Ժամկետանց հղիություն (գերհասուն պտուղ)

24.06.2016 15850
Հղիությունը համարվում է ժամկետանց, եթե գեստացիայի (հղիության) տևողությունը կազմում է 42 և ավել շաբաթ։ Ծննդաբերությունն այդ դեպքում անվանում են ուշացած։ Ժամկետանց հղիության արդյունքում ծնված երեխան հիմնականում գերհասուն է լինում։ «Ժամկետանց հղիություն՝ գերկրում» և «գերհասունություն» հասկացությունները հաճախ են շփոթում։ Հնարավոր է, որ ծննդաբերությունն ուշանա, բայց պտղի գերհասունության նշաններ չլինեն, ինչպես նաև հնարավոր է, որ ծննդաբերությունն սկսվի ճիշտ ժամկետում, սակայն պտուղը գերհասուն լինի։

Դասակարգումը

Պտղի գերկրման աստիճանը գեստացիայի 40-րդ շաբաթից հետո որոշվում է ոչ թե օրացուցային ժամկետներով, այլ պտղի, ընկերքի և պտուղընկերքային արյունաշրջանառության վիճակով։

Առաջացման պատճառները և ախտանշանները

Ժամկետանց հղիությունը դիտվում է որպես բազմաթիվ գործոնների փոխազդեցության արդյունք, սակայն գլխավոր պատճառը համարվում է նեյրոհումորալ կարգավորումը։
Կնոջ վերարտադրողական համակարգի վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող գործոններն են՝
  • ուշ սեռահասունացում, 
  • դաշտանային ֆունկցիայի խանգարում, 
  • ինֆանտիլիզմ, 
  • մանկության շրջանում տարած վարակիչ հիվանդություններ,
  • նյութափոխանակության խանգարում, 
  • էնդոկրին հիվանդություններ, 
  • սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ, 
  • հոգեբանական տրավմաներ, 
  • գեստոզ, 
  • պտղի հիպոֆիզամակերիկամային համակարգի խանգարումներ և այլն։ 

Ախտանշանները

Կլինիկական ախտանշանների շարքում առանձնանում են հետևյալները՝
  • փորի փոքրացում 5-10 սմ-ով, սովորաբար հղիության 290-րդ օրվանից հետո (դեհիդրատացիա), 
  • հղի կնոջ մաշկի տուրգորի (ներքին լարվածությունը, առաձգականությունը) նվազում,
  • հղի կնոջ քաշի նվազում 1 և ավել կիլոգրամով, 
  • արգանդի ձգության բարձրացում, 
  • սակավաջրություն, 
  • հեշտոցային հետազոտման ընթացքում դիտվում է պտղի գանգոսկրերի ամրության մեծացում, 
  • պտղի սրտխփոցի բնույթի փոփոխություն, որը վկայում է պտղի հիպոքսիայի մասին, 
  • պտղի հիպոքսիա, 
  • հղիության վերջում կաթնագեղձերից կաթի և ոչ թե կաթնախեժի արտահոսք, 
  • արգանդի թերհաս պարանոց և այլն։

Ախտորոշումը

Ախտորոշման ճշգրտությունը կախված է հղիության ժամկետի հստակ իմացությունից։ Ժամանակին կատարված ախտորոշումը խիստ կարևոր է ծննդաբերությունը վարելու ձևի ընտրության հարցում։

Պետք է օգտագործել կլինիկական բոլոր տվյալները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել հղիության հստակ ժամկետը։ Տարբերում են ծննդաբերության օրվա որոշման հետևյալ միջոցները՝
  • ըստ վերջին դաշտանի օրվա (280 օր՝ Նեգելեի կանոն), 
  • ըստ բեղմնավորման (միջինում 266 օր), 
  • ըստ ձվազատման (266 օր՝ Նեգելեի փոփոխված կանոն), 
  • ըստ կանանց խորհրդատվության առաջին այցի, 
  • ըստ պտղի առաջին խաղի, 
  • ըստ ՈւՁՀ-ի տվյալների։
«Ոսկե ստանդարտը» ՈւՁՀ-ն է։ Որքան վաղ կատարվի ուլտրաձայնային հետազոտությունը, այնքան հստակ հնարավոր կլինի որոշել հղիության ժամկետը։ Հղիության I և II եռամսյակում կատարված ուլտրաձայնային զննումը թույլ է տալիս նվազեցնել գրանցվելիք գերկրման հաճախականությունը։

Բուժումը

Ժամանակակից մանկաբարձության մեջ տարածված է հղիության և ծննդաբերության վարման ակտիվ տակտիկան, որը թույլ է տալիս կրկնակի-եռակի նվազեցնել ժամկետանց հղիության հավանականությունը։ Կանանց խորհրդատվության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ժամկետանց հղիության վտանգ ունեցող կանանց։ Հղիության 40-րդ շաբաթն անց լինելու դեպքում խորհուրդ է տրվում տեղափոխվել հիվանդանոց և հատուկ հետազոտություններ անցնել՝ որոշելու ծննդալուծման մեթոդը, որը կախված է արգանդի պարանոցի հասունությունից, պտղի վիճակից, ուղեկցող խնդիրներից, անամնեզի տվյալներից և այլ գործոններից։

Ժամկետանց հղիությունը հարաբերական ցուցում է վիրահատական ծննդալուծման համար, սակայն պտղի հիպոքսիայի, արգանդի պարանոցի թերհասության, հղի կնոջ տարիքային գործոնի և այլ խնդիրների առկայության դեպքում կատարվում է կեսարյան հատում։ Արգանդի պարանոցի հասուն լինելու դեպքում ցուցված է ծննդաբերության խթանում՝ ամնիոտոմիա, դեղորայքային միջոցներ։

Արգանդի թերհաս պարանոցի դեպքում (եթե հայտնի է նաև հղիության կոնկրետ ժամկետը) գործում են այլընտրանքային հետևյալ ձևերը՝
  • պտղի անտենատալ դիտում մինչև ծննդաբերության սկվելը կամ արգանդի պարանոցի հասունանալը, 
  • արգանդի պարանոցի հասունացումը խթանող հատուկ գելի օգտագործում։

Գերհասուն երեխա

Երեխայի ծնվելուց հետո մանկաբարձը և նեոնատոլոգն իրականացնում են ժամկետանց հղիության նշանների գնահատում։ 1902 թվականին Բելենտայնը, հետո Ռունգեն (1948թ․) նկարագրել են նորածնի գերհասունության նշանները, համախտանիշն ստացել է Բելենտայն-Ռունգե անվանումը։ Կլիֆֆորդը նկարագրել է համախտանիշը, որն իսկական ժամկետանց հղիության դեպքում հանդիպում է 10% հաճախականությամբ։

Երեխան ունենում է հետևյալ նշանները՝
  • մաշկի, պորտալարի, պտղաթաղանթների մուգ կանաչ երանգավորում, 
  • մաշկի, հատկապես՝ ձեռքերի և ոտնաթաթերի, մացերացիա (կնճռոտություն), 
  • ենթամաշկային ճարպաբջջանքի պակաս և ծալքերի ձևավորում, մաշկի առաձգականության նվազում (երեխայի «ծերունական» տեսակ), 
  • խոշոր երեխա, 
  • ձեռքերի մատներին երկար եղունգներ, 
  • ամուր գանգոսկր և այլն։
Երեխան համարվում է գերհաս, եթե առկա է նշված նշաններից առնվազն 2-3-ը։

Գերհասունության աստիճաններն ըստ Կլիֆֆորդի

I աստիճան՝ նորածինը չոր է, սակայն մաշկի գույնը բնական է։ Մոխրասպիտակավուն քսուքը թույլ է արտահայտված։ Պտղաջուրը բաց գույնի է, քիչ քանակությամբ։ Նորածնի ընդհանուր վիճակը բավարար է։
II աստիճան՝ մաշկի չորությունն արտահայտված է, պտղի հիպոտրոֆիայի նշաններ կան։ Պտղաջուրը, պորտալարը, նորածնի մաշկն ունի կանաչ գույն։
III աստիճան՝ պտղաջուրը դեղին է։ նորածնի մաշկը և եղունգները դեղնավուն են (խորը հիպոքսիայի նշաններ)։ Մահացությունն այդ վիճակում ավելի քիչ է, քան երկրորդ աստիճանի դեպքում։
Հետծննդաբերական և վաղ հետծննդաբերական շրջանում արնահոսության հավանականությունը մեծ է, և բժիշկը հատուկ ուշադրություն պետք է դարձնի դրա կանխարգելմանը։

Կանխարգելումը

  • Ուլտրաձայնային ֆետոմետրիա հղիության առաջին եռամսյակում կամ երկրորդ եռամսյակի սկզբում։ 
  • Գենդերային ֆետոմետրիայի կիրառում (արական սեռի պտղի դեպքում ժամկետն ըստ ՈւՁՀ տվյալների 1-2 շաբաթով մեծացնում են)։ 
  • Ըստ ՈւՁՀ-ի և ըստ վերջին դաշտանի որոշված ժամկետի տարբերության դեպքում (մեկ շաբաթից ավել) պետք է հիմնվել բացառապես ֆետոմետրիայի տվյալների վրա։ 
  • Հղի կնոջ հոսպիտալացում 41-րդ շաբաթում, եթե անգամ հղիության ընթացքը բարդացած չէ։



Աղբյուրը՝ Акушерство. Национальное руководство, Айламазян Э.К и др., 2009 г. 
Թարգմանությունը՝ www.sotskiy.am