Ֆոլիկուլամետրիա. ինչ մեթոդ է, երբ դիմել, ինչու

Ֆոլիկուլամետրիա. ինչ մեթոդ է, երբ դիմել, ինչու

Այսօր բազմաթիվ մեթոդներ կան, որոնք թույլ են տալիս հետևել ձվազատմանը: Դրանցից մեկն էլ ֆոլիկուլամետրիան է: Այն ֆոլիկուլների աճի և հետագայում դեղին մարմնի փոխարկման ուլտրաձայնային մոնիթորինգ է: Անհրաժեշտության դեպքում դաշտանային ցիկլի յուրաքանչյուր փուլում ուսումնասիրվում է նաև արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի հաստությունը:

Ձվարանների ուլտրաձայնային մոնիթորինգի են դիմում անկանոն դաշտանային ցիկլի դեպքում հղիանալուն նախապատրաստվելիս, որպեսզի որոշեն ձվազատման օրը, ինչպես նաև դիմում են տարատեսակ հորմոնային խանգարումների դեպքում, որոնք թույլ չեն տալիս այլ մեթոդներ կիրառել ձվազատումը որոշելու համար: Բացի այդ ֆոլիկուլամետրիան միշտ կիրառվում է ձվազատման խթանման և արտարգանդային բեղմնավորման դեպքում:

Ե՞րբ սկսել ֆոլիկուլամետրիան

Խորհուրդ է տրվում ՈւՁՀ-ի առաջին այցը կատարել դաշտանային ցիկլի 8-10-րդ օրը (28 օր տևողությամբ ցիկլի պարագայում): Ինչո՞ւ հենց այս օրերին: Ի՞նչ անեն նրանք, ում ցիկլն ավելի կարճ է կամ ավելի երկար:

Ցիկլի առաջին օրերին ֆոլիկուլները նոր-նոր են սկսում աճել, և նրանցից ամենախոշորներն ունենում են 2մմ տրամագիծ: Այս փուլում հնարավոր չէ որոշել ձվազատում լինելու է, թե ոչ, սակայն հնարավոր է հայտնաբերել ֆոլիկուլյար կիստան՝ ձվազատման չենթարկված ֆոլիկուլը, որը պահպանվել է նախորդ ցիկլից և շարունակել է աճել: Եթե առաջնային ՈւՁՀ-ն կատարվում է անմիջապես ձվազատման նախօրեին, ապա հնարավոր է կիստան հեշտությամբ շփոթել գերիշխող ֆոլիկուլի հետ:

Ինչպես հայտնի է, ցիկլի տևողությունը փոփոխվում է առաջին փուլի հաշվին, ընդ որում՝ երկրորդի տևողությունը մշտապես անփոփոխ է մնում և տևում 13-14 օր: Սրանով պայմանավորված՝ կանոնավոր, սակայն երկարատև կամ կարճատև ցիկլ ունեցող կանայք առաջին ՈւՁՀ-ի պետք է այցելեն ոչ թե ցիկլի 8-10-րդ օրը, այլ ենթադրյալ ձվազատումից մոտավորապես 4-6 օր առաջ: Այցերի քանակը և պարբերականությունը սահմանում է բժիշկը:

Եթե ցիկլն անկանոն է և երկարատև, ֆոլիկուլամետրիան հարկավոր է սկսել դաշատանի ավարտից 3-5 օր անց: Բժիշկը ոչ միայն ֆոլիկուլների մոնիթորինգ կանցկացնի, այլև արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի: Դա թույլ կտա ճշգրիտ ախտորոշել և որոշել ուշացման պատճառը: Այս դեպքում այցերի քանակը և պարբերականությունը անհատական բնույթ կկրի:

Ուլտրաձայնային մոնիթորինգի դասական պատկերը

Եթե կողմնորոշվենք դասական ցիկլով, ապա 8-10-րդ օրն արդեն իսկ հնարավոր է տեսնել մեկ (2 և ավելը՝ հազվադեպ) գերիշխող ֆոլիկուլ՝ 12-15մմ տրամագծով: Հետագայում այն շարունակում է մեծանալ օրական 2-3մմ-ով և ձվազատման պահին կարող է հասնել 18-25մմ-ի: Արգանդի լորձաթաղանթն այդ պահին եռաշերտ է և 10-12մմ հաստությամբ: Այնուհետև լյուտեինիզացնող հորմոն է արտազատվում, և ձվաբջիջը փոքր քանակությամբ ֆոլիկուլային հեղուկի հետ անցնում է դեպի որովայնի ստորին հատված: Նկարագրված պրոցեսն ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում ենք դիտել այս տեսանյութը:

Կատարված ձվազատման մասին է վկայում գերիշխող ֆոլիկուլի անհետացումը կամ փոքրացումը և պատերի դեֆորմացիան, ինչպես նաև հեղուկի առկայությունը դուգլասյան տարածությունում: Ավելի ուշ՝ ցիկլի 15-18-րդ օրը, ձվազատման տեղում հնարավոր է տեսնել 15-20 մմ տրամագծով դեղին մարմինը՝ սխալ ձևով և անհարթ եզրերով: Օրեցօր նրա չափերը փոքրանում են և դաշտանի նախօրեին սովորաբար դժվար է նկատվում կամ էլ ընդհանրապես չի երևում: Արգանդի լորձաթաղանթը եռաշերտից վերափոխվում է համասեռի:

Ձվազատման բացակայության հնարավոր տարբերակները

Եթե գերիշխող ֆոլիկուլն սկզբում աճում, սակայն հետո կանգ է առնում (պերսիստենցիա) կամ հետ զարգանում (ատրեզիա), նշանակում է, որ ձվազատում չի եղել: Արգանդի հետին տարածությունում բացակայում է ազատ հեղուկը, չկա պրոգեստերոն արտազատող դեղին մարմին, ուստի արյան մեջ այդ հորմոնի մակարդակը կհամապատասխանի ցիկլի առաջին փուլին:

Երբեմն պատահում է, որ ձվաբջիջը դուրս չի գալիս լյուտեինիզացնող հորմոնի վաղաժամ արտազատման հետևանքով: Այդ դեպքում ֆոլիկուլը «պայթում» է, իսկ արյան մեջ պրոգեստերոնի մակարդակը համապատասխանում է ցիկլի երկրորդ փուլին: Այս երևույթը կոչվում է ֆոլիկուլի լյուտեինիզացիա: Հավանական է, որ ոչ մի ֆոլիկուլ չհասնի գերիշխող չափերի: Այսպիսի ցիկլը ևս ձվազատման բացակայությամբ կուղեկցվի:

Այսպիսով, ֆոլիկուլամետրիան չի փոխարինում հիմքային ջերմաստիճանի չափմանը, հորմոնային հետազոտություններին կամ ձվազատման թրթշման թեստերին, ընդհակառակը, նրանց հետ միասին թույլ է տալիս ստանալ կնոջ վերարտադրողական օրգաններում ընթացող պրոցեսների ամբողջական պատկերը: Ժամանակին կատարված ճիշտ ախտորոշումը և արդյունավետ բուժումը ևս մեկ քայլ են դառնում մայրանալու ճանապարհին:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում