Հակամյուլլերյան հորմոն
Հակամյուլլերյան հորմոնը (АМГ, АМН, anti-Mullerian hormone) առանձնահատուկ նյութ է, որն առկա է և՛ կնոջ, և՛ տղամարդու օրգանիզմում։ Այն ակտիվորեն ազդում է հյուսվածքների ձևավորման և աճի վրա՝ մեծ դեր խաղալով նաև վերարտադրողական կարողությունների հարցում։
Կարևոր դեր է խաղում կնոջ օրգանիզմում հատկապես վերարտադրողական տարիքում․ խանգարումը խոչընդոտում է հղիանալուն։
Կարդացեք՝ Հորմոնային անպտղություն
Հորմոնի դերը
Հակամյուլլերյան հորմոնը տղամարդու օրգանիզմում
Այս հորմոնը տղամարդու օրգանիզմում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում սաղմնային և սեռական հասունացման շրջանում։ Այն սկսում է ձևավորվել դեռևս սաղմնային շրջանում և պատասխանատու է մյուլլերյան ծորանների՝ ապագա սեռական օրգանների սաղմնային գոյացությունների հետզարգացման համար։
Ճիշտ զարգացման դեպքում տղամարդու օրգանիզմում կազմավորվում են սեռական լիարժեք օրգաններ։ Ծնվելուց հետո ՀՄՀ-ն սինթեզվում է արական ձվարանների կողմից մինչև սեռական հասունացումը։ Սեռական հասունության շրջանում հորմոնի սինթեզը նվազում է և պահպանվում շատ ցածր մակարդակում։
Սինթեզի խանգարումը տղամարդկանց դեպքում առաջացնում է կրիպտորխիզմ, վերարտադրողական ֆունկցիայի խանգարում, ինչը երբեմն առաջացնում է կեղծ հերմաֆրոդիտիզմ։ Ցածր հորմոնային ֆոնի պայմաններում ի հայտ է գալիս անպտղություն՝ անկախ այն հանգամանքից, որ ձվարանները բնականոն են ձևավորված։
Հակամյուլլերյան հորմոնը կնոջ օրգանիզմում
Կնոջ օրգանիզմում ՀՄՀ-ն արտադրվում է ներարգանդային շրջանում և մինչև սեռական ֆունկցիայի մարումը, սակայն մինչև սեռական հասունացումը հորմոնի մակարդակը ցածր է լինում և բարձրանում է սեռական հասունացումն սկսելուն պես։
Ցածր ՀՄՀ-ն կնոջ դեպքում առաջացնում է վերարտադրողական ֆունկցիայի և ֆոլիկուլների հասունացման խանգարում, ինչը հանգեցնում է անպտղության։
ՀՄՀ-ի հետազոտություն
Արյան մեջ ՀՄՀ-ի մակարդակի որոշման հետազոտությունն անցկացնում են, որպեսզի՝
- գնահատեն տղամարդու սեռական ֆունկցիան,
- որոշեն վաղաժամ սեռական հասունացումը կամ դրա ուշացումը,
- հայտնաբերեն ձվարանների ուռուցքները կամ պոլիկիստոզը,
- հասկանան կնոջ անպտղության պատճառը։
ՀՄՀ-ի մակարդակի փոփոխությունը կարող է վկայել կնոջ վաղ դաշտանադադարի մասին։
Կարդացեք՝ Վեց նշան, որոնք վկայում են մենոպաուզայի մասին
Ցուցումներ հետազոտության համար
Հետազոտության անցկացման հիմնական ցուցումներ են՝
- վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացման փաստը,
- սեռի որոշումը հերմաֆրոդիտիզմի դեպքում,
- կրիպտորխիզմի և մոնորխիզմի ախտորոշման հաստատումը,
- տղամարդու պտղաբերության գնահատականը (բեղմնավորելու կարողությունը),
- կնոջ պտղաբերության գնահատականը,
- վաղ դաշտանադադարի փաստը,
- ձվարանների քաղցկեղ,
- անհայտ ծագման անպտղություն, ԱՄԲ-ի անհաջող փորձեր։
Կանանց և տղամարդկանց օրգանիզմում ՀՄՀ-ի մակարդակը կախված է տարիքից։
Տղամարդկանց դեպքում՝
- մինչև 15 օրական՝ 32 ± 8,3 նգ/մլ
- մինչև 1 տարեկան՝ 65,1 ± 13,0 նգ/մլ
- մինչև 4 տարեկան՝ 69,9 ± 9,2 նգ/մլ
- մինչև 7 տարեկան՝ 61,3 ± 8,4 նգ/մլ
- մինչև 10 տարեկան՝ 47,0 ± 6,6 նգ/մլ
- սեռական հասունացման սկզբում՝ 34,9 ± 3,7 նգ/մլ
- սեռական հասունացման ավարտին՝ 6,7 ± 1,9 նգ/մլ
- մեծահասակ տղամարդիկ՝ 4,2 ± 0,6 նգ/մլ
Կանանց դեպքում՝
- մինչև 9 տարեկան՝ 3,5 ± 1,8 նգ/մլ,
- սեռական հասունացման սկզբում և վերարտադրողական ամբողջ շրջանում՝ 2,1 - 7,3 նգ/մլ։
Շեղումներ
ՀՄՀ-ի մակարդակը բարձրանում է հետևյալ դեպքերում՝
- ձվարանների ուռուցքներ,
- սեռական հասունացման հապաղում,
- սեռական հորմոնների ընկալիչների ապարատի արատներ,
- կրիպտորխիզմ,
- անպտղություն,
- ձվարանների պոլիկիստոզ։
ՀՄՀ-ի մակարդակի նվազում է նկատվում հետևյալ դեպքերում՝
- ճարպակալում վերարտադրման շրջանում,
- դաշտանադադար,
- սեռական օրգանների թերզարգացում,
- ձվարանի բացակայություն,
- վաղաժամ սեռական հասունացում։
Շտկման միջոցները
Հակամյուլլերյան հորմոնը դեռևս ուսումնասիրվում է, և նրա շտկման մեթոդները դեռևս մշակվում են։ Հորմոնային թերապիայի ժամանակ հորմոնի արտադրությունը խթանելու որոշակի փորձ կա։