունիտետի ֆիզիոլոգիական անկում, 
  • տեղային իմունիտետի արգելափակում շնորհիվ սեռական ուղիներով անցնելու ընթացքում սերմնաբջիջների ոչնչացման: 

Իմունիտետը ճնշող գործոնների հետ մեկտեղ կան մի շարք պատճառներ, որոնք ակտիվացնում են պաշտպանական պատասխանը: Դրանք են՝

  • էնդոմետրիոզ
  • սեռական օրգանների վարակիչ-բորբոքային հիվանդություններ, 
  • բեղմնականխման քիմիական միջոցների օգտագործում, 
  • ամուսնու սերմում լեյկոցիտների մեծ քանակություն, 
  • սերմի ներթափանցում ստամոքսաղիային տրակտ (օրալային կամ անալային շփում), 
  • սերմնաբջիջների ներթափանցում որովայնի խոռոչ (ներարգանդային ինսեմինացիայի ժամանակ), 
  • «հին» սերմնաբջիջների ներթափանցում հեշտոցի մեջ անկանոն սեռական կապերի հետևանքով: 
  • ՀՍՀՄ-ով սերմնաբջիջներ, 
  • կոագուլյացիայի միջոցով արգանդի պարանոցի էրոզիայի բուժում, 
  • նախկինում կատարած ԱՄԲ:

Իմունային ռեակցիան հաճախ արտահայտվում է արգանդի պարանոցի վրա, հազվադեպ մասնակցում են հեշտոցը, էնդոմետրիումը և արգանդափողերը: Դա պայմանավորված է ցերվիկալ կանալում մեծ քանակությամբ տարատեսակ իմունագլոբուլինների առկայությամբ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում իմունաբանական անպտղության համար:

Իմունային անհամապատասխանության ախտորոշումը և բուժումը

Ամուսիններին խորհուրդ է տրվում իմունիտետի հետազոտություն անցնել անպտղության բոլոր դեպքերում, անկախ ամուսիններից յուրաքանչյուրի վերարտադրողական գործառույթի վիճակից: Այդ նպատակով կիրառվում են ախտորոշման հետևյալ մեթոդները՝

  • իմունագրամա, 
  • ՀՍՀՄ-ի հանդեպ արյան հետազոտություն, 
  • կենսաբանական նմուշներ (հետկոիտալային թեստ, Կուրցրոկ-Միլլերի նմուշ, MAR-թեստ, հեշտոցի լորձաթաղանթի հետազոտություն՝ կախված դաշտանի ցիկլի փուլից):

ՀՍՀՄ-ի հայտնաբերման դեպքում բուժումը սովորաբար ուղղվում է դրանց տիտրերի նվազեցմանը՝ հետագայում հղիանալու նպատակով: Կիրառվում են թերապիայի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝

  • բեղմնականխիչ (պատնեշային բեղմնականխիչների երկարատև կիրառում կանանց դեպքում ՀՍՀՄ-ի նվազեցման նպատակով), 
  • պլազմաֆերեզ, 
  • արհեստական սերմնավորում ամուսնու՝ նախապես մշակված և ՀՍՀՄ-ից մաքրված սերմով, 
  • վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառում:

Դիտեք տեսանյութը՝ Վերարտադրողական տեխնոլոգիաներ

Իմունաբանական անպտղությունը դեռևս լիովին ուսումնասիրված չէ, սակայն նշենք նաև, որ ամուսիններից որևէ մեկի օրգանիզմում ՀՍՀՄ-ի առկայությունը չի բացառում ինքնուրույն հղիանալու հանգամանքը, քանի որ հակամարմինները նվազեցնում են բեղմնավորման հավանականությունը, սակայն ոչ բոլոր դեպքերում են դրան խոչընդոտում: