Կրծքագեղձի քաղցկեղ
Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է: Այն շատ արագ է զարգանում, կարող է տարածվել այլ օրգաններ (առաջացնել մետաստազներ) և ախտահարել ավշահանգույցները:
Քաղցկեղի նշանները.
- կրծքագեղձում հանգույցների ուռածություն, կոշտացում,
- կրծքագեղձի ձևի կամ ուրվագծի փոփոխություն,
- կրծքի ցավ կամ անհարմարության զգացում,
- կրծքի մաշկի կնճռոտում կամ ներքաշում,
- կրծքի մաշկի թեփոտում,
- արտադրություն կրծքագեղձից,
- պտուկի ներքաշում,
- պտուկի շրջանում ուռածություն, կոշտացում,
- անութափոսի հատվածում ուռածություն, կոշտացում, գոյացության առաջացում,
- մետաստազների (երկրորդային ուռուցք) առաջացման նշաններ, հազ և արյան թքում, ցավ ոսկրերում, պաթոլոգիական կոտրվածքներ, դեղնուկ, նյարդաբանական ախտանիշներ՝ գլխացավ, շարժման կոորդինացման խանգարում, ջղաձգումներ:
- ուռուցքային ինտոքսիկացիայի (ինքնաթունահարության) ոչ բնորոշ ախտանշաններ՝ սակավարյունություն (անեմիա), բարձր ԷՆԱ, ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն, արագ հոգնածություն, քաշի կորուստ:
Ըստ ուռուցքի աճի ձևի տարբերում են կրծքագեղձի քաղցկեղի հանգուցավոր և դիֆուզ տեսակներ: Ըստ օնկոլոգիական պրոցեսի զարգացման և ուռուցքի չափերի տարբերում են քաղցկեղի հետևյալ փուլերը.
1 փուլ – ուռուցքը փոքր է (մինչև 2 սմ), անութային ավշահանգույցներում մետաստատիկ ախտահարումները բացակայում են: Այս փուլում բուժման և գոյատևման կանխատեսումներն ամենաբարենպաստն են:
2 փուլ- ուռուցքը մեծ չէ, հնարավոր են մետաստազներ: Բուժման ու գոյատևման կանխատեսումները բարենպաստ են:
3 փուլ – ուռուցքի չափերը գերազանցում են 5 սմ, առկա են մետաստազներ ավշահանգույցներում: 4 փուլ – ուռուցքի չափը տարբեր է, իսկ մետաստազները հանդիպում են այլ օրգաններում՝ լյարդ, թոք, ոսկրեր, գլխուղեղ և այլն:
Պատճառները.
- հորմոնային գործոններ (հորմոնային հավասարակշռության խախտում, դաշտանի վաղ սկիզբ, ուշացած կլիմաքս, անպտղություն, լակտացիայի բացակայություն),
- տարիք (կրծքի քաղցկեղի առաջացման վտանգն աճում է տարիքի հետ),
- գենետիկական գործոններ (կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է, եթե տոհմում եղել են քաղցկեղով հիվանդացության դեպքեր),
- կաթնագեղձի բարորակ հիվանդություններ (ֆիբրոզ-կիստոզային մաստոպատիա, կիստա),
- այլ գործոններ (գիրացում, վատ էկոլոգիա, ճառագայթման բարձր մակարդակ, կաթնագեղձի բորբոքային հիվանդություններ):
Կարդացեք՝ Առաջնային անպտղություն
Ախտորոշումը
Կուրծքը շոշափելիս կինն ինքը կարող է հայտնաբերել ուռուցք: Ախտորոշման հստակեցման համար կատարվում է մամոգրաֆիա, կրծքի ուլտրաձայնային հետազոտություն, օնկոմարկերների որոշում, բիոպսիա՝ հիստոլոգիական անալիզով, իմունահիստաքիմիական անալիզ՝ հրմոնների հանդեպ ուռուցքի զգայունությունը ստուգելու համար, դուկտոգրաֆիա (ծորանների ստուգում), հնարավոր մետաստազների բացահայտում՝ ՈՒՁ և ՀՇ քննությամբ:
Բուժումը
Կրծքի քաղցկեղի բուժումը վիրահատական է՝ կատարվում է ուռուցքի հեռացում (կրծքի մասնահատում՝ անութային հանգույցներով, կրծքագեղձի ամբողջական հեռացում ճարպաբջջանքով և անութային ավշահանգույցներով, կրծքի ամբողջական հեռացում՝ կրծքային մկաններով, անոթներով և կողոսկրերով): Բուժման նպատակներով կիրառվում է նաև քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, հորմոնաթերապիա: Ուռուցքի ոչ ժամանակին հայտնաբերումը և բուժման հետաձգումը հանգեցնում է՝
- օնկոլոգիական պրոցեսի շարունակական զարգացման (ուռուցքի չափերի մեծացում, հարակից հյուսվածքներում դրա գերաճում),
- մետաստատիկ ախտահարումների առաջացման (ուռուցքի տարածում այլ օրգան-համակարգեր),
- ուռուցքից արյունահոսության,
- ուռուցքի և հարակից հյուսվածքների բորբոքման:
Քաղցկեղի կանխարգելման նկատառումներով անհրաժեշտ է ժամանակին և ամբողջապես բուժել հորմոնային խանգարումները, ժամանակին հայտնաբերել և բուժել կաթնագեղձի բարորակ հիվանդությունները, կանոնավոր այցելել գինեկոլոգի: