Գեստոզի ախտանշանները, զարգացման փուլերը
Հղիության առաջին ամիսներին գեստոզի (տոքսիկոզ) արտահայտման հիմնական նշաններն են՝
- գլխապտույտ,
- արտահայտված թքարտադրություն,
- սրտխառնոցը,
- փսխում,
- հուզական անկայունություն,
- համի և հոտառության փոփոխություններ։
Ուշ գեստոզն արտահայտվում է երեք հիմնական նշաններով՝ այտուցներ, բարձր զարկերակային ճնշում և մեզում սպիտակուցի առկայություն: Այս նշաններից առաջինն ի հայտ են գալիս այտուցները, որոնք կարող են լինել գեստոզի միակ ախտանշանը: Այն մատնանշում է գեստոզի երեք աստիճանները՝
- վերջույթների այտուցներ՝ 1-ին աստիճանի գեստոզ,
- վերջույթների և որովայնի այտուցներ՝ 2-րդ աստիճանի գեստոզ,
- տարածված այտուցներ (ներառյալ պարանոցը, դեմքը)՝ 3-րդ աստիճանի գեստոզ։
Գեստոզի նշան է համարվում զարկերակային ճնշման՝ մինչև հղիությունն ունեցած ցուցանիշներից 20%-ով բարձրացումը: Եթե մինչև հղիությունը կինն ունեցել է ցածր ԶՃ, ապա դրա բարձրացումը գեստոզի պարագայում կարող է չգերազանցել ընդունված սահմանը: Մեզում սպիտակուցի առկայությունը վկայում է ծանր գեստոզի մասին:
Գեստոզը հղիության առաջին կեսին (վաղ գեստոզ)
Վաղ տոքսիկոզը կամ գեստոզը զարգանում է մինչև հղիության 20-րդ շաբաթը և հաճախ սկսվում է արտահայտվել հենց առաջին շաբաթներից: Այս երևույթն այնքան տարածված բնույթ ունի, որ շատերը հղիության առաջին շաբաթների (ամիսների) ընթացքում դիտվող սրտխառնոցն ու փսխումները համարում են հղիության բնականոն դրսևորում: Իրականում այդպես չէ: Հղիությունը կնոջ ֆիզիոլոգիական վիճակ է, որը չպետք է առողջ կնոջ դեպքում ուղեկցվի ոչ՛ սրտխառնոցով, ոչ՛ փսխումներով:
Որքան վաղ են ի հայտ գալիս գեստոզի նշանները, այնքան ծանր ընթացք է այն ունենում: Առավոտյան սրտխառնոցները, սննդի հանդեպ հակակրանքը, առատ թքարտադրությունը կարող են ուղեկցվել նաև հուզական անկայունությամբ, համի և հոտառության փոփոխություններով: Առանձնացնում են գեստոզի ընթացքի երեք աստիճան՝ թեթև, միջին և ծանր:
Տոսքիկոզի թեթև ընթացքի դեպքում սրտխառնոց առաջանում է օրական մինչև 5 անգամ (առավել հաճախ այն դիտվում է առավոտյան ժամերին՝ նախաճաշելուց հետո կամ քաղցած վիճակում): Կնոջ ընդհանուր վիճակը չի տուժում, մարմնի ջերմության բարձրացում չի դիտվում: Մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների վիճակը սովորական է: Արյան և մեզի հետազոտության արդյունքները նույնպես սովորականի սահմաններում են: Ախորժակը նվազում է, դիտվում է մարմնի քաշի անկում մինչև 3 կգ:
Միջին ծանրության գեստոզի դեպքում սրտխառնոցի հաճախականությունը հասնում է օրական մինչև 10 անգամի՝ անկախ սննդի ընդունումից: Դիտվում է մարմնի քաշի անկում 2-3 կգ 10-15 օրվա ընթացքում: Հնարավոր է դիտվի ջերմաստիճանի բարձրացում 37-37.5 C-ի սահմաններում, սրտի ռիթմը՝ րոպեյում 90- 100 զարկ, կարող է մի փոքր նվազել զարկերակային ճնշումը: Լորձաթաղանթմերի և մաշկի վիճակը բնականոն է: Կանանց 20-25%-ի դեպքում մեզում հայտնաբերվում է ացետոն:
Ծանր աստիճանի տոքսիկոզի դեպքում դիտվում է չդադարող փսխում՝ օրական ավելի քան 20 անգամ, երբեմն նույնիսկ կնոջ թեթև շարժումներից: Կտրուկ վատանում է կնոջ ընդհանուր վիճակը, ջերմաստիճանը հասնում է 37.5-ի, սրտի ռիթմը՝ րոպեյում 110-120 զարկի, զարկերակային ճնշումն իջնում է, խանգարվում է քունը, քաշի անկումը կազմում է մինչև 8-10կգ: Լեզուն փառակալած է, տեսանելի լորձաթաղանթներն ու մաշկային ծածկույթները չորացած են, առաջանում է օրգանիզմի ջրազրկում և նյութափոխանակության խանգարումներ: Մեզի օրական դուրս բերվող քանակը նվազում է, նրանում հայտնաբերվում է ացետոն, հնարավոր է նաև՝ սպիտակուց: Արյան մեջ նկատվում է հեմոգլոբինի բարձրացում (արյան խտացման հաշվին), բիլիռուբինի (լյարդի ախտահարում) և կրեատինինի (երիկամների ախատահարում) մակարդակի բարձրացում, նատրիումի, կալիումի և կալցիումի նվազում: Կարող է առաջանալ թքահոսում՝ փսխման հետ ուղեկցվող կամ առանձին արտահայտվող: Դրա ծավալը կարող է հասնել օրական 1 լ և ավելիի:
Ինչպես տեսնում ենք, գեստոզի պատճառով վատանում է հղի կնոջ ընդհանուր ինքնազգացողությունը, նվազում է ախորժակը, կարող է դիտվել քնի խանգարում և քաշի անկում: Ծանր դեպքերում կարող է դիտվել օրգանիզմի ջրազրկում:
Սովորաբար վաղ ժամկետների գեստոզը չի ունենում ագրեսիվ ընթացք: Անկախ դրա ծանրության աստիճանից, հղիության 12-13-րդ շաբաթներում գեստոզի նշանները պետք է անհետանան: Եթե այն շարունակվում է, ապա անհրաժեշտ է դիմել բժշկական զննման, որպեսզի բացառվի որևէ ներքին օրգանի քրոնիկական հիվանդության սրացումը:
Գեստոզը հղիության երկրորդ կեսին (ուշ գեստոզ)
Ուշ գեստոզը կամ տոքսիկոզն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ կարող է հանգեցնել լուրջ բարդությունների: Առավել հաճախ այն զարգանում է հղիության 28-րդ շաբաթից, բայց կարող է նաև սկսվել հղիության երկրորդ կեսի սկզբին: Ժամանակակից բժշկությունը երբեմն ուշ գեստոզն անվանում է ԱՊՀ- գեստոզ, այսինքն՝ Ա-այտուց, Պ- պրոտեինուրիա (սպիտակուց մեզում) և Հ- հիպերտենզիա (բարձր զարկերակային ճնշում):
Այս բնութագրիչ ախտանշանների եռյակը կարող է ի հայտ գալ և՛ միասին, և՛ առանձին: Կանանց համար գեստոզի տեսանելի աշխտանշանն այտուցն է: Բարձր ԶՃ-ը և մեզում սպիտակուցի առկայությունը կարող է բացահայտել միայն բժիշկը: Ուստի շատ կարևոր է, որ հղի կինը պարտադիր հերթագրվի և կանոնավոր այցելի բժշկի: գեստոզը կարող է ի հայտ գալ ախտանշանների տարբեր համադրությամբ: Ներկայումս այս երեք ախտանշանները միասին դիտվում են 15% դեպքերում, այտուցները բարձր ԶՃ-ով դիտվում են 32% դեպքերում, ԶՃ և մեզում սպիտակուց դիտվում է 12% դեպքերում, այտուցներ և մեզում սպիտակուց՝ 3% դեպքերում: Ընդ որում՝ բացահայտ այտուցներ հանդիպում են 25% դեպքերում, իսկ թաքնվածները՝ 13% դեպքերում:
Այտուցները ուշ գեստոզի առաջին փուլի նշաններն են: Դրանց ի հայտ գալը կարելի է բացահայտել մատների թեթև թմրածության զգացումով: Դրանց դեպքում դժվար է դառնում մատները ձգելը կամ մատանի կրելը: Այտուցները միշտ չէ, որ մատնանշում են գեստոզի առկայություն: Դրանք կարող են լինել պրոգեստերոնի (այսպես կոչված հղիության հորմոն) բարձր արտադրության հետևանք: Դրանք կարող են առաջանալ նաև քրոնիկական հիվանդությունների (վարիկոզային լայնացած երակներ, սրտի, երիկամների հիվանդություններ) սրման արդյունքում:
Եթե դիտվում է կնոջ քաշի չափազանց ավելացում, իսկ այտուցներ չեն նկատվում, ապա հնարավոր է, որ բժիշկներն անցկացնեն Մալկյուր-Օլդրիչի փորձ, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք առկա են թաքնված այտուցներ: Եթե այտուցները տեսանելի են դառնում, նշանակում է, որ օրգանիզմում կուտակված է 3 լ ավելցուկային հեղուկ: Սկզբում այտուցվում են ոտքերը, այնուհետև տարածվում են վերև՝ ազդրեր, որովայն, պարանոց, երես: Եթե նույնիսկ կինը ոչ մի անհարմարություն չի զգում, միևնույնն է անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի վիճակը չբարդանա: Ինքանբուժությամբ զբաղվելը վտանգավոր է, քանի որ կնոջ վիճակը կարող է կտրուկ վատանալ:
Գեստոզի երկրորդ փուլը՝ նեֆրոպատիան, սովորաբար զարգանում է այտուցի ֆոնին: Դրա առաջին նշանը բարձր զարկերակային ճնշումն է: Հղի կնոջ համար նշանակություն ունի ոչ միայն ճնշման բարձրացումը, այլև տատանումները, քանի որ դրանք կարող են ընկերքի շերտազատման, արյունահոսության և պտղի հանկարծակի մահվան պատճառ հանդիսանալ:
Գեստոզի երրորդ փուլը պրեէկլամպսիան է, որը բնութագրվում է մեզում սպիտակուցի առաջացմամբ՝ ի հավելումն մյուս ախտանշանների: Այս փուլում կարող են առաջանալ գլխուղեղի արյան մատակարարման խանգարումներ, ինչն արտահայտվում է ուժգին գլխացավերով, ծոծրակի հատվածում ծանրության զգացողությամբ, տեսողության խանգարումներով, սրտխառնոցով և փսխումով, հիշողության խանգարումով և երբեմն նույնիսկ հոգեկան ընկճվածությամբ: Կարող է դիտվել նաև անքնություն, լարվածություն, հոգնածություն, որովայնում և աջ ենթազդրային հատվածում ցավեր: Զարկերակային ճնշումը հասնում է 160/110 մմ ս.ս. և բարձրի:
Ամենածանր՝ չորրորդ փուլը էկլամպսիան է: Երբեմն այն զարգանում է շատ արագ՝ նեֆրոպատիայից անմիջապես հետո: Այս պարագայում դիտվում են տարբեր օրգանների աշխատանքի խանագարումներ, նույնիսկ ցնցումներ: Այդ նոպաները կարող են առաջանալ տարբեր խթանիչ գործոնների պատճառով՝ կտրուկ ձայն, վառ լուսավորություն, սթրեսային իրավիճակ, ցավ: Այն տևում է 1-2 րոպե, լինում է թեթև մկանային ձգումների կամ մզզացող բնույթի: Նոպան ավարտվում է գիտակցության կորուստով: Լինում է նաև առանց ցնցումների էկլամպսիա, բայց այդ դեպքում հնարավոր է, որ բարձր ճնշման ֆոնին կինը հայտնվի կոմայի մեջ:
Կարդացեք՝ Գեստոզի բուժումը և կանխարգելումը
Էկլամպսիան կարող է լուրջ բարդություններ առաջացնել՝ ընկեքրի շերտազատում, վաղաժամ ծննդաբերություն, արյունահոսություններ, պտղի թթվածնաքաղց և նույնիսկ պտղի մահ: Չի բացառվում նաև ինֆարկտի, թոքերի այտուցի, կաթվածի, երիկամային անբավարարության առաջացումը: Էկլամպսիան հիմնականում հանդիպում է առաջին հղիության դեպքում: Այն կանխատեսելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել նաև ժառանգական գործոնը: Դրա առաջացման հավանականությունը մեծանում է հատկապես բազմապտուղ հղիության և բշտիկային զանգվածի առկայության պարագայում: Լինում են որոշ դեպքեր, երբ գեստոզն ընթանում է առանց ախտանշանների կամ դրանց թույլ արտահայտվածությամբ: Այս երևույթը անկանխատեսելի բնույթ ունի, այդ պատճառով առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի: