Արգանդի պարանոցի ցերվիկալ ուղի

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմն ամբողջությամբ փոփոխություների է ենթարկվում: Այս վերակառուցումները հարկավոր են պտղին պաշտպանելու և նրա առողջ զարգացման համար լավագույն պայմաններն ապահովելու համար:
Կարդացեք՝ Կնոջ օրգանիզմի փոփոխությունները հղիության ընթացքում:
Նախքան հղիությունը կանայք հազվադեպ են մտածում այն մասին, թե ինչպես է աշխատում իրենց օրգանիզմը, տեղյակ չեն լինում, թե ինչ է ցերվիկալ ուղին, որտեղ է այն գտնվում և ինչ ֆունկցիա է կատարում: Սակայն հղիությունը ստիպում է խստիվ փոխել վերաբերմունքը սեփական օրգանիզմի և մարմնի հանդեպ: Հատկապես անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել միզասեռական համակարգին, չէ՞ որ հենց այստեղ են սկսվում առաջին և գլխավոր փոփոխությունները: Մասնավորապես մեծ դեր է ունենում ցերվիկալ ուղին:
Ի՞նչ է ցերվիկալ ուղին
Ցերվիկալ ուղին արգանդի պարանոցի այն հատվածն է, որ միացնում է արգանդի խոռոչը հեշտոցին: Այլ կերպ ասած՝ սա այն բացվածքն է, որի ներքին ելքն ուղղված է դեպի արգանդ, իսկ արտաքինը դեպի հեշտոց:
Դաշտանի ընթացքում հենց այս բացվածքի միջով է արյունն արգանդի խոռոչից հասնում հեշտոց, իսկ սեռական ակտի ժամանակ ցերվիկալ ուղով են անցնում սերմնաբջիջները և հասնում արգանդ: Ցերվիկալ ուղին պատված է էպիթելային հյուսվածքով, որը հատուկ լորձանյութ է արտադրում:
Միջինում, ցերվիկալ ուղու լայնությունը 7-8 մմ է: Այն չի ունենում հստակ ձև, քանի որ դա կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ կնոջ տարիքից, հորմոնային ֆոնից, նրանից, թե ծննդաբերել է կինը նախկինում և այլն:
Ծննդաբերած կանայք արդեն գիտեն, թե ինչ է լորձային խցանը: Այն գտնվում է ցերվիկալ ուղում: Լորձային խցանն առաջանում է ցերվիկալ ուղու էպիթելային բջիջներից արտադրվող նյութից և պաշտպանում է պտղին անցանկալի վարակներից:
Չծննդաբերած կնոջ համար ցերվիկալ ուղու երկարությունը մոտ 4 սմ է: Իսկ եթե կինը դիմել է հղիության արհեստական ընդհատման կամ այլ միջամտությունների, ապա ցերվիկալ ուղու (արգանդի պարանոց) երկարությունը հնարավոր է փոփոխվի: Վաղ ժամկետներում բժիշկը որոշում է հղիությունը հենց ցերվիկալ ուղու արտաքին ելքի միջոցով: Հղիության դեպքում այն կապտավուն երանգ է ստանում, սակայն երկարությունը չի փոխվում: Բեղմնավորման պահից սկսած արգանդի պարանոցը ձեռք է բերում պաշտպանող ֆունկցիա, որը պահում է պտղին արգանդում ողջ 9 ամիսների ընթացքում՝ կանխելով վիժումը: Արգանդի պարանոցը մկանային օղ է, որը հղիության սկսվելուց ամուր միակցվում է և տոնուսի մեջ է մնում մինչ հղիության ավարտը:
Գինեկոլոգիական զննման ընթացքում բժիշկը մանրազնին հետազոտում է կնոջը, կատարում ՈՒՁՀ և անհրաժեշտության դեպքում նշանակում լաբորատոր քննություններ: Առաջին ՈՒՁ հետազոտության ընթացքում գինեկոլոգը ոչ միայն որոշում է պտղի դիրքը, չափերը, ընկերքի ամրացման հատվածը, այլև ցերվիկալ ուղու երկարությունը, քանի որ հենց այս ցուցանիշն է վկայում հղիության վաղ ժամկետներում ինքնաբուխ վիժման վտանգի մասին:
Նորմայում ցերվիկալ ուղու երկարությունը հղի կնոջ համար պետք է լինի 3.5-4 սմ, բացվածքի արտաքին և ներքին ելքերն ամուր միակցված: Ցերվիկալ ուղու վիճակով է որոշվում ծննդաբերության սկիզբը: Ցերվիկալ ուղու մուտքը փակող լորձային խցանը, որը պաշտպանում է պտղին վարակներից, սովորաբար դուրս է ընկնում ծննդաբերությունից առաջ: Տարբեր կանանց դեպքում դա տարբեր կերպ է տեղի ունենում: Որոշների դեպքում այն դուրս է գալիս ծննդաբերությունից 2-3 շաբաթ առաջ, ոմանց դեպքում էլ՝ 2-3 ժամ առաջ, այն դուրս է գալիս ամբողջությամբ կամ մաս-մաս: Եթե այն առհասարակ դուրս չգա, անհանգստանալ պետք չէ, քանի որ նման դեպքեր նույնպես լինում են: Ծննդաբերության ժամանակ բժիշկն ինքը կհեռացնի այն:
Կինը նկատում է ներքնազգեստի վրա լորձային մակարդուկ, հնարավոր է արյան հետքերով, սա հենց լորձային խցանն է: Հաճախ այն դուրս է գալիս միզարձակման ժամանակ, և կինը գուցե չնկատի այն:
Ծննդաբերությանը մոտ ժամկետներում ցերվիկալ ուղին կարճանում է, արգանդի պարանոցը դառնում է փափուկ: Կանոնավոր կծկումների հետ ուղու լուսանցքը մեծանում է 2-3 սմ-ով: Երբ բացվածքը լայնանում է մինչև 10 սմ (արգանդի պարանոցի ամբողջական բացվածք), և արգանդը հեշտոցի հետ դառնում է մեկ ընդհանուր ծննդաբերական ուղի, սկսվում է ծննդաբերության երկրորդ փուլը՝ պտղի դուրս հրումը:
Լինում են դեպքեր, երբ ուլտրաձայնային հետազոտության ընթացքում պարզվում է, որ ցերվիկալ ուղին լայնացել է՝ առկա է իստմիկոցերվիկալ անբավարարություն: Սա նշանակում է, որ արգանդի պարանոցն իվիճակի չէ կատարել իր ֆունկցիան՝ պահել պտղաձուն, և հղիության վաղ ժամկետներում մեծանում է վիժելու վտանգը: Սա հաճախ հանդիպում է հղիության 16-18-րդ շաբաթներում, երբ պտուղն արագորեն աճում է և ակտիվորեն շարժվում:
Հղիության ընթացքում ցերվիկալ ուղու լայնացման պատճառ կարող է լինել արական հորմոնների մեծ քանակությունը, որոնք նպաստում են արգանդի պարանոցի թուլացման, բազմապտուղ հղիությունը, որի դեպքում մեծանում է արգանդի պարանոցի վրա ճնշումը:
Լինում են նաև այլ պատճառներ, ինչպես ցերվիկալ ուղու զարգացման անոմալիաներն ու վնասվածքները:
Ժամանակին այն բուժելու դեպքում հնարավոր կլինի խուսափել վիժումից: Գուցե պահանջվի ստացիոնար բուժում, որը ներառում է արգանդի պարանոցն ամրացնող դեղորայքի ընդունում կամ հատուկ օղի տեղադրում, որը հեռացվում է հղիության 37-րդ շաբաթում: Մեկ այլ տարբերակ է արգանդի պարանոցի վրա կարեր դնելը: Սա վիրահատություն է, որ կատարվում է հղիության 16-18-րդ շաբաթներում, ընդհանուր անզգայացման ներքո: Սակայն այս մեթոդն ունի իր թերությունները, և այն հազվադեպ է կիրառվում: