Ֆոլաթթվի օրական պահանջը
Օրգանիզմին բավականին քիչ քանակությամբ ֆոլաթթու է անհրաժեշտ, օրական ընդամենը 200մկգ (պարտադիր ամեն օր): Հղիության ընթացքում օրգանիզմի պահանջը կրկնապատկվում է, իսկ հիմնականում բժիշկները փորձում են օրական չափաբաժինը հասցնել 800մկգ-ի, ինչը հնարավոր է միայն վիտամինային դեղորայքի ընդունման պարագայում: Կախված առողջական վիճակի առանձնահատկություններից և հղիության ընթացքից՝ օրական դեղաչափը կարող է հասնել մինչև 5մգ-ի, ամեն բան այս հարցում որոշում են հետազոտության արդյունքները և բժիշկը:
Խորհուրդ է տրվում ֆոլաթթու օգտագործել վերարտադրողական տարիքի բոլոր կանանց (խոսքն, իհարկե, սննդամթերքում առկա օրգանական, բնական վիտամինների մասին է և ոչ թե սինթետիկ դեղորայքի): Նշենք նաև, որ օրգանիզմում ֆոլաթթվի պահանջն աճում է սթրեսների, ծանրաբեռնվածության, ինչպես նաև հորմոնային փոփոխությունների՝ սեռական հասունացման, դաշտանի, ժամանակ և այլն:
Ֆոլաթթու պարունակող սննդամթերքի աղյուսակը կօգնի ճիշտ կազմել օրվա սննդակարգը, սակայն միայն սննդից այն ստանալն այնքան էլ հեշտ չէ: Պետք է հաշվի առնել, որ օրգանիզմ հասնող ֆոլաթթվի մոտավորապես կեսը կորչում է մարսողության ընթացքում, ալկոհոլի, տարատեսակ դեղամիջոցների, լյարդի աշխատանքի խանգարումների ազդեցությամբ, չի յուրացվում օրգանիզմում այլ նյութերի անբավարարության կամ ավելցուկի պարագայում:
Օրինակ՝ օրգանիզմում մեթիոնինի (սրանով հարուստ են միսն ու պանիրը) ավելցուկի դեպքում ֆոլաթթուն արագ է սպառվում, իսկ այ B12 վիտամինի անբավարարության դեպքում չի յուրացվում: Այս երկու նյութերի հավասարակշռության հանդեպ պետք է ուշադիր լինել. ֆոլաթթվի պակասը երաշխավորված է B12-ի պակասի դեպքում: Առանց վերջինիս բջիջները չեն կարող պահել B9 վիտամինը, ինչը դադարեցնում է նրանց կիսման գործընթացը, այստեղից էլ հենց առաջանում է աճի դանդաղում, որը վտանգավոր է հղիության ընթացքում:
Ֆոլաթթվի մեծ պահանջ են ունենում արևայրուքի սիրահարները, շարժուն ապրելակերպ վարող անձինք և իհարկե երեխաներն ու դեռահասները՝ բնականոն աճի և զարգացման համար: Օրգանիզմը ֆոլաթթվի հետ պետք է նաև վիտամին C ստանա:
Այսօր ֆոլաթթվի անբավարարությունը հիպովիտամինոզի ամենատարածված տեսակներից մեկն է: Դրան են նպաստում թերի և արհեստական սնունդը, անառողջ ապրելակերպը՝ ծխելը, ալկոհոլը, սթրեսները և այլն: Աղիների առողջ միկրոֆլորան կարող է ինքնուրույն սինթեզել վիտամին B9, սակայն ժամանակակից բժշկությունը հաջողությամբ «չեզոքացնում» է այդ ընդունակությունը հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների օգնությամբ, որոնք տարատեսակ հիվանդությունների բուժման ընթացքում ազդում են աղիների միկրոֆլորայի վրա: