Ամնիոսկոպիա և ամնիոցենտեզ

19.04.20175521

Ամնիոսկոպիա

Ամնիոսկոպիան ամնիոտիկ պարկի (պտղապարկ) ամնիոտիկ հեղուկի հետազոտությունն է հատուկ սարքի՝ ամնիոսկոպի միջոցով, որը ներս է մտցվում որովայնի պատի միջով։ Այն թույլ է տալիս անմիջականորեն հսկել պտղի զարգացումը։

Կարդացեք՝ Ամնիոսկոպիա

Ցերվիկալ ամնիոսկոպիան, որը կատարվում է հղիության ավելի ուշ ժամկետներում, թույլ է տալիս տարբեր գործիքների օգնությամբ (օրինակ՝ ֆիբրոֆետոսկոպի) արգանդի պարանոցի միջով ուսումնասիրել ամնիոտիկ պարկի պարունակությունը։ Այդ հետազոտության ընթացքում հնարավոր է խոռոչում առկա հեղուկից նմուշ վերցնել՝ առանց ամնիոնինի պունկցիայի, այդպես հնարավոր է նաև մեկոնիայի հետազոտթյուն անցկացնել։

Ամնիոցենտեզ

Ամնիոցենտեզը պտղապարկի ասեղնածակումն է։ Մանկաբարձության մեջ կիրառվում է կենսաքիմիական, հորմոնային, իմունոլոգիական և հյուսվածքաբանական (ցիտոլոգիական) հետազոտությունների համար հարպտղային հեղուկի նմուշ վերցնելու նպատակով։ Նշվածհետազոտությունները թույլ են տալիս պարզել պտղի վիճակը, հայտնաբերել առկա խնդիրները։

Սովորաբար միջամտությունը կատարվում է հղիության 14-րդ շաբաթվանից հետո։ Գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների կամ պտղի զարգացման արատի կասկածի դեպքում ամնիոցենտեզը կարող է և անցկացվել ավելի վաղ ժամկետներում։

Դիտեք բժշկական անիմացիան՝ Ամնիոցենտեզ

Ամնիոցենտեզը կատարվում է ստացիոնարի փոքր վիրահատարանում։ Պտղապարկի ասեղնածակման ընթացքում ընկերքի վնասումից խուսափելու նպատակով նախքան միջամտությունը ուլտրաձայնային հետազոտության միջոցով պարզում են ընկերքի դիրքը։ Դատարկում են միզապարկը։ Սովորաբար պտղապարկի ասեղնածակումը կատարում են որովայնի առաջնային պատի միջով (տրանսաբդոմինալային ամնիոցենտեզ)։

Ասեղնածակման տեղը որոշում են՝ կախված ընկերքի տեղակայումից և պտղի դիրքից։ Տրանսաբդոմինալային ամնիոցենտեզի պայմանների բացակայության դեպքում միջամտությունը կատարում են տրանսվագինալ (հետին կամ առաջնային կամարի) կամ տրանսցերվիկալ ուղով։

Ասեպտիկ պայմանները պահպանելու և ընկերքի տեղակայումը ճիշտ որոշելու դեպքում հազվադեպ են վիրահատական բարդություններ առաջանում (հղիության ընդհատում, ընկերքի և պտղի վնասում, բորբոքումներ և այլն)։