Կորտիզոլ, էստրոգեն, ինսուլին․ ինչպե՞ս սննդի միջոցով հավասարակշռել հորմոնները

07.04.201713569

Երբ հորմոնային համակարգը հավասարակշռված է լինում, ապահովվում է նաև հոմեոստազը։ Հոմեոստազն այն վիճակն է, երբ մազերը խիտ են ու առողջ, եղունգներն ամուր են, մաշկը՝ մաքուր, տրամադրությունն ու քաշը կայուն են, սթրեսադիմացկուն եք, մարսողությունը լավ է, չկան խնդիրներ նաև լիբիդոյի հետ կապված։

Մեր հորմոնային համակարգը, սակայն, մշտապես ենթարկվում է արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությանը, մասնավորապես՝ տոքսինների, վատ քնի, սխալ սննդակարգի, աղիների անկայուն միկրոֆլորայի ազդեցությանը։

Կարդացեք՝ Ամփոփ տեղեկություններ հորմոնների մասին

Առանձնացվում է հինգ գլխավոր հորմոն, որոնք ազդում են օրգանիզմի հոմեոստազի վրա։ Դրանք հավասարակշռելու նպատակով պարտադիր չէ անմիջապես դիմել դեղամիջոցների կամ սննդային հավելանյութերի օգնությանը, նախ լավ կլինի փորձել իրավիճակը կարգավորել հատուկ ընտրված սննդամթերքների միջոցով, որոնք իսկապես ի զորու են վերականգնել հորմոնային հավասարակշռությունը։

Կորտիզոլի բարձր մակարդակ

Կորտիզոլն այլ կերպ անվանում են նաև սթրեսի հորմոն, արտադրվում է մակերիկամների կողմից։ Այդ հորմոնի բարձրացումը հանգեցնում է շաքարի մակարդակի և արյան ճնշման բարձրացման։

Ինչ է նկատվում

  • Այնպիսի զգացում, կարծես շարունակ վազքի մեջ եք՝ մի աշխատանքը կատարելով մյուսի հետևից։ 
  • Նիհարելու դժվարություն, գիրացումը նկատվում է հատկապես գոտկատեղի շրջանում։ 
  • Տրամադրության հաճախակի փոփոխություն։ 
  • Երեկոյան հանգստանալու կամ քնելու դժվարություն։ 
  • Թույլ եղունգներ, մաշկի որակի վատացում, էկզեմա և այլն։ 
  • Բարձր ճնշում կամ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում։ 
  • Մոռացկոտություն, ցրվածություն։ 
  • Աղի կամ քաղցր մթերքների պահանջ։ 
  • Սեռական ցանկության նվազում և այլն։ 

Ինչ անել

Դառը շոկոլադն ի զորու է իջեցնել կորտիզոլի մակարդակը։ Կարելի է ժամանակ առ ժամանակ ձուկ ուտել։ Համեղ «դեղամիջոցներ» են, այնպես չէ՞։

Ինսուլինի բարձր մակարդակ

Ինսուլինն արձագանքում է արյան մեջ գլյուկոզայի քանակին։ Խնդիրը դրա բարձրացումն է, ինչը հանգեցնում է ինսուլինի հանդեպ ռեզիստենտության (երբ բջիջներն անընկալունակ են դառնում այդ հորմոնի հանդեպ, և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է մինչև նախադիաբետիկ մակարդակի, երբեմն՝ անգամ դիաբետի մակարդակի)։

Ինչ է նկատվում

  • Քաղցր մթերքներ ուտելու անհագ ցանկություն։ 
  • Դժվար է դադարեցնել (կամ էլ կանգ առնել մի չափաբաժնից հետո) բարձրածխաջրածնային մթերքներ ուտելը, օրինակ՝ շոկոլադ, պաղպաղակ կամ կարտոֆիլի ֆրի։ 
  • Քաղցած ժամանակ արյան մեջ շաքարի մակարդակը սովորականից բարձր է։ 
  • Անհանգստություն, անհամբերություն սնվելու ժամերի միջև ընկած ժամանակահատվածում։ 
  • Մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից բարձր է։ 
  • Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ։ 
  • HDL խոլեստերինի ցածր մակարդակ և այլն։ 

Ինչ անել

Ֆերմենտացված բանջարեղեն կերեք, օրինակ՝ թթու կաղամբ։ Այն նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը։

Տեստոստերոնի բարձր մակարդակ

Տեստոստերոնն արտադրվում է կնոջ ձվարաններում։ Շատ կարևոր է սեռական ֆունկցիայի, մկանների տոնուսի պահպանման, ոսկորների աճի համար։ Տեստոստերոնի մակարդակի բարձրացումըհանգեցնում է ակնեի, անկանոն մենստրուացիայի, մարմնի վրա մազերի աճի, գլխի մազերի անկման և անպտղության։

Ինչ է նկատվում

  • Ակնե։
  • Կրծքի, դնչի վրա ավելորդ մազերի աճ։ 
  • Յուղոտ մաշկ և մազեր։ 
  • Գլխի մազերի կորուստ։ 
  • Թևատակի մաշկի գույնի փոփոխություն (գույնը մգանում է և կոպտանում)։ 
  • Պապիլլոմաների առաջացում (հատկապես պարանոցին)։ 
  • Հիպերգլիկեմիա կամ հիպոգլիկեմիա, կամ էլ արյան մեջ շաքարի մակարդակի անկայունություն։ 
  • Դյուրագրգռություն։ 
  • Դեպրեսիա և տագնապ։ 
  • Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ, անպտղություն, ձվարանի կիստաներ և անկանոն դաշտան և այլն։ 

Ինչ անել

Հաճախ կերեք կանաչ լոբի, ինչպես նաև դդմիկ և դդմի սերմեր։ Դրանք բոլորը հարուստ են ցինկով, որը մեծ դեր է խաղում սեռական զարգացման, մենստրուացիայի և ձվազատման հարցերում։

Էստրոգենի բարձր մակարդակ

Էստրոգենը սեռական հորմոնների շարքին է դասվում, պատասխանատու է կնոջը բնորոշ հատկանիշների համար։

Կարդացեք՝ Էստրոգեն․ կարևորագույն հորմոն կնոջ օրգանիզմում

Ինչ է նկատվում հիպերէստրոգենիայի դեպքում

  • Փքվածություն, այտուցվածություն կամ հեղուկի կուտակում օրգանիզմում։ 
  • Պապանիկալաու քսուքի հետազոտության անբնական արդյունք։ 
  • Ուժգին արնահոսություն, նաև մենստրուացիայի ընթացքում։ 
  • Արագ գիրացում, հատկապես ազդրերի հատվածում։
  • Կրծքի մեծացում կամ դրա զգայունության բարձրացում։ 
  • Միոմա, էնդոմետրիոզ կամ ցավոտ դաշտան։ 
  • Տրամադրության անկում, նախադաշտանային համախտանիշ, տագնապային վիճակ։ 
  • Միգրեն կամ գլխացավ։ 
  • Լեղապարկի հետ կապված խնդիրներ և այլն։ 

Ինչ անել

Նշված նշանների դեպքում խաչածաղկավորների ընտանիքին պատկանող մթերքներ կերեք, օրինակ՝ բրոկոլի, ծաղկակաղամբ, կաղամբ։ Այդ մթերքները նվազեցնում են էստրոգենի մակարդակը, բջջանյութն օգնում է օրգանիզմից դուրս հանել հորմոնի ավելորդ քանակությունը, ինչպես նաև ծերացող բջիջները։

Թիրեոիդային հորմոնների ցածր մակարդակ

Վահանաձև գեղձը պատասխանատու է նյութափոխանակության համար, կալորիաների այրման արագության կամ դանդաղության համար։

Ինչ է նկատվում

  • Չոր, ծղոտի նմանվող մազեր, որոնք հեշտությամբ են կապ ընկնում և թափվում են։ 
  • Չոր մաշկ, քրտնարտադրության նվազում, դյուրաբեկ եղունգներ։ 
  • Գիրացում, հեղուկի կուտակում հյուսվածքներում։ 
  • Մկանային ցավ, հոդացավ։ 
  • Սառը ձեռքեր և ոտքեր։ 
  • Ռեակցիայի արագության նվազում, ուշադրության կենտրոնացման դժվարություն։ 
  • Հոգնածություն, գունատություն հատկապես առավոտյան, դեպրեսիա, տամադրության անկայունություն։ 
  • Վահանաձև գեղձի մեծացում և այլն։ 

Ինչ անել

Կերեք յոդ պարունակող մթերքներ, յոդացված աղ օգտագործեք։ Բացի յոդից անհրաժեշտ է նաև սելեն, ցինկ ու պղինձ։ Այդ առումով շատ օգտակար է բրազիլական ընկույզը։