Կանայք, հորմոնները և քնի խանգարումները

26.08.201412656

Կանայք հաճախ են գանգատվում քնի տարաբնույթ խանգարումներից՝ անքնություն, ցերեկային քնկոտություն և այլն: Հնարավոր պատճառներից մեկը կարող է հորմոնային ֆոնը լինել: Նրա ցանկացած փոփոխություն անդրադառնում է գիշերային հանգստի վրա: Քնի պակասն էլ իր հերթին ազդում է հորմոնների մակարդակի վրա:

Այս փոխկախվածությունն արատավոր շրջան է ստեղծում, որից դուրս գալն այնքան էլ հեշտ չէ: Այդ պատճառով, երբ հորմոնների քանակն արյան մեջ կտրուկ բարձրանում է կամ էլ զգալիորեն ընկնում, օրինակ դաշտանային ցիկլի որոշակի փուլում, հղիության ժամանակ կամ հղիությունից հետո և հատկապես դաշտանադադարի (մենոպաուզա) շրջանում, կանայք առավել շատ են ենթարկվում քնի խանգարումների:

Ինչպես է դաշտանադադարն անդրադառնում քնի որակի վրա

Կլիմաքսի մոտենալուն զուգահեռ հորմոնային փոփոխությունները կարող են հանգեցնել քնի այնպիսի լուրջ խանգարումների, որոնց կինը երբևէ չի բախվել իր ապրած տարիների ընթացքում: Մեծ կապ կա հորմոնների մակարդակի անկման, հատկապես էստրոգենի, և քնի որակի միջև: Խնդիրը բարդանում է նաև այն հանգամանքով, որ այս քիմիական նյութի քանակն աստիճանաբար նվազում է դաշտանադադարն սկսվելուց դեռևս ամիսներ առաջ: Դյուրագրգռությունը և այլ նախանշանները կարող են ի հայտ գալ և անհետանալ կլիմաքսից գրեթե 10 տարի առաջ:

Այս ոլորտում հետազոտություն կատարողները պարզել են, որ կանանց պարագայում, ովքեր ջերմություն են զգում նախադաշտանադադարի ընթացքում (դաշտանադադարին նախորդող տարիներին, երբ հորմոնների մակարդակն աստիճանաբար նվազում է), ավելի մեծ է քնի խանգարումների առաջացման հավանականությունը: Կանանց մոտ 2/3-րդն անսպասելի ջերմություն է զգում մարմնում մինչև կլիմաքսի սկսվելը, ընդ որում՝ շատերը գանգատվում են քնի խանգարումներից:

Գիտական փորձարկումները վկայում են, որ կանայք հաճախ են ջերմային առհոսման պատճառով արթնանում գիշերվա առաջին կեսին: Խորը քնի ժամանակ այս նշանները չեն կարող խանգարել քունը: Երբ իսկապես մոտենաք կլիմաքսի շրջանին, երբ մեկ տարի դաշտանը բացակայում է, ձեր քնի ռեժիմը կվերադառնա իր բնականոն ընթացքին, չնայած որ նախանշանները կշարունակվեն դրսևորվել:

Ինչպես հաղթահարել քնի խանգարումները

Ի՞նչ կարող եք անել: Առաջին, խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի պարզեք քանի հետ կապված խնդիրների իրական պատճառը: Քնի պակասը, ինչպես նաև լուսնոտությունը կարող են մի շարք գործոններով պայմանավորված լինել, իսկ հորմոնների մակարդակը հնարավոր պատճառներից միայն մեկն է: Եթե առհասարակ չեք կարողանում քնել, ապա հավանական է, որ ձեր խնդիրն ամենևին էլ պայմանավորված չէ մենոպաուզայով:

Խնդրի լուծման տարբերակներից մեկը հորմոնների քանակն է: Քնի խանգարումները, որոնք պայմանավորված են հենց քիմիական նյութերի ոչ բնականոն արտազատմամբ, հեշտությամբ շտկվում են էստրոգենի ցածր չափաբաժին պարունակող պատրաստուկներով (էստրոգենային թերապիա):

Խորհուրդ է տրվում նաև օգտվել յոգայից և մի շարք տեխնիկաներից, որոնք օգնում են հանդարտեցնել միտքը, կարգավորել շնչառությունը և ուղղորդել երևակայությունը: Վերջիններս զերծ են կողմնակի ազդեցություններից և օգտակար են ուղեղի համար:

Կարող եք մի շարք քայլեր ձեռնարկել ջերմային առհոսքը նվազեցնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է սենյակում խոնավ ջերմաստիճան պահպանել, ինչպես նաև անկողնում մի քանի տեսակի ծածկոց ունենալ, որոնք ջերմացնում են տարբեր ինտենսիվությամբ: Կինը գիշերվա ընթացքում ինքը կորոշի ավելի տաք ծածկվի, թե մի բարակ սավան թողնի: