Ձվազատման խթանում

Ձվազատման խթանում

Ձվազատման խթանումը կանանց անպտղության բուժման ամենատարածված միջոցներից մեկն է:

Եթե ունեք «ձվազատման բացակայություն (անօվուլյացիա)» ախտորոշումը

Պետք է հասկանալ, որ ձվազատման բացակայությունը չի ախտորոշվում՝ հիմնվելով միայն հիմքային ջերմաստիճանի գրաֆիկի կամ մեկանգամյա ՈւՁՀ-ի արդյունքների վրա: Նվազագույնն անհրաժեշտ է մի քանի ցիկլ (3-4) շարունակ ՈւՁՀ կատարել:

Խթանում կլոստիլբեգիտով

Խթանման նշանակումից առաջ բժիշկը պետք է նախնական զննում անցկացնի, որի ժամանակ պարզ են դառնում խթանման հակացուցումները, որոշվում է նախնական թերապիայի անցկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ընտրվում է խթանման իրականացման սխեման և դեղամիջոցների չափաբաժինը:

Պարտադիր հետազոտություններ

1. Արգանդափողերի անցանելության ստուգում (հիստերոսալպինգոգրաֆիա, էխոհիստերոսալպինգոսկոպիա, լապարասկոպիա): Փողերի անանցանելության պարագայում ձվազատման խթանումն իմաստ չի ունենա:

2. Սպերմագրամա: Այս հետազոտությունը բժշկին հնարավորություն է տալիս պարզել արդյոք սերմնաբջիջը պիտանի է բնական բեղմնավորման համար, բուժում պահանջվում է նրա որակի բարձրացման համար, թե անհրաժեշտ է արհեստական սերմնավորում կամ ԱՄԲ կատարել:

3. Հորմոնների հետազոտություն: Սա կատարվում է ցիկլի սկզբում:

Ֆոլիկուլախթանիչ հորմոն: Հանձնում են ցիկլի 3-5 րդ օրը: Ըստ ֆոլիկուլախթանիչ հորմոնի մակարդակի՝ բժիշկն ընտրում է այն դեղամիջոցները, որոնցով կատարվում է խթանումը: Այս հորմոնը նաև ձվարանների պահեստի ցուցիչներից մեկն է:

Լյուտեինիզացնող հորմոն: Հանձնում են ֆոլիկուլախթանիչ հորմոնի հետ ցիկլի 3-5-րդ օրը: Երբ ԼՀ-ի մակարդակը ցածր է, միայն ֆոլիկուլախթանիչ հորմոն պարունակող դեղամիջոցների կիրառումը հակացուցված է:

Պրոլակտին: Հանձնում են ցիկլի 2-5 օրը կամ ցանկացած օր:

Էստրադիոլ: Հանձնում են ցիկլի 3-8-րդ օրը:

Անդրոգեններ (տեստոստերոն, 17-հիդրոքսիպրոգեստերոն):

Վահանագեղձի հորմոններ: Հանձնում են ցիկլի ցանկացած օր:

4. Ուլտրաձայնային հետազոտություն: Կատարվում է ցիկլի ընթացքում երկու անգամ, առաջին անգամ՝ մինչև ցիկլի 7-րդ օրը, երկրորդ անգամ՝ ցիկլի 20-23-րդ օրը (28-30 օր տևողությամբ ցիկլի պարագայում): Այս հետազոտության շնորհիվ բացահայտվում են պաթոլոգիաները և վերացվում նախքան ձվազատման խթանումը:

Հավելյալ հետազոտություններ

1. Ձվարանային պահուստի գնահատում: Այս հետազոտությունն առավել կարևոր է 35-ն անց կանանց համար կամ նրանց համար, ու ֆոլիկուլախթանիչ հորմոնի մակարդակը բարձր է: Գնահատման համար ցիկլի 2-3-րդ օրը կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն անտրալ (սկզբնական ֆոլիկուլ) ֆոլիկուլները հաշվելու համար, չափվում է նաև ԱՄՀ-ի (անտիմուլերային հորմոն) և Ինգիբին Բ–ի մակարդակը:

2. Համատեղելիության թեստ: Բացասական արդյունքի դեպքում ձվազատման խթանման հետ կատարվում է նաև արհեստական սերմնավորում (ինսեմինացիա):

Կիրառվող դեղամիջոցներ

1. Դեղամիջոցներ՝ հիմնված մարդու դաշտանադադարային գոնադոտրոպինի վրա: Այդպիսի դեղամիջոցներից են մենոգոնը, պերգոնալը, մենոպուրը, որոնք պարունակում են լյուտեինիզացնող և ֆոլիկուլախթանիչ հորմոններ՝ 75 մմ չափաբաժնում 1:1 հարաբերությամբ:

2. Դեղամիջոցներ՝ հիմնված ռեկեմբինանտ ֆոլիկուլախթանիչ հորմոնի վրա (պուրեգոն, գոնալ-ֆ): Վերջիններս օժտված են մաքրման բարձր աստիճանով և իրենց ազդեցությամբ շատ մոտ են բնական ֆոլիկուլախթանիչ հորմոնին:

3. Մարդու խորիոնային գոնադոտրոպին (պրեգնիլ, պրոֆոզա, խորագոն, օվիտրել): Այս դեղամիջոցներն անհրաժեշտ են ձվազատման մակածության (ինդուկցիայի) համար:

4. Կլոմիֆեն ցիտրատ (կլոստիլբեգիտ, սերոֆեն, կլոմիդ): Հակաէստրոգենային դեղամիջոց, որի ազդեցությունը կապված է էստրոգեն հորմոնի նվազման հետ, ինչի հաշվին մեծանում է գոնադոտրոպային հորմոնների (ֆոլիկուլների աճի համար անհրաժեշտ հորմոններ) սինթեզը:

Ձվազատման խթանում

Խթանման գործողությունների հաջորդականությունը և դեղամիջոցներն ընտրում է բժիշկը՝ հաշվի առնելով տվյալ կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները և կատարված հետազոտությունների արդյունքները: Հաճախ բժիշկներն առաջին խթանումն սկսում են կլոստիլբեգիտ դեղամիջոցով: Ինչո՞ւ: Քանի որ համեմատաբար մատչելի է գնային առումով: Կլոստիլեգիտը նշանակվում է 5 օրով, ցիկլի 2, 3, 4 կամ 5-րդ օրից սկսած՝կախված կնոջ ցիկլի տևողությունից: Սովորաբար սկսում են 50մգ-ից: Եթե ցիկլում, որի ընթացքում կատարվել է խթանումը, հղիություն չի գրանցվում, ապա բժիշկը գնահատում է տվյալ դեղամիջոցի նկատմամբ ձվարանների արձագանքը և որոշում է մեծացնել չափաբաժինը կամ չմեծացնել: Օրական առավելագույն չափը 150 մգ է:

Կլոստիլբեգիտով խթանման պարագայում անհրաժեշտ է վերահսկել արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի հաստությունը, որպեսզի հնարավոր լինի ճիշտ ժամանակին միացնել էստրոգեն պարունակող դեղամիջոցները (դիվիգել, պրոգինովա, էստրոժել և այլն): Նպատակահարմար չէ դիվիգելի ընդունումն սկսել կլոստիլբեգիտի հետ միաժամանակ, քանի որ վերջինիս միջոցով իջեցվում է շրջանառվող էստրոգենների մակարդակը, իսկ դիվիգելով միաժամանակ բարձրացվում և դրանով իսկ կորչում է կլոստիլբեգիտի ազդեցության գլխավոր սկզբունքը:

Երբեմն կլոստելբեգիտի միջոցով խթանումը համատեղում են գոնադոտրոպինների ընդունման հետ: Այդ պարագայում ցիկլի որոշակի օրերի (տվյալ այցելուի համար որոշում է բժիշկը)՝ ֆոլիկուլների հասունացման ժամանակ ավելացնում են մենոպուր (պուրեգոն և այլն): Համարվում է, որ սա ավելի արդյունավետ սխեմա է: Ե՛վ բուժման ծախսերն են քիչ լինում, քանի որ ներարկումների քանակն էլ այս դեպքում ավելի քիչ է լինում, քան գոնադոտրոպիններով դասական սխեմայոի դեպքում: Գոնադոտրոպիններով՝ նոր սերնդի դեղամիջոցներով խթանումը կատարում է միայն հատուկ որակավորում ստացած մասնագետը: Այս հարցում կարևոր է կարողանալ ճիշտ ժամանակին գնահատել դեղամիջոցների նկատմամբ ձվարանների ռեակցիան, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել կամ մեծացնել չափաբաժինը, անմիջապես դադարեցնել խթանումը կամ ավելացնել այլ դեղամիջոցներ: Գոնադոտրոպիններով խթանումը սովորաբար սկսում են ցիկլի 2-րդ կամ 5-րդ օրը և շարունակում են այնքան, մինչև ֆոլիկուլը հասնի ձվազատման չափերի: Եթե դեղամիջոցների ընդունումից 10 օր անց ֆոլիկուլի չափերը չեն գերազանցում 15 մմ-ը, ապա խթանումն ավարտում են:

Գերիշխող ֆոլիկուլը

Երբ գերիշխող ֆոլիկուլը հասնում է 18-24 մմ տրամագծի, բժիշկը ձվազատման մակածման համար սկսում է խորիոնային գոնադոտրոպինի շարքի դեղամիջոցների կիրառումը: Չափաբաժինը որոշվում է ըստ ընտրված դեղամիջոցի: Սովորաբար խորիոնային գոնադոտրոպինի դեղամիջոցների ընդունումից հետո ձվազատումն սկսվում է 48 ժամվա ընթացքում:

Կարևոր է իմանալ, որ ձվազատման խթանման ժամանակ կատարված ձվազատումից հետո պրոգեստերոնային դեղամիջոցների (դյուֆաստոն, կրայոն, ուտրոժեստան, լյուտեին) ընդունումը պարտադիր է՝ անկախ բնականոն ցիկլի ժամանակ պրոգեստերոնի մակարդակից: Սա հարկավոր է, որպեսզի հորմոնային առումով հավասարակշռության բերվեն ցիկլի երկու փուլերը:

Ձվազատման խթանման ժամանակ ամենակարևորը ուլտրաձայնային մոնիթորինգն է: Առաջին ՈւՁՀ-ն կատարում են նախքան խթանումն սկսելը, որպեսզի բացառեն 12մմ-ից մեծ տրամագծով հեղուկային գոյացությունները և տարաբնույթ կիստաները: ՈւՁ մոնիթորինգի հաջորդ օրերը նշանակում է բժիշկը ըստ ընտրված դեղամիջոցի և ձվարանների ռեակցիայի: Մշտական վերահսկողությունը բժշկին հնարավորություն է տալիս բուժման մեջ շտկումներ անել և խուսափել գլխավոր վտանգից՝ ձվարանների գերխթանումից:

Սեքսն ընդդեմ հոգեբանական ճգնաժամի

Սեքսն ընդդեմ հոգեբանական ճգնաժամի

Սեքսը լավ ազդեցություն է ունենում հարաբերությունների, ֆիզիկական և հոգևոր առողջության վրա

Ինչպե՞ս գտնել G կետը և արդյո՞ք արժե դա անել

Ինչպե՞ս գտնել G կետը և արդյո՞ք արժե դա անել

G կետը կամ Գրեբենֆերգի կետը հեշտոցի առաջնային պատին գտնվող, հեշտոցամուտքից 2-3 սմ խորությամբ գտնվող հատվածն է

Ամեն ինչ արգանդի միոմայի մասին

Ամեն ինչ արգանդի միոմայի մասին

Միոման (ֆիբրոմա, լեյկոմիա) արգանդի մկանների կամ միոմետրիայի բարորակ ուռուցք է

9 փաստ՝ ինտիմ հիգիենայի մասին, որ յուրաքանչյուր կին պետք է իմանա

9 փաստ՝ ինտիմ հիգիենայի մասին, որ յուրաքանչյուր կին պետք է իմանա

Եկեք պարզենք ինտիմ հիգիենայի նրբությունները