Գեստոզի բուժումը և կանխարգելումը

Վաղ գեստոզի հիմնական ախտանշանները՝ սրտխառնոցը, թքարտադրությունը և փսխումը կարելի է պարզապես փորձել հաղթահարել: Որոշ կանանց այդ հարցում օգնում է առավոտյան՝ քաղցած ժամանակ կիտրոնով ջուր խմելը: Եթե սրտխառնոցը մշտական է, իսկ փսխումը՝ հազվադեպ, ապա կարելի է այն մեղմել նանայով, կիտրոնով կամ մեղվախոտով (мелисса) թեյի, մրգային ըմպելիքների, հյութերի օգտագործմամբ: Առավոտյան լավ կլինի նախաճաշել՝ ուտելով կաթնաշոռ, պանիր կամ այլ կաթնամթերք։ Կարելի է կիրառել բերանի խոռոչի ողողման համար երիցուկի, եղեսպակի (շալֆեյի) թուրմ: Առատ թքարտադրության դեմ կարելի է ողողում կատարել կաղնու կեղևի թուրմով կամ ըմպել հազարաթերթիկի թուրմ՝ ուտելուց 10 րոպե առաջ և դրանից 2 ժամ անց: Եթե ոչինչ չի օգնում ազատվել չդադարող սրտխառնոցից, ապա լավ կլինի դիմել բժշկի, որպեսզի չվտանգվի մոր և մանկան առողջությունը: Այս երևույթը դիտվում է հղի կանանց 50-60%-ի դեպքում, իսկ բուժման կարիք է զգում նրանց միայն 8-10%-ը:
Կարդացեք՝ Գեստոզի ախտանշանները և զարգացման փուլերը
Պետք է հիշել, որ փսխումների դեպքում շատ կարևոր է հեղուկ ընդունելը: Դեղորայքային բուժումը՝ այդ թվում և հոմեոպաթիկ միջոցների կիրառումը պետք է կատարվի բժշկի նշանակմամբ և նրա հսկողությամբ: Եթե հղիության առաջին կեսին դիտվող գեստոզի բուժումն արդյունք չի տալիս 6-12 ժամվա ընթացքում, և նրա ընդհանուր վիճակը վատթարանում է (զարգանում է լյարդային սուր անբավարարություն կամ լյարդի սնուցախանգարում), ապա ցուցվում է հղիության արհեստական ընդհատում:
Ուշ գեստոզի բուժումը ներառում է հետյալը։ Առողջության պահպանման ռեժիմի մշակում: Կախված գեստոզի ընթացքի ծանրությունից՝ կարող է նշանակվել անկողնային ռեժիմ: Բացառվում են հուզական անհանգստությունները և բարձր ձայները: Որպես բուժման պարտադիր բաղադրիչ խորհուրդ է տրվում կնոջ հետ անցկացնել հոգեթերապևտիկ աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կնշանակի հանգստացնող միջոցներ (թեթև ընթացող գեստոզի դեպքում՝ կատվախոտ (վալերիանա), առյուծագի (пустырник), իսկ ծանրի դեպքում՝ ավելի ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցներ):
Հղի կնոջ ճիշտ սնման ռեժիմ: Սնունդը պետք է լինի բազմազան, վիտամիններով հարուստ, դյուրամարս, ածխաջրերի սահմանափակ քանակությամբ և սպիտակուցների, մրգեր ու բանջարեղենի, հյութերի բավարար քանակությամբ: Երբեմն խորհուրդ է տրվում սնունդն ընդունել անկողնում՝ փոքր չափաբաժիններով և սառը վիճակում: Խորհուրդ չի տրվում օրեր հատկացնել օրգանիզմի բեռնաթափմանը: Պետք չէ մոռանալ հեղուկի մասին:
Դեղորայքային բուժում: Այն նշանակվում է հղի կնոջ օրգանների ֆունկցիայի կարգավորման և պտղի թթվածնաքաղցի կանխարգելման նպատակներով: Միզամուղ դեղամիջոցներ չեն կիրառվում, քանի որ դրանք նվազեցնում են արյան հոսքի ծավալը, ինչը կարող է վատթարացնել ընկերքային արյան շրջանառության՝ գուցե արդեն առկա խանգարումները: Դրանց միակ ցուցումները համարվում են թոքերի այտուցը և սրտային անբավարարությունը: Նշանակվում է վիտամին B, C, E, արգանդաընկերքային արյան շրջանառությունը բարելավող և անոթային պատի թափանցելիությունն ու զարկերակային ճնշումը նվազեցնող և այլ դեղամիջոցներ:
Գեստոզի բուժման տևողությունը որոշվում է անհատապես՝ կախված դրա ընթացքի ծանրությունից, կնոջ և պտղի վիճակից: Ջրգողությամբ ընթացող 1-ին աստիճանի գեստոզի բուժումը կատարվում է ամբուլատոր պայմաններում, իսկ մյուս բոլոր դեպքերում կինը պետք է բուժվի ստացիոնար պայմաններում: Բուժման հաջողության գլխավոր պայմանը այն ժամանակին և գրագետ անցկացնելն է:
Մինչև հղիության 36 շաբաթական շրջանում և թեթև կամ միջին ծանրությամբ ընթացող գեստոզի դեպքում հնարավոր է պահպանել հղիությունը, և դա կախված է բուժման ադյունավետությունից: Այսպիսի իրավիճակում անհրաժեշտ բժշկական զննումները կատարվում են ստացիոնար պայմաններում: Մոր կամ պտղի կլինիկական վիճակի վատթարացման, լաբորատոր անալիզների վատ արդյունքների դեպքում ցուցվում է շտապ ծննդալուծում: Եթե արդյունքները դրական են, ապա շարունակվում է բուժումը ստացիոնար պայմաններում: Բժշկական զննումները ներառում են՝
- զարկերակային ճնշման վերահսկում՝ օրական 5-6 անգամ,
- մարմնի քաշի վերահսկում,
- ընդունվող և օրգանիզմից դուրս բերվող հեղուկի ամենօրյա վերահսկում,
- մեզում սպիտակուցի պարունակության վերահսկում,
- արյան և մեզի ընդհանուր հետազոտություն յուրաքանչյուր 5-րդ օրը,
- ակնաբույժի զննումներ,
- պտղի վիճակի մշտական մոնիթորինգ։
Ծննդալուծման տեսակը և ժամանակը որոշվում է կնոջ և պտղի վիճակից ելնելով: Ավելի նախընտրելի է բնական եղանակով ծննդալուծումը, սակայն դրա համար կան անհրաժեշտ պայմաններ՝ երեխայի գլխային առաջադրություն, պտղի գլխի և մոր կոնքի չափերի համապատասխանություն, արգանդի պարանոցի հասունացում և այլն: Գեստոզի ժամանակ նվազում է մոր և պտղի օրգանիզմի սթրեսակայունությունը, և ծննդալուծումը նրանց համար դառնում է սթրեսային: Ծննդաբերության ժամանակ ցանկացած պահի կինը կարող է տուժել ճնշման կտրուկ բարձրացումից: Դա կարող է հանգեցնել ծննդաբերության ընթացքում էկլամպսիայի զարգացման, գլխուղեղային արյան շրջանառության խանգարման: Այսպիսի դեպքերում ծննդալուծումն ընթանում է կեսարյան հատման եղանակով:
Վաղաժամ ծննդալուծումը կեսարյան հատման եղանակով ցուցվում է հետևյալ դեպքերում՝
- էկլամպսիա, դրա բարդացում,
- գեստոզի բարդություններ՝ երիկամային սուր անբավարարություն, կոմա, ցանցաթաղանթի շերտազատում, արյունազեղում ցանցաթաղանթում, գլխուղեղում, ընկերքի վաղաժամ շերտազատում, սուր ճարպային հեպատոզ, HELLP- համախտանիշ (լյարդի համակցված ախտահարում և հեմոլիտիկ անեմիա նեֆրոպաթիայի դեպքում) և այլն,
- պրեէկլամպսիա, գեստոզի ծանր ընթացք արգանդի չհասունացած պարանոցի դեպքում,
- գեստոզ, որն ուղեկցվում է մանկաբարձական այլ պաթոլոգիայով,
- երկարաժամկետ գեստոզ (առավել քան 3 շաբաթ տևողությամբ)։
Գեստոզի կանխարգելումը
Գեստոզի կանխարգելման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դեռ հղիության պլանավորման փուլում: Հարկավոր է մասնագետի մոտ զննում անցնել՝ պաթոլոգիաների բացահայտման նպատակով և դրանց առկայության պարագայում կատարել անհրաժեշտ բուժումներ: Նաև հարկավոր է ազատվել վատ սովորություններից, այսինքն՝ նախօրոք պատրաստվել բեղմնավորմանը:
Արդեն հղիության ընթացքում գեստոզի կանխարգելման համար գոյություն ունեն հետևյալ միջոցները․
- Բավարար քուն (օրական 8-9 ժամ), հանգիստ, սահմանափակ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սթրեսային իրավիճակների բացառում և ընտանիքում դրական հոգեհուզական միջավայրի պահպանում: Սրանք կարևորագույն պայմաններն են հիվանդության կանխարգելման համար:
- Շնչառական վարժությունները, հատուկ բուժական ֆիզկուլտուրան, պարանոցային և գլխային հատվածի մերսումը թույլ կտան կարգավորել գլխուղեղի կենտրոններում արգելակման և գրգռման գործընթացները և բարելավել արյան հարստացումը թթվածնով: Կօգնեն նաև լողը, յոգան և թարմ օդում երկարատև զբոսանքները:
- Կարևոր է, որ ընտանիքում բոլոր անդամները հասկանան հղի կնոջ վիճակը և փորձեն մեղմացնել այն: Օրինակ, եթե կնոջն այս շրջանում գրգռում են սուր բույրերը (սուրճի, սոխի, սխտորի և այլն), ապա կարելի է չօգտագործել դրանք:
- Արթնանալիս անհրաժեշտ է դանդաղ վեր կենալ անկողնուց՝ առանց կտրուկ շարժումների: Նույնիսկ սրտխառնուքի բացակայության պարագայում կարելի է դեռ պառկած վիճակում մի փոոքր կտոր սև հաց ուտել կամ կիվի, կիտրոն, երիցուկի թուրմ և այլն:
- Սնունդը պետք է լինի հարուստ, բայց դա չի նշանակում, որ կարելի է ուտել ամեն բան անսահմանափակ քանակությամբ: Օրվա ընթացքում անհրաժեշտ է սնունդն ընդունել փոքր չափաբաժիններով, բայց ավելի հաճախ: Սնունդը պետք է լինի ոչ շատ տաք, և ոչ էլ շատ սառը:
Անհրաժեշտ է սննդակարգից բացառել տապակած, ճարպային, պահածոյացված, ապխտած ուտեստները, թթուները, շոկոլադը: Լավ կլինի սահմանափակել կամ նույնիսկ բացառել քաղցրավենիքը, թխվածքները, պաղպաղակը: Կարևոր է նաև աղի սահմանփակ օգտագործումը: Օգտակար է ուտել շիլաներ՝ վարսակաձավարի, հնդկաձավարի և այլ:
Զարգացող պտղին անհրաժեշտ է սպիտակուց, այնպես որ հղի կինը պետք է ընդունի սպիտակուցներով հարուստ սնունդ՝ ոչ ճարպոտ միս (տավարի, հորթի, հավի), ձու, ձուկ, կաթնաշոռ: Եթե կինն արդեն ունի գեստոզ, ապա սպիտակուցների պահանջն օրգանիզմի կողմից մեծանում է, քանի որ նրա որոշակի քանակություն դուրս է գալիս մեզի հետ: Օրգանիզմին վիտամիններով կարող են ապահովել մրգերն ու հատապտուղները, չրերի և մասուրի եփուկներ, լոռամրգի հյութը: Պետք չէ մոռանալ նաև բջջանյութի մասին, որն առաջացնում է հագեցվածության զգացողություն և հրաշալի միջոց է փորկապության կանխարգելման համար: Այն առավել մեծ քանակությամբ պարունակվում է բանջարեղեններում (գազար, ճակնդեղ), մրգերում և չրեղենում, սնկերում, կաղամբում, հացահատիկային թեփում, կանաչեղենում:
- Օրական ընդունվող հեղուկի քանակությունը պետք է լինի ոչ պակաս, քան 2 լ.: Այդ ծավալի մեջ մտնում է և՛ կաթը, ապուրները, և՛ մրգահյութերը: Կարելի է խմել հիմնային հանքային ջրեր՝ ոչ գազավորված, անանուխով թեյ:
- Անհրաժեշտ է մշտապես հետևել քաշի ավելացմանը, վերահսկել այն: Հղիության 28 շաբաթներից հետո քաշի շաբաթական ավելացումը պետք է կազմի միջինում 350 գրամ, և չգերազանցի 500 գրամը: Ամբողջ հղիության ընթացքում կինը պետք է քաշն ավելացնի ոչ ավել, քան 12 կգ: Քաշի ավելցուկը կամ արագորեն գիրանալը հանգեցնում է այտուցների առաջացման:
- Այտուցների առաջացմանը նպաստում է նաև մեզի հոսքի դժվարացումը: Կանգնած դիրքում արգանդը ճնշում է միզուղիները և դրանով խանգարում մեզի ազատ հոսքը: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս կանանց օրական 3-4 անգամ 10 րոպե անցկացնել չորեքթաթ դիրքում, կարելի է բարձ դնել կրծքի տակ: Այս դիրքում մեզի հոսքը բարելավվում է:
- Այտուցների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում խմել երիկամների համար նախատեսված թեյեր, լոռամրգի, մասուրի, արջախաղողի տերևների եփուկ: Կարելի է կիրառել այնպիսի բուսական դեղամիջոցներ, ինչպիսիք են ցիստոնը, կանեֆրոնը, ցիստենալը:
- Երբեմն բժիշկները նշանակում են մագնիում պարունակող դեղամիջոցներ, վիտամին Eՙ, խոֆիտոլ (նպաստում է լյարդում արտադրվող, անոթները քայքայող նյութերի ապաակտիվացմանը), կուրանտիլ (բարելավում է ընկերքի արյան շրջանառությունը և հանդիսանում է գեստոզի զարգացման համար կանխարգելիչ միջոց) և այլն:
Կանխատեսումներ
Եթե կնոջ առաջին հղիությունն ընթացել է գեստոզով, դա դեռ չի նշանակում, որ կարելի է հստակ կանխատեսումներ անել հաջորդող հղությունների ընթացքի վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպք անհատական է: Այնուամենայնիվ այդ կանայք հայտնվում են վտանգավոր գոտում, և շատ կարևոր է, որ նրանց հաջորդ հղիությունների հենց սկզբից անցկացվեն բժշկական մանրազնին ստուգումներ և հսկողություն: Բժիշկները խորհուրդ են տալիս երկրորդ հղիության համար սպասել 3-5 տարի, քանի որ կարճ ժամանակ անց հղիանալը մեծացնում է գեստոզի առաջացման վտանգները: Գեստոզի զարգացումից ոչ մի կին ապահովագրված չէ: Սակայն եթե ճիշտ նախապատրաստվեք բեղմնավորմանը, ժամանակին դիմեք բժկի, կատարեք նրա խորհուրդներն ու հրահանգները, կանոնավոր այցելեք բոլոր զննումներին, ապա կկարողանաք նվազագույնի հասցնել գեստոզի զարգացման հավանականությունը: