Որդանման ելունի բորբոքումը հղիության ընթացքում․ ինչպե՞ս է հեռացվում

Կարդացեք՝ Որդանման ելունի բորբոքումը հղիության ընթացքում
Ցավոք որդանման ելունի բորբոքման դեպքում բուժումը միայն վիրահատական ճանապարհով հեռացումն է: Այսօր հնարավոր է հղի կանանց ելունի հեռացման վիրահատությունը կատարել ավանդական մեթոդով կամ որովայնի վրա արված հատուկ անցքերի միջոցով (լապարասկոպիա):
Սովորական վիրահատության ժամանակ կատարվում է կտրվածք ելունի տեղակայման հատվածում: Կտրվածքի երկարությունը մոտ 10 սմ է: Վիրաբույժը զննում է ելունը և որվայնային խոռոչը, որպեսզի բացառի այլ հիվանդությունները: Այնուհետև ելունը հեռացվում է, իսկ թարախակույտի (աբսցեսի) դեպքում այն դրենաժի միջոցով չորացվում է: Կտրվածքի վրա կարեր են դրվում, որոնք հեռացվում են հետվիրահատական շրջանում՝ մեկ շաբաթ անց:
Ելունի հեռացման նոր մեթոդ է համարվում օպտիկական համակարգի կիրառումը: Լապարասկոպիայի դեպքում բժիշկը մեծ կտրվածք անելու փոխարեն փոքր անցքի միջոցով է հեռացնում ելունը: Այնպես որ՝ բուժման այս մեթոդի առավելությունների հարցը վիճարկելի չէ, հետվիրահատական ցավերը նույնպես կրճատվում են, և հիվադներն ավելի արագ են ապաքինվում:
Բացի այդ, լապարասկոպիան ապահովում է հիանալի կոսմետիկ ազդեցություն, ինչը շատ կանանց համար պակաս կարևոր գործոն չէ: Լապարասկոպիան թույլ է տալիս առավել հստակ ախտորոշում իրականացնել այն դեպքում, երբ բժիշկը կասկածում է որդանման ելունի բորբոքման հարցում: Փոքրիկի սպասող մայրիկների համար ելունի բորբոքման բուժման լավագույն տարբերակը լապարասկոպիան է:
Ինպե՞ս է անցնում հղի կանանց հետվիրահատական շրջանը
Հղի կանանց հետվիրահատական շրջանը պահանջում է մասնագետի հսկողություն, բարդությունների կանխարգելում և համապատասխան թերապիա: Հղիության դեպքում վիրահատությունից հետո որովայնին սառը թրջոցներ չեն դրվում, որպեսզի հղիության բնականոն ընթացքը չխաթարվի։ Հղի կանանց համար նախատեսված են նաև աղիների աշխատանքը արագ կարգավորող հատուկ միջոցներ:
Հետվիրահատական շրջանում հակաբիոտիկների ընդունումը պարտադիր պայման է, բայց այն պետք է ընտրվի մասնագետի կողմից՝ հաշվի առնելով կնոջ վիճակը և հղիության ժամկետը: Նաև իրականացվում են վաղաժամ ծննդաբերության և հղիության ընդհատման կանխարգելիչ միջոցներ, այդ պատճառով խորհուրդ է տրվում պահել անկողնային ռեժիմ, ճիշտ սնվել, վիտամիններ ընդունել և կատարել բժշկի բոլոր հրահանգները: Հաճախ նշանակվում է հղիությանը աջակցող հատուկ բուժում՝ հանգստացնող միջոցների հետ մեկտեղ: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հիվանդն ինքնաբերաբար գրանցվում է հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգի գոտում հայտնված կանանց ցուցակում:
Որդանման ելունի վիրահատությունից հետո կատարվում է նաև պտղի մանրազնին հետազոտություն և վերահսկում: Բժիշկներն ուշադիր հետևում են պտղի զարգացմանը և ընկերքի վիճակին: Եթե հայտնաբերվում են որոշակի խանգարումներ, կնոջը տեղափոխում են հիվանդանոց համապատասխան բուժում ստանալու:
Եթե ծննդաբերությունն սկսվում է վիրահատությունից մի քանի օր անց, պետք է ծնունդն ընդունել խիստ ուշադրությամբ և զգուշությամբ: Հետևում են, որպեսզի կարերը չբացվեն, կատարում են ամբողջական ցավազրկում: Ծննդաբերության ամբողջ ընթացքում կատարվում է պտղի ներարգանդային թթվածնային անբավարարության կանխարգելում: Վիրահատության կարերի պատռվելուց խուսափելու համար կատարվում է շեքի հատվածի կտրվածք, որպեսզի պտուղն ավելի արագ կարողանա անցնել ծննդաբերական ուղով:
Բարդություններից, հետծննդաբերական արյունահոսություններից և այլ անոմալիաներից խուսափելու համար ծննդաբերությունը պետք է անցկացվի մասնագետների աչալուրջ հսկողությամբ՝ անկախ այն բանից, թե որքան ժամանակ է անցել վիրահատությունից հետո:
Ցանկացած դեպքում, եթե նույնիսկ վիրահատվել եք, պետք չէ անհանգստանալ փոքրիկի առողջության մասին: Հիշեք, որ նրա համար շատ կարևոր է մայրիկի հուզական վիճակը, իսկ մնացածի մասին հոգ կտանեն ծնունդն ընդունող բժիշկները: