Սթրեսը հղիության ընթացքում
Բազմաթիվ մասնագետներ նշում են, որ ապագա մոր ապրած սթրեսն ազդում է հղիության և ծննդաբերության վրա: Առաջացող խնդիրներից առանձնացվում է ներարգանդային հիպոքսիան (պտղի շնչառական կենտրոնի անբավարարություն` թթվածնային քաղց), ընկերքային արյան շրջանառության խանգարումները, ծննդաբերական ուժերի սպառումը, ծննդաբերության ընթացքի շեղումները և այլն:
Փորձենք ներկայացնել այն հիմնական հոգեբանական գործոնները, որոնք նպաստում են հղիության ընթացքում հուզական սթրեսի առաջացմանը:
1. Եսակենտրոնություն և նարցիսիզմ (ինքնասիրահարվածություն), երբ ապագա մայրը չի ցանկանում հանուն երեխայի որոշակի զոհողությունների գնալ: Հաճախ այս երևույթը նկատվում է արտաքնապես հմայիչ կանանց շրջանում, ովքեր ծանր ապրումներ են ունենում, երբ հղիության ընթացքում արտաքինի և կազմվածքի փոփոխություններ են կատարվում (դեպի վատը):
2. Ա տիպի պահվածք, երբ ապագա մայրն առաջնային կարևորություն է տալիս մասնագիտական հաջողություններին և հետաքրքրություններին, որոնք հակասում են որոշ շրջան միայն ընտանիքին ժամանակ տրամադրելուն և երեխայի կարիքների ու դաստիարակության վրա կենտրոնանալուն:
3. Զգայունության բարձր աստիճան, դյուրազգացություն, խոցելիություն, երբ ցանկացած սթրես երկարատև պահպանվում է հուզական հիշողության մեջ և արտահայտվում կնոջ կյանքում համեմատաբար ավելի զգայուն շրջանում՝ հղիության ընթացքում:
4. Տագնապայնություն՝ հակում դեպի մշտապես անհանգստանալը և վախերը:
5. Կասկածամտություն, երբ կասկածներ են առաջանում տարբեր հարցերի շուրջ և ինքնավստահության պակաս է նկատվում:
6. Ապագա մայրը ծննդաբերությունն ընդունում է որպես իր կյանքում հիվանդագին, վտանգավոր և անախորժ իրադարձություն:
7. Ընտանիքում անբարենպաստ կենցաղային պայմանների և ամուսնական խնդիրների հետևանքով առաջացած նյարդային վիճակ:
Կարևոր գործոններ են նաև անձնային սթրեսի այնպիսի տարրեր, ինչպիսիք են դյուրագրգռությունը և անհանգստությունը հղիության ավարտին, հուզական անբավարարվածությունը և դժգոհությունը, անհանգստությունները հղիության սկզբում, ապրումները՝ կապված ամուսնու հետ հարաբերությունների հետ, ուժեղ վախերը, գերհոգնածությունը, վատ ինքնազգացողությունը և այլն:
Աղջիկների դեպքում մոր սթրեսը հղիության ընթացքում ավելի շատ խնդիրներ է առաջացնում նախածննդյան շրջանում, քան տղաների դեպքում: Այլ կերպ ասած՝ իգական սեռի օրգանիզմը տարբեր կողմերով (դիսֆունկցիոնալ կերպով) է արձագանքում մոր ապրած սթրեսին:
Դիտարկենք ապագա մոր ապրած սթրեսի ախտաբանական ազդեցությունները հղիության և ծննդաբերության վրա:
Ամուսնության ամրության հարցում վստահության բացակայությունը պայմանավորված է ամուսնու հետ հարաբերությունների պատճառով առաջացած ապրումներով, ինչն ապագա մորն ավելի զգայուն է դարձնում ծննդաբերությունից առաջ ի հայտ եկող վախերի նկատմամբ:
Ամուսնու հետ վիճահարույց հարաբերությունների հետևանքով առաջացած անհանգստությունները հանգեցնում են հուզական անբավարարվածության, նորածնի ռեֆլեկտորային ճիչի բացակայության, ինչը գնահատվում է որպես հուզական կամ հոգեծին արգելակվածության արտահայտում:
Աղջիկների դեպքում մոր նմանատիպ ապրումները հաճախ հանգեցնում են վիժման: Երբեմն հղիության սկզբում ի հայտ եկած անհանգստությունները տղաների դեպքում հանգեցնում են ծննդաբերության ընթացքի երկարաձգման, իսկ աղջիկների դեպքում՝ վիժման:
Մոր չափազանց դյուրագրգիռ վիճակը հաճախ պայմանավորված է լինում նաև նրա հոգնածությամբ և քնի խանգարումներով, ինչը, ըստ էության, նևրասթենիայի ախտանշաններ է ձևավորում:
Ուսումնական կամ աշխատանքնային ծանրաբերռնվածությունը կարող են վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ, ինչպես նաև նպաստել արագընթաց ծննդաբերության և նորածնի ճիչի բացակայության:
Հղիության ընթացքում քնի խանգարումները և ներքին անբավարարվածությունը, առողջության հետ կապված մտահոգությունները, գերհոգնածությունը, հղիության ավարտի, ապագայի հետ կապված մտավախությունները փոխկապակցված են: Շատ դեպքերում այս ամենը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության:
Ծննդաբերության նկատմամբ վախերը պայմանավորված են տարբեր գործոններով՝ այլ կանանց բացասական փորձը, ֆիլմերը, որտեղ ծննդաբերությունը պատկերվում է որպես խիստ ցավոտ գործընթաց, սեփական ուժերի նկատմամբ վստահության պակասը և այլն: Այս հարցին կանդրադառնանք առանձին հոդվածով: