Հետծննդաբերական դեպրեսիա

Հետծննդաբերական դեպրեսիա

Հետծննդաբերական դեպրեսիա, որը մի շարք հոգեբաններ կոչում են «մայրական թախիծ», մեղմ արտահայտված ձևով ունենում է կանանց գրեթե 50%-ը, իսկ ուժեղ արտահայտված ձևով՝ 1%-ը: «Մայրական թախիծը» ֆիզիկական և հուզական թուլության, ընդհանուր հոգնածության վիճակն է, որը հաճախ ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխայի ծննդյան և մայրության առաջին վառ տպավորություններն անցնում են, հոգնածությունը կուտակվում է, իսկ երեխայի հետ շփման հաճույքը դեռևս չի բավարարում. փոքրիկը դեռևս խանդավառությամբ չի ընդունում մայրիկի ներկայությունը, հաճույք է ստանում հիմնականում հանգիստ վիճակից և ոչ թե շփումից:

Մի դադարի շրջան է սկսվում, երբ երեխայի խնամքի հիմնական հմտություններն արդեն յուրացված են, նոր տպավորությունները մարում են, իսկ սպասման ինն ամիսների և ծննդաբերության դժվարությունների պարգևատրումը դեռևս չկա: Այս շրջանում հորմոնային վերակառուցում է կատարվում, որը ֆիզիկական և հուզական դրսևորումներով շատ նման է նախադաշտանային համախտանիշին և հղիության առաջին եռամսյակին (հոգնածություն, դյուրագրգռություն, տխրություն և այլն):

Եթե պատճառ կա բավարարված չզգալու սեփական անձից (ծննդաբերությունը չանցավ այնպես, ինչպես սպասում էի, ես լավ մայր չեմ և այլն), երեխայից (ծնվեց աղջիկ և ոչ թե տղա կամ ընդհակառակը, նման է ոչ թե ինձ, այլ սկեսրոջս, շատ է լաց լինում, բարդություններ կամ զարգացման խնդիրներ ունի և այլն), մտերիմ բարեկամներից (բոլորը հետաքրքրված են միայն երեխայով, իսկ ես ոչ ոքի պետք չեմ, ամուսինս չի գիտակցում կատարված փոփոխությունների լրջության աստիճանը և այլն), ապա «մայրական թախիծն» այս վիճակից կարող է վերածվել իսկական դեպրեսիայի, որը տարբեր կերպ է ընթանում և արտահայտվում:

Հետծննդաբերական դեպրեսիան կարող է կարճատև, պարբերաբար կրկնվող կամ երկարատև դրսևորումներ ունենալ: Հաճախ ի հայտ է գալիս նորածնության շրջանում (սկսվում է ծննդաբերությանը հաջորդող 3-5 շաբաթների ընթացքում) և կարող է տևել 2-3 շաբաթից մինչև 5 ամիս: Սովորաբար թույլ և միջին արտահայտվածության պարագայում հնարավոր է լինում ինքնուրույն հաղթահարել:

Հետծննդաբերական դեպրեսիայի ֆիզիոլոգիական հիմքը ծննդաբերությունից հետո կատարվող հորմոնային վերափոխումներն են: Ընդ որում՝ բոլոր կանայք են ունենում այսպիսի փոփոխություններ, իսկ այ դեպրեսիա՝ ոչ բոլորը: Վերջինիս սկիզբը և արտահայտվածությունը կախված չեն հորմոնային վերափոխումների ինտենսիվությունից, սակայն էապես կախված են 2 հիմնական պատճառից՝ հորմոնային փոփոխությունները տանելու կնոջ անհատական ոճից, որն արտահայտվում է վերարտադրողական ցիկլի տարբեր փուլերում (դեպրեսիվ ապրումներ հասունացման շրջանում, նախադաշտանային համախտանիշի արտահայտված դեպրեսիվ բնույթ, դեպրեսիայի հակվածություն հղիության առաջին եռամսյակի ընթացքում) և կնոջ կյանքում տվյալ հղիության ու երեխայի ունեցած նշանակությունից (որքանով և որ ուղղությամբ՝ լա՞վ, թե՞ վատ. երեխան փոխում է մոր կյանքը):

Հետծննդաբերական դեպրեսիայի դրսևորումներ նկատվել են նաև բարձրակարգ կենդանիների շրջանում, մասնավորապես՝ կապիկների: Այդ դեպքերում մայրը լիովին կորցնում է հետաքրքրությունը փոքրիկների հանդեպ, դառնում ագրեսիվ, անտարբեր նրանց արտաքինի և «մանկական» դրսևորումների նկատմամբ, և նրանք մահանում են: Սակայն կինը երբեք չի կարող հրաժարվել իր երեխայից կամ խոստովանել ինքն իրեն կամ այլոց, որ նա իրեն չի հետաքրքրում, որ ինքը բավարարվածություն չի զգում իր նոր վիճակից (էլ չենք խոսում մայրական երջանկության մասին), այլ միայն դատարկություն, ձանձրույթ, հոգնածություն և նյարդային է զգում: Երեխայի նկատմամբ ջերմ զգացմունքների և «մայրական երջանկության» առաջացումը իմացված և սպասելի է կնոջ համար: Եթե վերջիններս ի հայտ չեն գալիս, մեղքի սուր զգացում է առաջանում, ինչի մասին որևէ մեկի հետ խոսելը հաճախ շատ դժվար է լինում, երբեմն այդ մասին չի խոսվում ընդհանրապես. չէ՞ որ բոլորը ճիշտ հակառակ վիճակն են ակնկալում երիտասարդ մայրիկից:

Ինչ անել, եթե անկախ ձեռնարկված միջոցներից (նախապատրաստում ծննդաբերությանը հատուկ կենտրոնում, ծննդատան ընտրություն, հաջող ծննդաբերություն և այլն), «օբյեկտիվ պատճառների» դեպքում (դժվար ծննդաբերություն, երեխայի առողջական խնդիրներ, անկանխատեսելի իրադարձություններ ընտանիքում և այլն) կամ անհայտ պատճառով այնուամենայնիվ հետծննդաբերական դեպրեսիա է սկսվել: Յուրաքանչյուր դեպք բացառիկ է և խիստ անհատական մոտեցում է պահանջում, սակայն, ինչպես միշտ, կան որոշ ընդհանուր մոտեցումներ:

1. Ընդունեք ձեր վիճակը. այն արդեն կա, որքան էլ որ ցավալի է: Չէ՞ որ այն, ինչ զգում, ապրում ենք, ոչ լավ է, ոչ վատ, այն ուղղակի կա, արդեն փաստ է, իսկ աշխարհում գոյություն ունեցող ամեն բան իր սկզբնապատճառն ունի, իր ընթացքը և ավարտը: Հետծննդաբերական դեպրեսիան բնական վիճակ է (թեև ոչ բոլորն են ունենում) և անկասկած կանցնի:

2. Ձեր վիճակն ընդունեք ոչ թե որպես մեղք (այն պատճառով, որ ես այնքան էլ լավ մայր չեմ, ինչպիսին կցանկանայի լինել), այլ որպես դժվարություն, իսկ ցանկացած դժվարություն միշտ արտաքին պատճառներ էլ է ունենում (մենք մեղավոր չենք կամ միայն մենք չենք, որ մեղավոր ենք), երկրորդ, դժվարին իրավիճակում կարելի է և հարկավոր է այլ մարդկանց օգնությունը խնդրել: Հետծննդաբերական դեպրեսիան ևս խստորեն պահանջում է հարազատների, մտերիմների և իհարկե մասնագետի՝ հոգեբանի աջակցությունը: Առանց հոգեբանի հնարավոր է գլուխ հանել դեպրեսիայի թեթև դեպքերում և այն պարագայում, եթե ամուսինը, ընտանիքը և ընկերները պատրաստ են և կարող են օգնել երիտասարդ մայրիկին (նաև հայրիկին, քանի որ վերջիններս ևս կարող են դեպրեսիա ապրել):

3. Ամեն բան ներսում մի պահեք: Միայն թվում է, թե ծննդաբերությունից հետո կինը պետք է անմիջապես «երջանիկ մայր» դառնա, ընդ որում՝ ինքնաբերաբար: Խոսեք արդեն իսկ ծննդաբերության փորձ ունեցած կանանց հետ (ավելի լավ կլինի վերջերս մայրացած. հետծննդաբերական դեպրեսիայի թեթև ձևերը շուտ են մոռացվում): Կհամոզվեք, որ միայն դուք չեք հայտնվել այդպիսի իրավիճակում. կանանց մեծամասնությունն այս կամ այն չափով զգացել է այդ տհաճ վիճակը: Կիսվեք այնպիսի մարդու հետ, ով կհասկանա և կընդունի ձեր վիճակը, այլ ոչ թե կքննադատի և կմեղադրի:

Ինչպե՞ս օգնել: Այս հարցում ևս ընդհանուր մոտեցումներ կան:

1. Հետծննդաբերական դեպրեսիայի դեպքում պարտադիր է ընտանիքի անդամների աջակցությունը և ուշադրությունը: Եթե զգում եք, որ այդպիսի վերաբերմունքն ինքնին ի հայտ չի գալիս, ապա կա երկու տարբերակ:

Ա. Կարելի է փորձել իրավիճակը փոխել դեպի լավը: Հնարավոր է, որ պարզ բացատրությունը, ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ (կամ բոլորի) ունեցած անկեղծ զրույցը ձեզ ցույց կտա, որ ոչ թե նրանք, այլ դուք ինքներդ եք մեղադրում ձեզ պատահածում և այդ պատճառով էլ նմանատիպ վերաբերմունք եք ակնկալում նաև մտերիմներից: Եթե կասկածում եք ըմբռնման և աջակցության հարցում, ապա փորձեք գոնե մեկ կողմնակից գտնել, ով հենարան կլինի ձեզ համար և կօգնի: Նրա օգնությամբ հեշտ կլինի փոխել ընտանիքում և հենց ձեր ներսում ստեղծված իրավիճակը:

Բ. Եթե չի ստացվում ինքնուրույն հարթել իրավիճակը, ապա կարելի է «արտաքին հենարան» գտնել՝ ընկերուհուն, միգուցե բժշկին, իսկ շատ ավելի լավ կլինի՝ հոգեբանին: Այդ քայլը պետք է նաև ընտանիքում փոխհարաբերությունները կարգավորելու հնարավորություն ընձեռի, նույնիսկ դեպրեսիան հաղթահարելուց հետո: Հիշեք, որ երբ պատվով դուրս գաք դեպրեսիայի տհաճ վիճակից, ձեր գլխավոր նպատակը պետք է լինի ոչ թե ընտանիքի անդամներին և մտերիմներին ձեզ չհասկանալու համար մեղադրելը, այլ ձեր ձեռքբերման բարձրությունից ներողամտություն դրսևորելը նրանց նկատմամբ, ովքեր պատրաստ չէին այդ փորձությանը: Միգուցե անգամ դուք օգնեք նրանց:

2. Երեխան չպետք է հետծննդաբերական դեպրեսիայի զոհը դառնա: Մոր համար մեծ նշանակություն ունի այն, որ երեխային խնամում են, տալիս սեր և ուշադրություն, այն ամենը, ինչն ինքը դեռևս չի կարող տալ: Թե որքան կարևոր է դա երեխայի համար, հասկանալի է առանց որևէ բացատրության: Ցավոք երեխայի վիճակում այն զգալիորեն ուշ կարտահայտվի, իսկ մինչ այդ կարծես թե ամեն բան լավ է՝ ուտում է, քնում, չի հիվանդանում: Մայրը, սակայն, միշտ այնպիսի զգացում է ունենում, կարծես թե երեխային ինչ-որ կարևոր և անհրաժեշտ բան չի տալիս:

Այդ զգացումը միայն խորացնում է առանց այդ էլ բարդ վիճակը: Ուստի ավելի լավ է ինքներդ ձեզ չստիպեք «երջանիկ մայր խաղալ», վստահեք նրանց, ովքեր ցանկանում են և հնարավորություն ունեն երեխային սեր ու ջերմություն տալու: Մոր համար կարևոր է իմանալ, որ ինչ էլ որ պատահի, միևնույնն է, երեխայի համար ինքը միակն է, անփոխարինելին և ամենասիրելին, այդպիսին կմնա միշտ, չնայած որ մի քանի շաբաթ ուրիշ մեկն է նրան «ավելի շատ սիրելու»:

3. Դեպրեսիայից հնարավոր է դուրս գալ հաճույքներին տեղի տալու և ակտիվ գործունեության միջոցով: Պարզվում է, որ սա երբեմն ամենադժվարն է լինում: Իսկապես, ո՞րն է տրամաբանությունը: «Սխալ» մայրը երեխային սիրելու և իրեն երջանիկ զգալու փոխարեն անընդհատ թախծում է, դատարկություն զգում, իսկ «ծանր մեղքի համար» պատժվելու փոխարեն խորհուրդ ստանում ավելի շատ զբոսնել, հյուր գնալ, զվարճանալ և իրեն հաճույք պատճառել: Բայց չէ՞ որ դեպրեսիան մոր մեղքը չէ, այն ցավագին դժվարություն է, որ անհապաղ և շարունակական օգնություն է պահանջում:

Այս օգնության ձևերից մեկն էլ, ընդ որում ամենակարևորը, ընդհանուր ֆիզիկական և հուզական տոնուսը բարձրացնելն է: Եթե դա կատարվի, կինը կկարողանա առանց օգնության հաղթահարել դեպրեսիան: Սակայն նախքան այդ լավ կլինի կիրառել առաջին երկու մոտեցումները. չէ՞ որ ընտանիքը պետք է աջակցի նրան այդ հարցում և ստանձնի երեխայի խնամքը (գոնե մասամբ): Միայն այդ դեպքում մայրը կկարողանա դեպրեսիայի խորին հատակից վեր հանել ծանրացած բեռը (իր ֆիզիկական և հուզական վիճակի), իսկ դա հեշտ գործ չէ:

 

Գ. Ֆիլիպովա

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է