Ինչի՞ մասին է վկայում ացետոնի հոտը բերանից
Ինչի՞ մասին է վկայում ացետոնի հոտը բերանից
Եթե բերանից սկսում է ացետոնի հոտ գալ, ուրեմն արյան մեջ կուտակվել են շատ կետոնային մարմիններ: Այդպես են անվանվում այն նյութերը, որոնք ճարպային նյութափոխանակության վերջնական արտադրանքն են։ Դրանց առկայության դեպքում սովորական գլյուկոզայի փոխարեն մկանները սկսում են օգտագործել դրանք էներգիա արտադրելու համար: Կետոնները, ըստ քիմիական կառուցվածքի, թթուներ են։
Դրանք օրգանիզմում առաջացնում են ացիդոզի կամ արյան PH-ի՝ թթվային դառնալուն։ Ացետոնի հոտն այնքան էլ լավ նշան չէ: Արյան մեջ կետոնների կուտակման պատճառով կարող են առաջանալ երիկամների քարեր և սրտի խանգարումներ, ինչպես նաև ոսկորների փխրունություն:
Բացի այդ՝ որոշ մարդկանց մոտ առաջանում է հոգնածություն, դյուրագրգռություն ու մտածողության վատթարացում։ Կետոացիդոզը կարող է զարգանալ տարբեր պատճառներով:
Դրանք են.
1. Դուք հետևում եք Կետո սննդակարգի կամ ծոմ եք պահում։ Երկու դեպքում էլ գլյուկոզան դադարում է մտնել օրգանիզմ: Կետո սննդակարգի դեպքում անձն ուտում է շատ սպիտակուցներ, ինչպիսիք են՝ անյուղ միսը կամ ձուն, և քիչ քանակությամբ օսլա չպարունակող բանջարեղեններ, որոնք հիմնականում պարունակում են չմշակված մանրաթելեր: Հետևաբար, մարմինը ստիպված է այրել ճարպերը` անհրաժեշտ էներգիա ստանալու համար: Միևնույն ժամանակ՝ մարդը նիհարում է, բայց նա մեծացնում է արյան մեջ Կետոնային մարմինների մակարդակը, ուստի հայտնվում է ացետոնի հոտ: Դա սովորաբար տեղի է ունենում, երբ օրական 100 գ-ից պակաս ածխաջրերի քանակ է մտնում օրգանիզմի մեջ: Նմանատիպ մեխանիզմն աշխատում է նաև ծոմապահության դեպքում:
Ի՞նչ անել
Եթե Կետո դիետայի դեպքում առաջանում է հոգնածություն, ացետոնի հոտ բերանից, մկանացավ, ապա պետք է վերադառնալ նախորդ սննդակարգին կամ ուտել ինչ-որ քաղցրավենիք: Իսկ հետո հարկավոր է խորհրդակցել թերապևտի կամ սննդաբանի հետ, թե արդյոք կարելի է շարունակել հետևել այդ սննդակարգին։ Իսկ նրանք, ովքեր ծոմ են պահում, պետք է աստիճանաբար վերականգնեն սննդի ընդունումը բժշկի հսկողությամբ՝ սկսելով թեթև սննդից:
2. Դուք ինտենսիվ մարզվում եք։ Ինտենսիվ մարզումների դեպքում մկանները այրում են գլյուկոզան ու ճարպը: Բայց եթե անձը օրգանիզմում չունի ածխաջրերի բավարար պաշար, օրգանիզմը կօգտագործի միայն ճարպերը, և արտաշնչվող օդի մեջ կզգացվի ացետոնի հոտ: Իսկ շաքարային դիաբետ ունեցող անձանց մոտ մարզումների ընթացքում նվազում է գլյուկոզայի մակարդակը, և սկսում են այրվել ճարպերը։
Ի՞նչ անել
Առհասարակ սա վտանգավոր չէ, բայց ավելի լավ է ուտել մի բան, որը պարունակում է պարզ ածխաջրեր, ինչպիսիք են՝ մակարոնեղենը, կրեկերը կամ քաղցրավենիքը։ Իսկ առաջին տիպի շաքարախտ ունեցող մարդիկ չպետք է մարզվեն, եթե արյան մեջ գլյուկոզայի կոնցենտրացիան ավելի բարձր է, քան 250 մգ / DL, իսկ կետոնային մարմիններն արդեն առկա են: Նախ նրանք պետք է ճիշտ բուժում ընտրեն իրենց բժշկի հետ:
3. Դուք չարաշահում եք ալկոհոլը։ Սովորաբար ացետոնի հոտը հայտնվում է, եթե շատ ալկոհոլ եք օգտագործում: Միևնույն ժամանակ օրգանիզմում առաջանում է գլյուկոզայի քայքայում՝ ճարպերի փոխարեն։ Իսկ եթե անձն առանց այդ էլ հյուծված է, ապա վիճակն ավելի ցայտուն է դառնում։
Ալկոհոլային կետոացիդոզին բնորոշ են հետևյալ ախտանիշները.
• սրտխառնոց և փսխում
• որովայնի ցավ
• անհանգստություն կամ դյուրագրգռություն
• հոգնածություն • խորը, դժվար, արագ շնչառություն
• ախորժակի կորուստ
• ջրազրկման նշաններ, ինչպիսիք են՝ գլխապտույտը ու ծարավը:
Ի՞նչ անել
Եթե ալկոհոլ խմելուց հետո կան կետոացիդոզի նշաններ, հարկավոր է շտապօգնություն կանչել: Բժիշկները պետք է նշանակեն կաթիլային ներարկում, ինչը կվերականգնի արյան մեջ շաքարի մակարդակը և ջրի հավասարակշռությունը։ 4. Դուք ունեք շաքարախտ։ Սովորաբար կետոացիդոզը զարգանում է առաջին տիպի շաքարախտի դեպքում, երբ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում ինսուլին գլյուկոզայի կլանման համար: Նախ կետոնային մարմինները հայտնաբերվում են մեզի մեջ՝ տնային թեստի միջոցով, իսկ այնուհետև հայտնվում է ացետոնի հոտը: Սա վատ ազդանշան է, որը ցույց է տալիս, որ մարդու արյան մեջ բարձրացել է գլյուկոզայի մակարդակը: Երկրորդ տիպի շաքարախտի դեպքում ենթաստամոքսային գեղձի գործառույթը պահպանվում է, ուստի կետոնային մարմիններ չեն ձևավորվում:
Դիաբետիկ կետոացիդոզի ախտանիշներն են՝
• Ծարավ
• Հաճախակի միզարձակում
• Սրտխառնոց և փսխում
• Որովայնի ցավ
• Թուլություն կամ հոգնածություն
• Շնչարգելություն:
Ի՞նչ անել
Շտապօգնություն զանգահարել, եթե շաքարախտով հիվանդի բերանից ացետոնի հոտ է գալիս: Հակառակ դեպքում մարդը կարող է ընկնել կոմայի մեջ: Շաքարային դիաբետի դեպքում կետոացիդոզի բուժման համար օգտագործվում են ինսուլինի ներարկումներ, իսկ կաթիլային ներարկման միջոցով վերականգնվում է ջրային-աղային հավասարակշռությունը։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին