Անկողնային ռեժիմը հղիության ընթացքում

20.01.201517987

Ակտիվ ապրելակերպ և հղիություն

Հաճախ այս երկու արտահայտություններն անհամատեղելի են դառնում: Քիչ չեն այն դեպքերը, երբ կինն ստիված է լինում հղիության 9 ամիսների ընթացքում պառկած մնալ և վեր կենալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Բնականաբար խոսքը ոչ թե հղի կանանց կամակորությունների կամ մանկաբարձ-գինեկոլոգի քմահաճույքի, այլ շատ հստակ բժշկական ցուցումների մասին է:

Հղիության ընդհատման սպառնալիք

Ցանկացած շարժման ժամանակ մկանները լարվում են, այդ թվում նաև որովայնի առաջնային պատի մկանները, ներորովայնային ճնշումն անկայուն է դառնում, որի հետևանքով արգանդի տոնուսը բարձրանում է: Իսկ դրան հաջորդում է շղթայական ռեակցիան՝ վաղ ժամկետում պտղաձուն առանձնանում է: Իսկ հղիության բարձր ժամկետում, օրինակ՝ ընկերքի վաղաժամ շերտազատում և այլն, որը կարող է ավարտվել վիժմամբ կամ վաղաժամ ծննդաբերությամբ: Հղիության ընդհատման սպառնալիքի դեպքում անկողնային ռեժիմը թույլ է տալիս պաշտպանել պտուղը մեխանիկական ազդեցություններից. որովայնային մկանների հանգիստ վիճակի շնորհիվ նրա վրա չեն ազդի տատանումները և վիբրացիան:

Ընկերքի առաջադրություն

Նույնիսկ շատ չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ընկերքի առաջադրման դեպքում կարող է հանգեցնել դրա շերտազատման, որի հետևանքով կարող է առաջանալ ապագա մայրիկի և պտղի առողջությանը վտանգ սպառնացող արյունահոսություն: Որքան մեծ է հղիության ժամկետը, այնքան շատ է շերտազատման հավանականությունը, այդ պատճառով բժիշկները երբեմն կրկնակի ապահովության համար նշանակում են անկողնային ռեժիմ:

Ընկերքի վաղաժամ շերտազատում

Ընկերքի վաղաժամ շերտազատման դեպքում շարժումների ակտիվության սահմանափակումը կարող է օգնել միայն, եթե նման բան տեղի է ունեցել ընկերքի փոքր հատվածում: Նվազեցված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միայն բարձրացնում է արգանդի տոնուսը, որը շերտազատումը գործնականորեն անխուսափելի է դարձնում:

Գեստոզ

Այս վիճակը դիտվում է հղիության երկրորդ եռամսյակից սկսած և կապված է արյունատար անոթների նեղացման հետ, և որպես հետևանք՝ ջուր-աղային բալանսի և հղի կնոջ, երեխայի և ընկերքի արյան մատակարարման խախտման հետ: Բժիշկների մոտ ընդունված կարծիք է, որ հղի կնոջ հորիզոնական դիրքը բարելավում է երիկամների արյան շրջանառությունը, իջեցնում է զարկերակային ճնշումը և նվազեցնում է այտուցը: Արգանդ ընկերքային արյունային շրջանառությունը նույնպես որոշ չափով կարգավորվում է, և պտղին մատակարարվում է պահանջվող քանակությամբ թթվածին և այլ անհրաժեշտ նյութեր:

Պտղաջրերի արտահոսք

Այսպիսի բարդության դեպքում փորձում են հղիությունը հնարավորինս երկար պահպանել՝ նախքան պտղի՝ կենսունակ վիճակի հասնելը: Անկողնային ռեժիմը նման պարագայում խիստ անհրաժեշտություն է: Կինն ստիպված է կենսունակության բոլոր գործողություններն իրականացնել առանց անկողնուց վեր կենալու: Բուժումն իրականցվում է ստացիոնար պայմաններում, որպեսզի ապահովվի մոր և մանկան վիճակի մշտական վերահսկում: Անկողնային սպիտակեղենը և ներքնազգեստը փոխվում է ամեն օր՝ պտղի վարակման   կանխարգելման համար:

Սիմֆիզիտ

Հորմոնալ փոփոխությունների պատճառով որոշ հղի կանանց օրգանիզմում տեղի է ունենում ցայլահոդի չափից ավելի (պաթոլոգիական) փափկեցում: Սիմֆիզիտի բուժման գլխավոր պայմաններից մեկը մի քանի շաբաթվա անկողնային ռեժիմն է:

Անկողնային ռեժիմի տեսակները

Բժշկի նշանակումը լսելուց հետո կինը հաճախ տխրում է. ինքը գամվելու է անկողնուն, իսկ ամուսինն ու ընտանիքի մյուս անդամներն ազատ պտտվելու են իր շուրջ, այնինչ կան անկողնային ռեժիմի տեսակներ, որոնց մի մասը թվացյալի պես ցավալի չէ:

Անկողնային ռեժիմ՝ խիստ, ամբողջական անշարժացում, կագնել և նստել չի թույլատրվում:
Ընդլայնված՝ թույլ է տրվում նստել անկողնու վրա ոչ երկարատև, 5-40 րոպե, օրական մի քանի անգամ:
Հիվանդասենյակային՝ կարելի է նստած անցկացնել օրվա կեսը և նույնիսկ թույլատրվում է կարճատև դանդաղ զբոսանք՝ 100-150 մ. (օրինակ մինչև զուգարան):
Ազատ՝ նախորդ ռեժիմի նման է՝ ավելացված զբոսանքի տևողությամբ և աստիճաններից օգտվելու թույլտվությամբ: Այնուամենայնիվ խորհուրդ է տրվում հանգստանալ յուրաքանչյուր 200 մետրից հետո:
Մեղմ՝ այս տեսակը համապատասխանում է ազատ ռեժիմին և թույլատրվում է մինչև 3 կմ զբոսանք՝ հանգստանալով յուրաքանչյուր 30 ր.: Մեղմ-մարզող կամ մարզող ռեժիմները ցուցվում են գրեթե լիովին առողջ կանանց և կրում են ֆիզիկական ակտիվության շատ քիչ սահմանափակումներ:

Ինչպես տեսնում եք, ձևերը տարբեր են, բացի այդ հետազոտությունների և առողջական վիճակի բարելավումից, բոլոր վտանգավոր ախտանշանների վերացումից հետո բժիշկը կարող է դադարեցնել անկողնային ռեժիմը:

Ինպե՞ս է պետք պառկել անկողնային ռեժիմի ընթացքում

Հղիության ժամկետներից կախված՝ պառկելու դիրքը կարող է փոփոխվել: Հղիության սկզբում, երբ արգանդի չափերը դեռ մեծ չեն և դուրս չեն գալիս փոքր կոնքի սահմաններից, թույլատրվում է պառկել ցանկացած դիրքով՝ այդ թվում նաև որովայնի վրա: Արգանդի մեծացմանը զուգընթաց (մոտավորապես մինչև 28 շաբաթ) կարելի է պառկել կողքի կամ մեջքի վրա: Ավելի ուշ պետք է բացառել մեջքի վրա պառկելը, քանի որ մեծացող արգանդը ճնշում է ստորին սիներակը, որը մարմնի ներքևի հատվածից հավաքում է երակային արյունը՝ դեպի սիրտ ճանապարհին: Այդ պատճառով, 28-29 շաբաթներից սկսած մնում է միայն կողքի պառկած դիրքը:

Նախընտրելի է պառկել ձախ կողքի վրա, քանի որ այս դիրքում արգանդը լավ է մատակարարվում արյունով, սակայն պտտվել կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է: Պետք է նշել, որ անկողնային ռեժիմը (հատկապես խիստ ռեժիմը) այնպես, ինչպես ֆիզիկական ակտիվությունը, հղի կնոջ համար կարող է բարդություններ առաջացնել: Դրա հետևանքով կարող են առաջանալ հոդերի անշարժություն (կոնտրակտուրա), մկանների ատրոֆիա (ապաճում), ոսկրերում կալցիումի պակասի հետևանքով առաջացած օստեոպորոզ, որոնք պահանջում են բժշկական միջամտություն: Նմանատիպ բարդություններից խուսափելու համար կինը պետք է կիրառի անկողնային հիվանդների համար նախատեսված հատուկ վարժությունների համալիր, հետևի սննդին և բժշկի թույլտվությամբ աստիճանաբար ավելացնի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Եթե ուշադիր հետևեք բժիշկների բոլոր խորհուրդներին և ցուցումներին, ապա այս ծանր հղիությանը կհաջորդի հաջող ծննդաբերությունը և երջանիկ մայրությունը: