Ինչպե՞ս բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը սննդի միջոցով
Գուցե զարմանալի թվա, բայց երկաթն ամենամեծ քանակով պարունակվում է թահինի և արևածաղկի հալվայի մեջ։
Հեմոգլոբինի մակարդակն առավելագույնս բարձրացնում են լյարդը, լեզուն, միսը (տավարի, նապաստակի)․երկաթն ակտիվորեն յուրացվում է հենց կենդանական մթերքներից։ Ընդ որում՝ պետք չէ լյարդը շատ լավ տապակել։
Ելակի սեզոնին հարկավոր է հնարավորինս օգտվել նաև այդ համեղ պտղի առավելություններից։
Հեմոգլոբինի մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ նյութերով է հարուստ ծլած ցորենը կամ ծլած այլ հատիկաբույսերը։ Օգտակար է նաև տերեվավոր կանաչեղենը։
Մասուր խմեք։ Այն պետք է թրմել և չեռացնել, որպեսզի պահպանվեն բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը։ Կարող եք նաև մեղր և կիտրոն ավելացնել։
Մրգերից և բանջարեղենից հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանն են նպաստում ծիրանը, խնձորը, նուռը, հապալասը, բազուկը։ Շատ օգտակար է բազուկի և գազարի հյութը կամ դրանց խառնուրդը։
Ցանկին ավելացնենք նաև կարմիր ու սև խավիարը, չոր ծովակաղամբը, քունջութի և դդմի սերմերը, թզի, տանձի, սալորի չիրը, չամիչը, շոկոլադն ու կակաոն։
Չմոռանանք նաև խուրմայի, հունական ընկույզի մասին, ընդ որում՝ ընկույզը պետք է ուտել մեկ թեյի գդալ մեղրի հետ (օրական 100գր)։ Կրուպեղենից նախապատվությունը պետք է տալ հնդկաձավարին և վարսակի փաթիլներին։
Ո՞ր մթերքներն են հարուստ երկաթով
Մթերքները համեմատելու դեպքում երկաթի առավելագույն քանակը 100 գրամում (մգ-ով) հայտնաբերվում է թահինի (50,1) և արևածաղկի (33,2) հալվայում, խոզի լյարդում (29,7), խնձորի չրում (15,0), տանձի և սև սալորի չրում (13,0), կակաոյի մեջ (11,7), մասուրի մեջ (11,0), տավարի լյարդում (9,0), երիկամներում (7,0), լեզվի մեջ (5,0) և ուղեղում (6,0), հապալասի մեջ (8,0), ձվի դեղնուցում (5,8)։
Խորհուրդներ
Պետք է հաշվի առնել, որ երկաթն օրգանիզմում ակտիվորեն յուրացվում է վիտամին C-ի առկայության դեպքում։ Ուստի ձեր սննդակարգը հարստացրեք ցիտրուսային մրգերով, սև հաղարջով, մոշով և ասկորբինաթթվով հարուստ այլ հատապտուղներով։
Կալցիումը խոչընդոտում է երկաթի յուրացմանը, այդ պատճառով էլ հեմոգլոբինի ցածր լինելու դեպքում հարկավոր է սահմանափակել կաթնամթերքի և կալցիումով հարուստ մթերքների օգտագործումը։
Հեմոգլոբինի բարձրացմանը խանգարում են նաև սթրեսները, վնասակար սովորությունները, անառողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվության և հանգստի պակասը, թեյի, սուրճի, կոկա-կոլայի մեծ քանակությամբ օգտագործումը (վերջիններս օրգանիզմից հեռացնում են երկաթը)։
Չբուժված կամ թերի բուժված հիվանդության դեպքում, երբ հեմոգլոբինը խիստ ցածր է, մթերքների ճիշտ ընտրությունը կարևոր է, սակայն շատ չի ազդի ապաքինման վրա, պետք է զուգահեռ համապատասխան դեղորայք խմել: