Հորմոնները հղիության պլանավորման փուլում

26.04.2016 10097
Երբ ամուսինները որոշում են երեխա ունենալ, նախ այցելում են բժշկի։ Երբեմն, երբ հղիանալու խնդիր է առաջանում, բժիշկը հորմոնային ֆոնի հետազոտություն է նշանակում և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Երբ պարզվում է այս կամ այն հորմոնի մակարդակը, հնարավոր է դառնում պարզել նաև խնդրի պատճառը։

Հորմոնն ակտիվ նյութ է, որն արտադրվում է ներզատական գեղձերի կողմից։ Դրանց քանակը կարող է կախված լինել մի քանի գործոնից։ Հորմոնային խանգարումը լուրջ խնդիր է և կարող է վատ հետևանքներ ունենալ առողջության համար։ Հորմոնային ֆոնի հետազոտությունից հետո հնարավոր կլինի պարզել, թե ինչ վիճակում է վերարտադրողական համակարգը։

Կարդացեք՝ Ամփոփ տեղեկություն հորմոնների մասին

Հորմոնային ֆոնի հետազոտություն է նշանակվում նաև 35 տարեկանից մեծ կանանց, քանի որ այդ տարիքում ձվարանների ֆունկցիան նվազում է։

Հորմոնների հետազոտություն է նշանակվում նաև հետևյալ դեպքերում՝
  • դաշտանային ցիկլի խանգարում,
  • հիպերանդրոգենիա, գիրացում,
  • հղիություն, որն անհաջող ավարտ է ունեցել, 
  • երբ չի հաջողվում հղիանալ մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի պարագայում։

Ֆոլիկուլախթանիչ հորմոն

ՖԽՀ-ն արտադրվում է հիպոֆիզի կողմից, նրանից է կախված, թե որքան արագ ու հաջող կհասունանա ձվաբջիջը։ Այն նաև պատասխանատու է էստրոգենի արտադրման համար, որն արգանդում օգնում է, որ էնդոմետրիումն աճի։ ՖԽՀ-ի ազդեցությամբ ձվազատում է կատարվում։ Այդ հորմոնի մակարդակի որոշման նպատակով հետազոտության նմուշը պետք է հանձնել դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը։

Տղամարդու օրգանիզմում ՖԽՀ-ն օգնում է բարձրացնել տեստոստերոնի մակարդակը, ինչից կախված է սերմնաբջիջների հասունացումը։ Այդ հորմոնի արտադրման հետ կապված խնդիրները հանգեցնում են անպտղության։

Լյուտեինիզացնող հորմոն

Լյուտեինիզացնող հորմոնը նույնպես հիպոֆիզի հորմոններից է։ Կնոջ օրգանիզմում այն օգնում է ֆոլիկուլում ձվաբջջի հասունացմանը, ինչպես նաև նպաստում է դեղին մարմնի ձևավորմանը, էստրոգենների և պրոգեստերոնի արտազատմանը։ Ամենաբարձր մակարդակը նկատվում է ձվազտման փուլում։

Կարդացեք՝ Լյուտեինիզացնող հորմոն

Տղամարդու օրգանիզմում օգնում է, որ անհրաժեշտ քանակությամբ տեստոստերոն արտադրվի։ Անպտղության պատճառը պարզելու նպատակով բժիշկը նախ դիտարկում է այդ գործում կարևորագույն դեր խաղացող երկու հորմոնի՝ ՖԽՀ-ի և Լհ-ի հարաբերակցությունը։

Պրոլակտին

Պրոլակտինն ինչ-որ չափով կարող է ճնշել ՖԽՀ-ի բնականոն ձևավորումը։ Այն ամբողջովին պատասխանատու է ձվազատման համար։ Եթե պրոլակտինը բնական սահմաններում չէ, ապա նշանակում է, որ ձվաբջիջը չի կարողանում բնականոն զարգանալ, ինչի հետևանքով ձվազատում չի կատարվում։

Կարդացեք՝ Պրոլակտին հորմոն

Եթե պրոլակտինի մակարդակը բարձր է տղամարդու օրգանիզմում, ապա հնարավոր է, որ սեռական ֆունկցիայի խանգարում առաջանա։

Էստրադիոլ

Էստրադիոլը հղիության պլանավորման փուլում օգնում է արգանդին, ավելի կոնկրետ՝ նրա լորձաթաղանթին, լիակատար նախապատրաստվել հղիությանը։ Այն կարգավորում է ձվաբջջի հասունացումը և դաշտանային բնականոն ցիկլը։ Ձվազատումից հետո էստրադիոլի մակարդակն զգալիորեն նվազում է։ Շատ կարևոր է, որ պատասխանատվությամբ վերաբերվեք հղիության պլանավորմանը։ Այն կօգնի պահպանել ձեր առողջությունը և առողջ երեխա լույս աշխարհ բերել։