Ներարգանդային միջնորմ
Ներարգանդային միջնորմն առաջանում է պտղի ներարգանդային զարգացման ընթացքում արգանդի ախտաբանական ձևավորման հետևանքով:
Պատճառները
Պտղի արգանդը ձևավորվում է երկու ծորանների միավորումից, որոնք գիտությանը հայտնի են մյուլլերյան ծորաններ անվամբ: Վերջիններիս միացումից հետո ձևավորվում է երկու խոռոչ և նրանց միջև միջնորմ, որը հետագայում հետզհետե ներծծվում է: Սա բնականոն է համարվում: Ներարգանդային զարգացման խանգարման դեպքում այս միջնորմը չի անհետանում, այլ մասամբ կամ ամբողջովին պահպանվում է արգանդում:
Ներարգանդային միջնորմ տեսակները
Տարբերում են ամբողջական և մասնակի միջնորմ: Տարբերությունն այն է, որ ամբողջական միջնորմը ձգվում է ամբողջ արգանդով մեկ՝ հատակից մինչև պարանոց, իսկ մասնակին զբաղեցնում է արգանդի մի մասը միայն (1-4 սմ): Որոշ դեպքերում միջնորմը չի ավարտվում արգանդի պարանոցի հատվածում և հասնում է մինչև հեշտոց: Միջնապատերը տարբերվում են նաև հաստությամբ: Սովորաբար հենց ամբողջական միջնապատն է դառնում անպտղության և այլ խնդիրների պատճառ:
Ախտանշանները
Արգանդի միջնորմի առկայության մասին վկայող ոչ մի ախտանշան չկա: Այս խանգարումը հազվադեպ է հանդիպում (ընդհանուր բնակչության մոտ 2%-ը) և զգալ է տալիս այնպիսի նշաններով, ինչիսիք են՝
- առաջնային ամենորեան
- դիսմենորեան
- անպտղությունը
- սովորութային վիժումը
- վաղաժամ ծննդաբերությունը
Հղիությունը կորցնելու վտանգն զգալիորեն մեծ է առաջին եռամսյակում: Այդ շրջանում վիժման հավանականությունը 30-60% է, իսկ երկրորդ եռամսյակում վտանգը նվազում է 5%-ով: Պտղի կորստի պատճառ կարող է դառնալ սաղմի ամրացումը միջնորմին, որն անկարող է փոխարինել էնդոմետրիումին՝ արգանդի լորձաթաղանթին, կամ էլ իսթմիկոցերվիկալային անբավարարությունը:
Արգանդի միջնորմը կարող է պտղի սխալ դիրքի և արնահոսության պատճառ դառնալ: Բացասական նշանների արտահայտվածությունը կախված է միջնորմի հաստությունից և չափսից: Օրինակ՝ հնարավոր է, որ հղիության վաղ փուլերում միջնորմը հայտնաբերվի ՈւՁՀ-ի միջոցով և հաջորդող հետազոտությունների ընթացքում կորչի: Միգուցե ենթադրեն, որ միջնապատը կամ շատ բարակ է եղել և պատռվել է արգանդի և պտղի աճի արդյունքում, կամ էլ կիպ կպած է եղել արգանդի պատին: Մեկ այլ դեպքում հնարվոր է, որ միջնապատը բավականին հաստ լինի: Արգանդի ծավալն այս պարագայում սովորականից փոքր կլինի հղիության ամբողջ ընթացքում: Ակնհայտ է, որ դա կազդի պտղի աճի և զարգացման վրա, ինչպես նաև կխաթարի հղիության ֆիզիոլոգիական ընթացքը:
Ախտորոշումը
Հիստերոսալպինգոգրաֆիա: Այս մեթոդի ճշգրտությունը մոտ 50% է, քանի որ նրա արդյունքների հիման վրա դժվար է տարբերել երկեղջյուր արգանդը միջնորմով արգանդից, քանի որ լուսանկարի վրա տեսանելի է միայն ներքին խոռոչը:
Ուլտրաձայնային հետազոտություն: Ունի նույն թերությունը, ինչ հիստերոսալպինգոգրաֆիան, սակայն ժամանակակից սարքի միջոցով եռաչափ հետազոտության ճշգրտությունն աճում է մինչև 95%:
Հիդրոսոնոգրաֆիա: Ակնհայտ լավ արդյունք է տալիս, քան սովորական ՈւՁՀ-ն:
Հիստերասկոպիա և լապարասկոպիա: Այս երկու մեթոդների համատեղումն անհրաժեշտ է արգանդի արատի առավել ամբողջական պակերն ստանալու համար, ինչը սովորաբար թույլ է տալիս ճիշտ ախտորոշել:
Մագնիսառեզոնանսային կամ համակարգչային տոմոգրաֆիա: Հարուստ տեղեկություններ տրամադրող մեթոդ է, և միակ թերությունը թանկարժեքությունն է:
Միջնորմի հեռացում
Հաշվի առնելով, թե ինչպիսի վատ հետևանքներ կարող է հղիության վրա թողնել ամբողջական միջնորմը, մասնագետների մեծամասնությունը խորհուրդ է տալիս վիրահատությամբ հեռացնել այն հղիության պլանավորումից առաջ: Միևնույն ժամանակ բազմաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս չդիպչել մասնակի միջնորմին, քանի որ ցուցում չկա դրա համար, և 50%-ի դեպքում հղիությունն սկսվում և հաջողությամբ զարգանում է առանց վիրահատական միջամտության:
Արգանդի միջնորմի վիրահատական հեռացումից հետո թույլատրվում է հղիություն պլանավորել 3-4 ամիս անց՝ կախված արգանդի լորձաթաղանթի վիճակից: Այդ միջամտությունը համարվում է փոքրինվազիվային և բազմակիորեն մեծացնում է հղիանալու և հղիության հաջող ընթացքի հավանականությունը, եթե խնդիրը հենց միջնապատն է եղել, և չեն եղել այլ խոչընդոտներ:
Հնարավոր է, որ 2-3 ամիս անց ստուգիչ հիստերոսկոպիա անցկացվի վիրահատության արդյունավետությունը գնահատելու նպատակով: Երբեմն միջնորմը հայտնաբերվում է պլանային ՈւՁՀ-ի ընթացքում: Այդ պարագայում բժիշկները նախընտրում են ակտիվորեն հետևել հղիության ընթացքին: Հնարավոր չէ միջնորմը հեռացնել հղիության ընթացքում: Արդյունքում այն հաճախ դառնում է կեսարյան հատման ցուցում: