Բրոմոկրիպտինը գինեկոլոգիայում և անպտղության բուժումը

Բրոմոկրիպտինը գինեկոլոգիայում և անպտղության բուժումը

Հիպերպրոլակտինեմիան (պրոլակտին հորմոնի մեծաքանակ արտազատումը) կնոջ վերարտադրողական համակարգի բնականոն աշխատանքի խանգարման ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկն է: Հիվանդությունն ի հայտ է գալիս կանանց 15-30%-ի շրջանում, ովքեր ունեն ամենորեա կամ օլիգաամենորեա (դաշտանի բացակայություն կամ երկարատև ընդմիջումներ), ինչպես նաև անպտղություն ունեցող կանանց 30-70%-ի շրջանում:

Դա առաջին հերթին պայմանավորված է պրոլակտինի՝ ձվարանների վրա ունեցած ուժգին ազդեցությամբ. նվազում է էստրադիոլի, ֆոլիկուլախթանիչ և լյուտեինիզացնող հորմոնների մակարդակը, սխալ է լյուտեինիզացվում ֆոլիկուլը, դեղին մարմնի աշխատանքի անբավարարություն է ի հայտ գալիս, և ճնշվում է ձվազատման գործընթացը: Ներկայում հիպերպրոլակտինեմիայի բուժման բազմաթիվ դեղամիջոցներ կան, սակայն առավել հաճախ կիրառվող, փորձված և ամենաարդյունավետ դեղամիջոցը բրոմոկրիպտինն է:

Բրոմոկրիպտինը (քիմիական անվանումը՝ 2-բրոմ-ալֆա-էրգոկրիպտին) կիսասինթետիկ դեղամիջոց է, որը խթանում է հիպոթալամուսի դոֆամինային ընկալիչները՝ այդպիսով արգելակելով պրոլակտինի արտազատումը: Դեղմիջոցն զգալիորեն իջեցնում է պրոլակտինի մակարդակը, ինչն ուղեկցվում է հիպոֆիզի այլ հորմոնների արտազատման փոփոխություններով՝ բացառությամբ աճի հորմոնի: Բրոմոկրիպտինն օգտագործում են ինչպես ֆունկցիոնալ խանգարումներով, այնպես էլ հիպոֆիզի ուռուցքներով պայմանավորված հիպերպրոլակտինեմիայի բուժման նպատակով:

Դեղամիջոցը նպաստում է ոչ միայն արյան մեջ պրոլակտինի մակարդակի նվազմանը, այլև էապես նվազեցնում են հիպոֆիզի ադենոմաները (դեպքերի 73%): Այդ նպատակով երկարատև թերապիա է պահանջվում, սակայն դեղամիջոցի կիրառման դադարեցումից հետո ուռուցքները երբեմն սկսում են կրկին աճել: Բացի այս ադենոմա ունեցող կանանց 5-18%-ի օրգանիզմում դիմադրություն է առաջանում բրոմոկրիպտինի նկատմամբ, իսկ 20%-ի օրգանիզմն առհասարակ չի ընդունում այն:

Ներքին ընդունման պարագայում ստամոքսաղիքային համակարգից ներծծվում է դեղամիջոցի 30%-ը, իսկ արյան մեջ առավելագույն խտությունը որոշվում է 1-3 ժամ անց: Չի կարելի բրոմոկրիպտինը համատեղել ոգելից խմիչքների հետ, վերջիններս նվազեցնում են օրալային բեղմնականխիչների և նեյրոլեպտիկների արդյունավետությունը: Օրգանիզմից ամբողջությամբ դուրս է գալիս 5 օր անց:

Հետազոտությունների համաձայն՝ բրոմոկրիպտինը բացասական ազդեցություն չի գործում պտղի և հղիության ընթացքի վրա:

Ցուցումներ

Բրոմոկրիպտինը լայնորեն օգտագործվում է ոչ միայն էնդոկրինոլոգիայի և գինեկոլոգիայի այլև նեյրովիրաբուժության և նևրոլոգիայի մեջ: Գինեկոլոգիայում հիպերպրոլակտինեմիայի բուժումն այս դեղամիջոցով ուղղված է՝

  • պրոլակտինի մակարդակի նվազեցմանը,
  • աճի դանդաղեցում և չափերի փոքրացում պրոլակտինով,
  • հորմոնային ֆոնի վերականգնում,
  • դաշտանային ֆունկցիայի վերականգնում,
  • վերարտադրողական ֆունկցիայի վերականգնում,
  • կրծքագեղձի կիստաների չափսերի և քանակի նվազեցում,
  • ֆիզիոլոգիական լակտացիայի ճնշում:

Գինեկոլոգիական հիվանդությունների բուժման ցուցումներն են՝

  • դաշտանային ցիկլի խանգարումներ՝ պայմանավորված հիպերպրոլակտինեմիայով (օլիգաամենորեա, ամենորեա),
  • հիպոֆիզի պրոլակտինոմաներ (միկրո և մակրոադենոմաներ),
  • անպտղություն,
  • վիճակներ՝ պայմանավորված լակտացիայի դադարեցման կամ նվազեցման անհրաժեշտությամբ,
  • կաթնագեղձեր հիվանդություններ (բարորակ մաստոպատիա, ցավ նախադաշտանային համախտանիշի դեպքում):

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բրոմոկրիպտինով բուժման պարագայում վերարտադրողական ֆունկցիան վերականգնվել է կանանց 50-85%-ի դեպքում:

Բրոմոկրիպտինի ընդունման առանձնահատկությունները

Նշանակված չափաբաժինը գլխավորապես կախված է հիվանդության բնույթից և ծանրության աստիճանից: Դեղամիջոցը պետք է ընդունել ուտելիս: Եթե նշանակվել է մեկ անգամ, ապա ցանկալի է խմել քնելուց առաջ, ինչը թույլ կտա առավելագույնս նվազեցնել առաջացրած տհաճ զգացողությունները:

Բրոմոկրիպտինի կողմնակի ազդեցություններն են՝

  • սրտխառնոց,
  • գլխացավ,
  • փսխում,
  • գլխապտույտ,
  • հոգնացություն,
  • բերանի չորություն,
  • փորկապություն,
  • ցածր անոթային ճնշում,
  • ալերգիկ ռեակցիաներ,
  • հալյուցյունացիաներ (չափից շատ օգտագործման դեպքում):

Ինչպես և ցանկացած այլ թերապիա, այնպես էլ բրոմոկրիպտինային թերապիան ունի մի շարք հակացուցումներ՝ հիպոտենզիա, հոգեկան հիվանդություններ, սրտանոթային համակարգի և ստամոքսաղիաքային համակարգի հիվանդություններ:

Հղիության դեպքում պետք է անմիջապես դադարեցնել բրոմոկրիպտինի օգտագործումը, իսկ թե ինչպես անել, որ ճիշտ լինի, կօգնի բժշկի խորհրդատվությունը:

Հիշեք՝ դեղամիջոցը նշանակվում է միայն բժշկի կողմից, խորհրդատվությունը պարտադիր է:

views 18691
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը