Շաքարի բնական մակարդակը արյան մեջ

18.05.201712890

Գլյուկոզան մեծ դեր է խաղում մեր օրգանիզմում, քանի որ էներգիայի հիմնական աղբյուրն է։ Եթե սպիտակուցներն ու ճարպերն օրգանիզմի բջիջների կառուցման հիմնական նյութերն են և էներգիայի աղբյուր լինելը երկրորդական դեր է խաղում, ապա գլյուկոզան, ընհակառակը, առաջին հերթին էներգիայի աղբյուր է և հետո միայն կառուցողական տարրերի սինթեզի մասնակից։

Գլյուկոզան հեշտությամբ է ճեղքվում և էներգիա անջատում, որն անհրաժեշտ է ամբողջ օրգանիզմին։ Գլյուկոզայի բնականոն մակարդակից է կախված օրգանիզմում կենսաքիմիական գործընթացների ընթացքը, բոլոր բջիջների աշխատանքը և մարդու ընդհանուր վիճակը։

Բնականում արյան մեջ շաքարի մակարդակը պետք է լինի 3.3-5.5 մմոլ/լ-ի սահմաններում։ Շաքարի պարունակությունը գրեթե նույն է երեխաների և մեծերի արյան մեջ։ Օրվա ընթացքում, կախված մարսողական գործընթացներից, շաքարի մակարդակը փոփոխվում է։

Ուտելուց հետո պարզ ածխաջրերը ներծծվում են արյան մեջ, բարդ ածխաջրերը ճեղքվում են պարզերի, և վերջիններս նույնպես անցնում են արյան մեջ։ Արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրանում է՝ անցնելով 5.5 մմոլ/լ-ի սահմանը։ Այդ պատճառով էլ արյան մեջ շաքարի մակարդակի որոշման հետազոտությունը կատարվում է առավոտյան քաղցած վիճակում։

Ինչպե՞ս է օրգանիզմը պահում շաքարի բնական մակարդակը

Արյան մեջ շաքարի ներթափանցումից հետո գլյուկոզան պահեստավորվում է օրգանիզմի հյուսվածքներում (հիմնականում լյարդում և մկաններում) գլիկոգենի տեսքով, որը ձևավորվում է գլիկոգենեզ կոչվող կենսաքիմիական գործընթացի արդյունքում։

Գլյուկոզայի սպառման դեպքում պահեստային գլիկոգենը կրկին վերածվում է գլյուկոզայի և այդպիսով օրգանիզմում շաքարի մակարդակը հավասարակշռվում է։ Հենց գլյուկոզա-գլիկոգեն-գլյուկոզա վերափոխման մեխանիզմն է օգնում նվազեցնել գլյուկոզայի մակարդակը, երբ այն բարձր է և հակառակը՝ բարձրացնել, երբ ցածր է։

Ինչու՞ է կարևոր գլյուկոզայի բնական մակարդակի պահպանումը

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումը (հիպոգլիկեմիա) հանգեցնում է բոլոր օրգանների և առաջին հերթին գլխուղեղի աշխատունակության խանգարմանը։ Առաջանում է թուլություն, քաղց, գլխապտույտ, վերջույթների դող և այլն։ Այդ վիճակում մարդ կորցնում է աշխատունակությունը։ Հիպոգլիկեմիայի խորացման դեպքում հնարավոր է, որ հիպոգլիկեմիկ կոմա առաջանա։

Գլյուկոզայի մակարդակի կարճ ժամանակահատվածով բարձրացումը (հիպերգլիկեմիա) բնական ֆիզիոլոգիական վիճակ է հատկապես ածխաջրերով հարուստ սնունդ ուտելուց հետո։ Այդ կարճաժամկետ բարձրացումը վտանգավոր չէ, իսկ այ մշտական բարձրացումը, որը դիտվում է շաքարային դիաբետի ժամանակ, հղի է բազմաթիվ խնդիրներով՝ անգիոպատիա, նեֆրոպատիա, ռետինոպատիա և այլն։