Հորմոնային համակարգի փոփոխությունները հղիության ընթացքում
Հղիության վաղ շրջանից արդեն տեղի է ունենում հիպոֆիզի ցիկլային գոնադոտրոպինային ֆունկցիայի ընկճում: Ծայրամասային էնդոկրին գեղձերի հորմոնները գերազանցապես կապված են միմյանց հետ: Հիպոֆիզի առաջնային բիլթը հղիության ընթացքում մեծանում է 2-3 անգամ: Տեղի է ունենում ֆոլիկուլախթանիչ և լյուտեինիզացնող հորմոնների զգալի նվազում:
Ի հակադրություն հիպոֆիզային գոնադոտրոպինի, մոր արյան մեջ պրոլակտինի մակարդակն սկսում է բարձրանալ հղիության արդեն առաջին եռամսյակից և ծննդաբերությանը մոտ ժամկետներում այն արդեն 10 անգամ գերազանցում է նախքան հղիությունն ունեցած ցուցանիշին: Պրոլակտինի արտադրման գլխավոր խթանիչ համարվում են էստրոգենները, որոնց սեկրեցիան ընկերքի կողմից աճում է հղիության ժամկետներին համապատասխան: Ընդ որում՝ արտահայտված է լինում մոր հիպոֆիզի լակտոտրոֆների հիպերպլազիան և հիպերտրոֆիան:
Հիպոֆիզային սոմատոտրոպ և թիրեոտրոպ հորմոնների մակարդակը գրեթե նույնն է մնում, ինչ եղել է նախքան հղիությունը:
Հղիության ֆոնին օրգանիզմի մարսողական, ինչպես նաև վահանաձև գեղձի ֆունկցիանները փոփոխությունների են ենթարկվում, որպեսզի կարողանան բավարարել զարգացող պտղի աճող պահանջները: Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ փոփոխություններն սկսվում են հղիության հենց առաջին շաբաթից և արտահայտվում են դրա չափերի մեծացմամբ ու թիրեոիդ հորմոնների արտադրության 30-50% աճով: Այսպիսի իրավիճակը գնահատվում է որպես ֆիզիոլոգիական հիպերթիրեոզ, որը զարգանում է վահանաձև գեղձի գերխթանման արդյունքում:
Հղիության առաջին կեսին նրա ամենաուժեղ խթանիչ համարվում է խորիոնային գոնադոտրոպինը, որն իր կառուցվածքով (α-ենթամիավորների ընդհանուր քանակով) նման է թիրեոտրոպ հորմոնին (TSH):
Թիրոիդային հորմոնների արտադրության աճը, ըստ հակադարձ բացասական կապի մեխանիզմի, առաջացնում է թիրեոտրոպի արտադրման ընկճում, որը հղիության առաջին կեսին սովորաբար նվազում է կանանց 20%-ի դեպքում: Այնինչ բազմապտուղ հղիության դեպքում, երբ արյան մեջ ԽԳ-ի մակարդակն զգալի բարձր է լինում, թիրեոտրոպ հորմոնի արտադրությունն ընկճվում է 100% դեպքերում: Հետագայում՝ հղիության ժամկետների մեծացման հետ մեկտեղ, տեղի է ունենում ԽԳ-ի մակարդակի նվազում, և ԹՏՀ-ն վերադառնում է սովորական ցուցանիշների այն դեպքում, երբ թիրոիդային հորմոնների մակարդակը բարձր է մնում ամբողջ հիության ընթացքում և նվազում է անմիջապես ծննդաբերությունից առաջ:
Հղիության ֆոնի վրա տեղի է ունենում նաև էստրոգեն հորմոնների աճ, որոնք խթանում են թիրոքսին կապող գլոբուլինի (TSG) արտադրությունը լյարդում: Վերջինս կապվում է սիալաթթուների հետ, արդյունքում հղիության 18-20-րդ շաբաթներում TSG մակարդակը կրկնապատկվում է և հանգեցնում է լրացուցիչ քանակությամբ ազատ թիրոքսինների կապակցման: T3 և T4 հորմոնների մակարդակը գրեթե բոլոր հղի կանանց դեպքում բարձրանում է, բայց դրանց ազատ ֆրակցիաները մնում են անփոփոխ: Այս փոփոխությունները բացատրվում են այն բանով, որ պտուղընկերքային համակարգն իր մոտ է գրավում վահանաձև գեղձի հորմոնների մի մասին և յոդին:
Հղիության ընթացքում աստիճանաբար մեծացող լյարդային արյան հոսքը հանգեցնում է մեզի հետ յոդի արտազատման մեծացման:
Հղիության ընթացքում տեղի է ունենում մակերիկամների կեղևային նյութի ֆունկցիոնալ ակտիվության բարձրացում, որը պայմանավորված է ընկերքային ադրենոկորտիկոտրոպ հորմոնի (ԱԿՏՀ) և կորտիզոնանման նյութի սեկրեցիայով: Բարձրանում է ընդհանուր (ազատ և կապված) կորտիկոստերոիդների քանակը: Սա պայմանավորվում է այն բանով, որ էստրոգենների ազդեցության ներքո լյարդում ակտիվանում է կորտիկոստերոիդներ կապող գլոբուլինների սինթեզը, ինչն էլ հանգեցնում է դրանց մշակման նվազման: Բացի այդ, հղիության ընթացքում մեծանում է նաև ԱԿՏՀ արդեն գոյություն ունեցող մակարդակի հանդեպ զգայունությունը: Ընկերքն անցանելի է ինչպես մայրական, այնպես էլ պտղային ծագման կորտիկոստերիդների համար: