Ինքնաբեր վիժում

Ինքնաբեր վիժում

Ինքնաբեր վիժումը (աբորտ) հղիության ինքնաբերական ընդհատումն է նախքան պտղի կենսունակ դառնալը՝ մինչև 22-րդ շաբաթը։

Դասակարգումը

Ըստ կլինիկական դրսևորումների տարբերում են՝

  • սպառնացող վիժում, 
  • սկսված վիժում, 
  • սկսվող վիժում, 
  • չզարգացող հղիություն։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման մեջ սկսված և սկսվող վիժումները միավորված են մեկ խմբում՝ անխուսափելի վիժում (այսինքն՝ անհնար է պահպանել հղիությունը)։

Ռիսկի գործոնները

  • Կնոջ տարիքը:
  • Պարիտետ։ Երկու և ավել հղիություն տարած կանանց դեպքում վիժման վտանգն ավելի մեծ է, քան երբևէ չծննդաբերած կանանց դեպքում, ընդ որում՝ տարիքը դեր չի խաղում։ 
  • Նախկինում ինքնաբեր վիժման առկայությունը։ 
  • Ծխախոտի օգտագործումը (օրական 10 ծխախոտ)։ 
  • Ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների օգտագործումը նախքան բեղմնավորումը։ 
  • Տենդ (հիպերթերմիա, 37,7 °С-ից բարձր ջերմություն)։ 
  • Վնասվածք, ներառյալ պրենատալ ախտորոշման ինվազիվ մեթոդների վնասվածքները (խորիոցենտեզ, ամնիոցենտեզ, կորդոցենտեզ)։ 
  • Կոֆեինի օգտագործում (օրական 4-5 բաժակ սուրճ)։ 
  • Տերատոգենների ազդեցությունը (տերատոգեն ազդեցությամբ օժտված ինֆեկցիոն ագենտներ, թունավոր նյութեր, դեղամիջոցներ)։ 
  • Ֆոլաթթվի պակաս։ 
  • Հորմոնային խանգարումներ, թրոմբոֆիլիկ վիճակներ և այլն։

Կարդացեք՝ Ֆոլաթթվի անբավարարություն

Կլինիկական պատկերը

Հիմնականում հղի կինը գանգատվում է սեռական ուղիներից եկող արյունային արտադրությունից, դաշտանի ուշացման դեպքում որովայնի ստորին հատվածի և գոտկատեղի ցավից։ Կախված կլինիկական ախտանշաններից՝ տարբերում են սպառնացող ինքնաբեր վիժում, սկսված, սկսվող և չզարգացող հղիություն։

Սպառնացող վիժումը դրսևորվում է որովայնի ստորին հատվածի և գոտկատեղի ձգող ցավով, հնարավոր է, որ արյունային արտադրություն դիտվի սեռական ուղիներից։ Արգանդի տոնուսը բարձր է լինում, արգանդի պարանոցը՝ կարճացած, ներքին օղը՝ փակ, արգանդի մարմինը համապատասխանում է հղիության ժամկետին։

Սկսված վիժման դեպքում ցավը և հեշտոցից եկող արյունային արտադրությունն ավելի արտահայտված է լինում, արգանդի պարանոցը՝ կիսաբաց։

Սկսվող, ընթացի մեջ գտնվող վիժման դեպքում միոմետրիումի կծկանքանման կրճատումներ են դիտվում։ Արգանդը հղիության ենթադրյալ ժամկետից փոքր է, ավելի ուշ ժամկետներում հնարավոր է պտղաջրի արտահոսք։ Ներքին և արտաքին օղերը բաց են, պտղաձվի տարրեր կան արգանդի պարանոցում կամ հեշտոցում։ Արյունային արտադրությունը կարող է առատ լինել։

Կիսատ վիժման դեպքում պտղաձվի տարրերը մնում են արգանդի խոռոչում։ Հաճախ դիտվում է հղիության 12-րդ շաբաթում, երբ վիժումն սկսվում է պտղաջրի արտահոսքով։

Ամբողջական վիժումը հաճախ կատարվում է հղիության ուշ ժամկետներում։ Պտղաձուն ամբողջությամբ դուրս է գալիս արգանդի խոռոչից։

Չզարգացող հղիությունը (պտղի անտենատալ մահ) սաղմի մահն է մինչև 22 շաբաթական ժամկետը, հաճախ վիժման սպառնալիքի նշաններ չեն դրսևորվում։

Կարդացեք՝   Չզարգացող հղիություն

Բուժումը

Հղիության ընդհատման սպառնալիքի բուժման նպատակը արգանդի թուլացումն է, արնահոսության դադարեցումը և հղիության պահպանումն է կենսունակ սաղմի կամ պտղի առկայության դեպքում։

ԱՄՆ-ում և արևմտյան Եվրոպայում մինչև 12-րդ շաբաթը սպառնացող վիժումը չեն բուժում՝ այն համարելով բնական ընտրություն։ Հայաստանում այլ մարտավարություն է ընդունված։ Նշանակում են անկողնային ռեժիմ (ֆիզիկական և սեռական հանգիստ), լիարժեք դիետա, հեստագեններ, վիտամին E, իսկ որպես ախտանշանների բուժում՝ սպազմոլիտիկ դեղորայք, բուսական սեդատիվ դեղամիջոցներ (առյուծագու, կատվախոտի թուրմ) և այլն։

Արգանդի խոռոչի քերումից կամ վակուումային ասպիրացիայից հետո խորհուրդ է տրվում չօգտագործել տամպոններ և երկու շաբաթ հրաժարվել սեռական հարաբերությունից։ Հաջորդ հղիության պլանավորումը խորհուրդ է տրվում սկսել նվազագույնը 3 ամիս անց։

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում

Էպիլյացիան հղիության ընթացքում

Էպիլյացիան հղիության ընթացքում

Ո՞ր տեսակի էպիլյացիան ընտրել, ե՞րբ և ո՞ր եռամսյակում