Ցինկ․ օգտակարությունը և աղբյուրները

Ցինկը մասնակցում է օրգանիզմում ընթացքող բազմաթիվ կարևոր գործընթացների։ Դրա քանակից է կախված հղիության ընթացքը, երեխայի աճն ու զարգացումը, հասուն մարդու վերարտադրողական ֆունկցիան, տարաբնույթ հիվանդություններին դիմակայելու կարողությունը և այլն։
Կարևորությունը և օգտակարությունը
Ցինկը համարվում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան ուժեղացնող լավագույն միջոցներից։
Կարևոր դեր է խաղում արյունաստեղծման գործում։
Մասնակցում էմարսողական ֆերմենտների սինթեզին։
Ցինկն անհրաժեշտ է օրգանիզմում բազմաթիվ հորմոնների արտադրման համար, օրինակ՝ տեստոստերոնի և ինսուլինի։
Ցինկը շատ կարևոր է տղամարդու առողջության համար։
Այն հարկավոր է շագանակագեղձի բնականոն աշխատանքի համար, պաշտպանում է անպտղությունից և սեռական անկարողությունից, ազդում է սերմնաբջիջների որակի վրա։
Մեծ դեր է խաղում հղիության ընթացքում, նպաստում է պտղի բնականոն զարգացմանը։
Օժտված է հակաբորբոքային և վերքերն ապաքինող հատկությամբ։
Անհրաժեշտ է նաև տեսողության համար, պաշտպանում է աչքի տարաբնույթ հիվանդություններից։
Ազդում է գլխուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի վրա։
Ոսկորների և ատամների ամրությունը, մազերի և մաշկի վիճակը նույնպես կախված են ցինկի քանակությունից։
Ցինկով հարուստ սննդամթերքներն օգնում են անոթները պաշտպանել բազմաթիվ հիվանդություններից։
Օրգանիզմի օրական պահանջը
Հասուն մարդու օրգանիզմում 2-3 գրամ ցինկ կա, որը հիմնականում կենտրոնացած է ոսկորներում, մկաններում, մազերում, արյան մեջ և տղամարդու սերմում։ Միջինվիճակագրական հասուն մարդու օրգանիզմի պահանջը կազմում է օրական 15-20 մգ։
Հղիության և կրծքով կերակրման ընթացքում պահանջն աճում է։ Մեծ քանակությամբ ցինկ է կորչում ուժգին քրտնարտադրության ընթացքում, այդ պատճառով էլ սպորտասերններին և ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց այն շատ է հարկավոր։
Աղբյուրները
Ցինկով են հարուստ դդմի և արևածաղկի սերմերը, հունական ընկույզը, քունջութը, տավարի լյարդը, ցորենը, վարսակը, պանրի պինդ տեսակները, շոկոլադը և այլն։
Ցինկի պակասը
Օրգանիզմում ցինկի պակասը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։ Ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով՝ մազերի և մաշկի վատ վիճակ, տեսողության վատացում, դյուրագրգռություն, համային զգացումների փոփոխություն, ախորժակի կորուստ, շարժումների կոորդինացիայի խանգարում և այլն։
Անբավարարությունն առաջանում է ոչ միայն դրանով հարուստ սննդամթերքների անբավարար օգտագործման, այլև մի շարք հիվանդությունների, սթրեսի, ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով։ Ցինկի անբավարարությունը կարող է սակավարյունության, սեռական ֆունկցիայի խանգարման, անպտղության, հենաշարժողկան համակարգի խնդիրների, նյարդային և հոգեկան և այլ հիվանդությունների պատճառ դառնալ, քանի որ տուժում է իմունային համակարգը։
Ցինկի ավելցուկը
Օրգանիզմում ցինկի ավելցուկը նույնպես վտանգավոր է և կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների, անգամ մահվան։ Ավելցուկի դժվար է հասնել սննդի միջոցով։ Հաճախ այդ լինում է ցինկ պարունակող սննդային հավելանյութերի չարաշահման կամ արտադրության վնասակար տեսակների պատճառով։