Կնոջ խելամիտ վարքը հղիության ընթացքում

16.08.2016 29760
Հղիությունը հիվանդություն չէ, սակայն ապագա մոր օրգանիզմը կրկնակի ռեժիմով է աշխատում, ինչն անխուսափելիորեն իր ազդեցությունն է ունենում կյանքի սովորական ընթացքի վրա և վարքի որոշակի փոփոխություններ պահանջում՝ կարևորելով խելամիտ զգուշավորությունը։

Առօրյա կյանք

Վաղ փուլերում հղիությանը հարմարվելու ֆոնին անգամ առողջ կինը կարող է վեգետանևրոտիկ խանգարումներ ունենա (թուլություն, սրտխառնոց, փսխում, թքարտադրություն, տրամադրության կտրուկ փոփոխություն, հոտառության սրում և այլն)։ Հղիության զարգացմանը համընթաց միանում են նաև ախտանշաններ՝ պայմանաորված արգանդի մեծացմամբ և ընկերքային հորմոնների ազդեցությամբ (այրոց, փորկապություն, հաճախակի դարձած միզարձակում, սրտխփոց, ոտքերի մկանային ցավ և այլն)։ Ծննդաբերության նախօրեին կարող է անհանգստացնել այտուցվածությունը, գոտկատեղի ցավը, տրամադրության փոփոխությունները և այլն։

Կնոջ վարքը թելադրող հիմնական կանոնը պետք է լինի արտաքին միջավայրի կառավարելի գործոնների ազդեցության կանխումը, այն գործոնների, որոնք ապացուցված կամ պոտենցիալ վտանգ են ներկայացնում պտղի համար։ Շատ կարևոր է անվտանգության ապահովումը հատկապես առաջին 8 շաբաթվա ընթացքում՝ օրգանների ձևավորման ակտիվ շրջանում։ Զարգացման կրիտիկական շրջան է համարվում նաև հղիությա 15-20-րդ շաբաթը (գլխուղեղի զարգացում) և 20-24-րդ շաբաթը (պտղի օրգանիզմի հիմնական ֆունկցիոնալ համակարգերի ձևավորում)։

Ֆիզիոհոգեպրոֆիլակտիկ նախապատրաստում ծննդաբերությանը

Հղիության շրջանում կնոջ օրգանիզմում կատարվող բոլոր փոփոխությունների վերջնանպատակը ծննդաբերական սթրեսին և արնահոսությանը, ինչպես նաև լակտացիային նախապատրաստվելն է։ Այդ պատճառով խիստ կարևոր է հղիության առաջին շաբաթներից իսկ հաճախել համապատասխան դասերի։

Ֆիզիոհոգեպրոֆիլակտիկ նախապատրաստումը ներառում է՝
  • անհատական զրույցներ և դասախոսություններ,
  • հատուկ մարմնամարզության խմբային դասեր, 
  • ֆիզիկական թերապիա և այլն։

Ֆիզիոհոգեպրոֆիլակտիկայի նպատակն է՝
  • օրգանիզմի դիմադրողականության բարձրացում, 
  • հարմարում օրգանիզմի նոր գործունեության պահանջներին, 
  • պտղի անտենատալ պաշտպանություն, 
  • հղիության հանդեպ գիտակցական վերաբերմունքի և ծննդաբերության՝ որպես բնական ֆիզիոլոգիական պրոցեսի ընկալման ձևավորում, 
  • ծննդաբերության ընթացքում վարվելակերպի հմտությունների ուսուցում։

Առողջարար հանգիստ

Հղի կինը պետք է այնպես պլանավորի առօրյան, որ առավելագույնս հարմարավետ զգա։ Այդ նշանակում է, որ պետք է պատշաճ ժամանակ հատկացնի իր հանգստին։ Սկսած երկրորդ եռամսյակից պետք է ձգտել այնպես անել, որ օրական քունը կազմի նվազագույնը 9 ժամ՝ ներառյալ ցերեկային քունը։

Հուզական լարվածության և քնի խանգարումների դեպքում կարելի է ֆիտոթերապիա, արոմաթերապիա կատարել, նկարել, երգել, անհրաժեշտության դեպքում՝ դիմել հոգեթերապևտի։

Հաշվի առնելով թթվածնի մեծ պահանջը՝ խորհուրդ է տրվում հաճախ զբոսնել բնության գրկում։ Հանգստի մեկնելու դեպքում պետք է հաշվի առնել տվյալ երկրի եղանակային պայմաները, հանգստի ընթացքում բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, խուսափել արևի տակ երկար մնալուց։ Խորհուրդ է տրվում արևային լոգանք ընդունել՝ սկսելով 3 րոպեից (օրական ավելացնելով ևս 3 րոպե) մինչև 20 րոպե։

Եթե հղիությունն ընթանում է առանց խնդիրների, կարելի է լողալ ծովում և գետում։ Այդ դեպքում պետք է հատուկ հղի կանանց համար նախատսված լողազգեստ կրել։

Երթևեկումը տրանսպորտով կամ տրանսպորտային միջոցի կառավարում

Հղիության ընթացքում ցանկալի է հնարավորության դեպքում հրաժարվել ինքնաթիռով տեղափոխումից, նախընտրելի է գնացքը կամ ավտոմեքենան։ Ցանկացած երկարատև տեղափոխում պետք է լինի առավելագույնս հարմարավետ։ Գնացքի դեպքում նախընտրելի է պառկելու հնարավորությամբ վագոնը։ Ավտոմեքենայով երթևեկելու դեպքում հարկավոր է ժամանակ առ ժամանակ կանգ առնել և հանգստանալ։

28-րդ շաբաթից հետո խորհուրդ է տրվում խուսափել տրանսպորտային ցանկացած միջոցով տեղափոխումից, իսկ ծննդաբերությանը նախորդող երկու շաբաթվա ընթացքում ցանկալի է մնալ տանը։

Հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում հարկավոր է խուսափել պիկ ժամերից և չօգտվել դրանցից վարակիչ հիվանդությունների տարածվածության շրջանում։ Մուտք գործելով տրանսպորտային միջոց՝ մի ամաչեք և խնդրեք, որ տեղ զիջեն։

Ավտոմեքենա վարելու դեպքում նստելատեղի թիկնակը պետք է առավելագույնս հարմարավետ լինի։ Պետք է պարտադիր կապել ամրագոտին։ Ընդ որում՝ կան հատուկ հղի կանանց համար նախատեսված գոտիներ, որոնք չեն ճնշում արգանդի հատվածը։

Հղի կանանց հակացուցված է հեծանիվ վարելը և տրանսպորտային այնպիսի միջոցներից օգտվելը, որոնք ցնցում են մարմինը՝ առաջացնելով ընկերքի շերտազատման վտանգ, նպաստելով հոդերի վնասվածքների կամ ախտաբանական փոփոխությունների։ Արգելվում է 2,5 ժամից ավել վարել մեքենան։


Աղբյուրը՝ Акушерство. Национальное руководство, Айламазян Э.К и др., 2009 г.
Թարգմանությունը՝ www.sotskiy.am