Փոքր կոնքի երակների վարիկոզ լայնացում․ հղիության ընթացքում, առաջ և հետո

06.05.2016 18411
Երակների վարիկոզ լայնացումը հանդիպում է ոչ միայն ոտքերի, այլև փոքր կոնքի բոլոր օրգանների շրջանում, այն հատվածներում, որտեղ հավելյալ ծանրաբեռնվածություն է լինում։

Երակների վարիկոզ լայանցմանը նպաստում է ոչ միայն ժառանգական նախատրամադրվածությունը, այլև հորմոնային վիճակը, որը դաշտանային ամեն ցիկլի ընթացքում փոխվելուց բացի փոխվում է նաև հղիության ընթացքում, իսկ դաշտանադադարի շրջանում ընդհանրապես է վերափոխվում։

Հղիության շրջանում սկսում է ակտիվորեն գործել պրոգեստերոն հորմոնը, որը նպաստում է հյուսվածքներում հեղուկի կուտակմանը և շրջանառվող արյան ծավալի մեծացմանը։ Շրջանառվող արյան ծավալն իր հերթին հավելյալ ծանրաբեռնում է անոթների պատերը։

Դաշտանադադարի շրջանում ախտաբանական պրոցեսների առաջացման հարցում հորմոնների ազդեցությունից բացի էական դեր է խաղում նաև գինեկոլոգիական անամնեզը և քրոնիկական հարակից հիվանդությունները։

Հղիություն

Հղիությունը վեր է հանում թաքնված հիվանդությունները, ինչպես նաև փոքր կոնքի օրգանների երակների վարիկոզը, ինչն ամեն հղիության ընթացքում սպառնում է ավելի ու ավելի խորանալ։ Հղիության ընթացքում մեծանում է շրջանառվող արյան ծավալը, ինչը բնական է, քանի որ օրըստօրե մեծացող արգանդի սնուցման անհրաժեշտություն է ծագում։ Ընկերքի ձևավորման և գործառույթների իրականացման համար նույնպես թթվածնի և սննդանյութերի կարիք է զգացվում։ Մեծացող արգանդն սկսում է իր համար տեղ փնտրել այլ օրգանների հաշվին, սկսում է փոքր կոնքում ճնշել դրանք ու սեղմել անոթները։

Հորմոնային ֆոնի հաշվին արյան մեջ է ներթափանցում իգական հորմոնների մեծ քանակություն՝ հանգեցնելով երակների պատերի թուլացման, ինչը սպառնում է երակների ախտաբանական լայնացման։ Այդ իրավիճակում երակներում առկա կափույրները չեն ապահովում արյան լիարժեք հեռացումը, քանի որ չեն կարողանում ամբողջովին փակել լայնացած անոթի բացվածքը։ Արյունը մնում և լճանում է, արյան հավելյալ ճնշումն անոթների պատերին հանգեցնում է վերջիններիս թափանցելիության մեծացման։

Բացի այդ, արգանդը ոչ միայն վերցնում, այլև տալիս է արյուն, իսկ նրանից արտահոսքը հղիության ժամանակ գրեթե քսան անգամ մեծանում է։ Հաշվի առնելով, որ արգանդի երակները նույնպես կափույրներ ունեն, որոնք ստեղծված հանգամանքների կամ բնածին առանձնահատկությունների բերումով անկարող են ամբողջապես փակել երակը՝ արյունը լճանում է, իսկ երակները՝ լայնանում։ Այդպես առաջանում է արգանդի երակների վարիկոզ լայնացում:

Պատճառները

Վարիկոզի առաջացման պատճառներն են՝
  • ժառանգական նախատրամադրվածություն,
  • հղիությանը բնորոշ հորմոնային վերակառուցում,
  • արգանդում արյան շրջանառության մեծացում, 
  • քրոնիկական բորբոքային հիվանդություններ, 
  • հիվանդության պատմության մեջ հղիության արհեստական ընդհատում, վիժում կամ ծննդաբերություն, 
  • ձվարանների երակներում արյան լճացում։
Փոքր կոնքի բոլոր օրգանների վարիկոզի առաջացման նախադրյալներն են՝
  • արգանդի մեծացում,
  • արագ գիրացում, 
  • ալիմենտար-կոնստիտուցիոնալ ճարպակալում և դրա այլ տեսակներ, որոնք պայմանավորված են էնդոկրինային հիվանդություններով, 
  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն, 
  • նստակյաց աշխատանք և հիպոդինամիա (շարժունակության պակաս), 
  • վնասակար սովորություններ (ծխախոտի օգտագործում)։ 

Շեքի հատվածի երակների վարիկոզ լայնացումը, որն արտահայտվում է կապտավուն բծերով և անհարմարավետություն առաջացնելով, առաջանում է մեծացող արգանդի պատճառով։ Այն տարածվում է սեռական շուրթերի, հեշտոցի և վուլվայի վրա։

Տեսանելի և թաքնված վարիկոզ

Փոքր կոնքի վարիկոզի ախտանշաններըվառ արտահայտում են գտնում, երբ լայնանում են արտաքին սեռական օրգանների երակները, այն վկայում է փոքր կոնքի ամբողջ հատվածում առկա լճացումների մասին։ Լայնացած անոթները և նրանցում առկա հանգույցներն այդ դեպքում տեսանելի են։

Ներքին երակների լայնացումն ավելի վտանգավոր է առողջության համար և մեծ վտանգ է ներկայացնում հղիության ընթացքի և հետծննդաբերական շրջանի համար։ Հեշտոցի վարիկոզը սպառնում է պատռվել ճիգ գործադրելու կամ դեֆեկացիայի ժամանակ, ինչի հետևանքով հնարավոր է, որ արնահոսություն սկսվի և սակավարյունություն առաջանա։

Փոքր կոնքում առկա լճացումների դեպքում ախտորոշման առաջին մեթոդը հեշտոցային ՈւՁՀ-ն է։ Նրա միջոցով են հայտնաբերվում արգանդի, ձվարանների, հեշտոցի և այլ հատվածների երակների լայնացումն ու հանգույցները, որոնց արտահայտման միակ ձևը կարող է լինել որովայնի ստորին շրջանի ցավը։

Սեռական շուրթերի վարիկոզի ախտանշանները՝
  • աստղիկներ և հանգույցներ, որոնք ձևախեղում են շուրթերը կամ դրանցից մեկը, 
  • մաշկի չորություն, պիգմենտային բծեր ախտահարված հատվածում, 
  • տանջող քոր և ցավ, 
  • աշխատունակության կորուստ։

Եթե փոքր կոնքի երակների լայնացումը սահմանափակվում է խնայող բուժմամբ (առաձգական վիրակապ, գուլպաներ, բուժական մարմնամարզություն), ապա հեշտոցի վարիկոզը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել, ցանկալի է նախքան հղիությունը։ Պատճառն այն է, որ վուլվայի վարիկոզը կարող է պատռվել և լայնածավալ արնահոսության հանգեցնել։

Վուլվայի վարիկոզ լայնացումը ենթակա է բուժման ռադիոհաճախական և լազերային կոագուլյացիայով կամ ռադիկալ ֆլեբեկտոմիայով։ Հղիության ընթացքում այստեսակ բուժումը հնարավոր չէ, ուստի ջանում են սահմանափակվել բուժական ֆիզկուլտուրայով և առաձգական տրիկոտաժով,ու միայն ծայրահեղ դեպքերում են նշանակվում երակների տոնուսը բարձրացնող դեղամիջոցներ։

Հղիության բնականոն ընթացքին սպառնացող վտանգ

Ստորին ծայրամասերի երակների լայնացումը հաճախ ուղեկցվում է հեշտոցի վարիկոզով, որը ցույց է տալիս, որ փոքր կոնքում լճացման երևույթներ կան և երակային ապարատի ախտաբանական պրոցեսում են ընդգրկված նաև կնոջ սեռական մյուս օրգանները, մասնավորապես՝ արգանդը։

Կարդացեք՝ Երակների վարիկոզը հղիության ընթացքում

Արգանդի անոթների ախտահարումը կարող է բացասական հետևանքներ ունենալ և սպառնալիք դառնալ պտղի ու հղիության բնականոն ընթացքի համար, այդ պատճառով երակների վարիկոզ լայնացումը հղիության ընթացքում հատուկ կարգավիճակ է ձեռք բերում, գլխավոր դերում ստորին վերջույթների երակներն են հայտնվում․ չէ՞ որ հենց նրանցից է ամեն բան սկսվում, իսկ փոքր կոնքը հետագայում է ներգրավվում։