Արգանդի պարանոցի կոնիզացիա

09.04.20191321

Արգանդի պարանոցի կոնիզացիան ախտահարված օրգանի կոնուսաձև հատվածի հեռացումն է։ Ստացված նյութը ենթարկվում է հյուսվածքաբանական հետազոտության՝ պարզելու քաղցկեղի առկայությունը։

Արգանդի պարանոցը կարող է ախտաբանական փոփոխությունների ենթարկվել հետծննդաբերական վնասվածքների և պատռվածքների, նախաքաղցկեղային հիվանդությունների, էկտրոպիոնի, բարորակ նորագոյացությունների արդյունքում։

Ճիշտ ժամանակին խնդիրը ախտորոշելու և արգանդի պարանոցի կոնիզացիան կատարելու դեպքում հնարավոր է վերացնել օրգանի ախտաբանական փոփոխություններն ու ապագայում խուսափել ավելի ծանր հիվանդություններից։

Արգանդի պարանոցի կոնիզացիայի ռադիոալիքային և այլ մեթոդներ

Այսօր կա կոնիզացիայի մի քանի մեթոդ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություներն ու թերությունները՝

  • դանակային` վիրահատական միջամտություն նշտարիկով (հազվադեպ է կիրառվում, որովհետև բարդությունների առաջացմն վտանգը մեծ է), 
  • ռադիոալիքային, որի դեպքում կոնիզացիան կատարվում է «Սուրգիտրոն» կոչվող ռադիոալիքային սարքով, որն օգնում է նվազագույնի հասցնել արյան կորուստը և զգալիորեն կրճատել հետվիրահատական շրջանի տևողությունը (այսօր այդ մեթոդն ավելի արդյունավետ է և պահաջված), 
  • լազերային՝ վիրաբուժական կոնիզացիա CO2-ով և ԿՏՌ լազերով, որն ավելի թանկարժեք է և բարդությունների առաջացման վտանգն էլ մեծ է։ 

Ռադիոալիքային վիրաբուժության սկզբունքը հիմնված է այն բանի վրա, որ էլեկտրոդի բարձր հաճախականությամբ ճառագայթները մաշկի հետ շփման ժամանակ ջերմություն են արձակում, որը հոդս է ցնդեցնում բջիջները։ Արդյունքում կտրվածքն ստացվում է կատարյալ հավասար և կոկիկ, և հարակից հյուսվածքներն էլ չեն վնասվում։

Ռադիոալիքային մեթոդի առավելություններն են՝

  • հյուսվաքների վրա տրավմատիկ և մեխանիկական նվազագույն ազդեցություն, 
  • բնական ֆիզիոլոգիական բոլոր ֆունկցիաների պահպանում, 
  • բարձր ճշգրտություն, որը թույլ է տալիս լիովին հեռացնել ուռուցքը, հղկել հյուսվածքի վնասված հատվածները և նմուշ վեցնել հետագա հետազոտության համար, 
  • հետվիրահատական շրջանի կարճ տևողություն և արյունահոսության վտանգի նվազեցում, 
  • ամբուլատոր պայմաններում միջամտությունն անցկացնելու հնարավորություն։

Ինչպե՞ս է կատարվում միջամտությունը

Արգանդի պարանոցի կոնիզացիան տևում է առավելագույնը 15 րոպե՝ կախված ախտահարման բարդությունից։ Միջամտությունից հետո նշանակվում է հակամանրէային և օրգանիզմն ամրացնող թերապիա։ Հաջորդող 4-6 շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերությունից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հիգիենիկ տամպոնների օգտագործումից։