Վեց նշան, որոնք վկայում են մենոպաուզայի մասին

08.04.201413251

Մենոպաուզան՝ դաշտանադադարը, կնոջ կյանքի բնականոն փուլերից մեկն է: Սա այն ժամանակաշրջանն է, երբ դուք «վերջապես» հրաժեշտ եք տալիս ամսեկաններին: Փոփոխությունների այս շրջանը, որ հաճախ կոչում են մենոպաուզալ անցում կամ պերիմենոպաուզա, կարող է սկսվել ձեր վերջին մենստրուացիայից դեռևս տարիներ առաջ և դրանից հետո շարունակվել մեկ տարի: Երբ մեկ ամբողջ տարի դաշտան չտեսնեք, կարող եք ասել, որ անցել եք մենոպաուզայի փուլը: Մենոպաուզայի համար չկա հստակ տարիք. որոշ կանանց վերջին մենստրուացիան լինում է 40 տարեկանում, մյուսներինը՝ 50-ում: Այսպիսով, ի՞նչն է վկայում, որ դուք մենոպաուզայի փուլում եք:

Անկանոն դաշտան

Նկատելի առաջին նշանը, թերևս, ամսեկանների անկանոնությունն է: Այն կարող է կարճատև լինել կամ երկարատև (մեկ շաբաթից ավել), առատ կամ սակավարյուն: Այս փոփոխությունները բնական են, սակայն, այնուամենայնիվ, պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Ջերմային առհոսք

Տարածված գանգատներից է ջերմության հանկարծակի զգացումը մարմնի վերին հատվածներում կամ ամբողջ մարմնով մեկ: Դեմքը և պարանոցը կարմրում են, կրծքավանդակի, մեջքի, թևերի հատվածում կարմիր կետեր են ի հայտ գալիս, առատ քրտնարտադրություն է սկսվում և սառը դող: Ջերմային առհոսքն ընդհանուր առմամբ տևում է 30 վայրկյանից 10 րոպե:

Քնի խանգարումներ 

Դժվարանում եք քնել կամ էլ վաղ եք արթնանում:

Կարդացեք՝ Կանայք, հորմոնները և քնի խանգարումները

Անկայուն տրամադրություն

Մենոպաուզայի ընթացքում հնարավոր է, որ ավելի քմահաճ և զգայուն դառնաք:

Կարդացեք՝ Մենոպաուզայի և դեպրեսիայի կապը

Փոփոխություններ սեռական կյանքում

Սեքսի նկատմամբ հետաքրքրությունը կարող է նվազել կամ անհետանալ: Այս շրջանում այլևս հնարավոր չէ հղիանալ: Պետք է հիշել, սակայն, որ կա սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու ռիսկ:

Ֆիզիոլոգիական փոփոխություններ

Սեռական օրգանների հատվածը չորանում է և բարակում՝ էստրոգենի մակարդակի փոփոխություններով պայմանավորված: Այս փաստը կարող է ավելի նվազեցնել սեռական ցանկությունը, քանի որ հարաբերության ժամանակ անհարմարավետության զգացում է առաջացնում: Դա նաև մեծացնում է հեշտոցի կամ միզուղիների հիվանդություններով վարակվելու ռիսկը: Ֆիզիոլոգիական փոփոխությունները ներառում են նաև մկանային զանգվածի և ճարպի ավելացում, հոդացավեր և մկանային ցավեր:

Ոչ բոլոր կանայք են նմանատիպ նշաններ ունենում. ոմանց դեպքում դրանք ուժեղ են դրսևորվում, այլոց դեպքում՝ շատ թույլ: Ախտանշանները պայմանավորված են ձվարաններում արտադրվող իգական հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի փոփոխվող մակարդակներով: