Ի՞նչ անել, որ հղիության ընթացքում անկողնային ռեժիմը ձանձրալի չթվա
Անկողնային ռեժիմը ոչ մի կերպ չի ընդգրկվում առողջ և անհոգ հղիություն հասկացության մեջ, այդ պատճառով էլ բժշկի այս ցուցումը հիվանդին գցում է ընկճվածության, հուսահատության մեջ: Բայց իզուր. չէ՞ որ դա գրեթե միակ ելքն է բարդ հղիությունը փրկելու, հենց անկողնային ռեժիմի շնորհիվ են բազմաթիվ նորածիններ լույս աշխարհ գալիս և բացի այս կարելի է անկողնում անցկացվող ժամանակը ծախսել ի շահ հոգու, մտքի և գրպանի:
Այսպիսով, եթե հղիության ժամանակ ձեզ անկողնային ռեժիմ է նշանակվել, ապա ժամանակն է մտածելու, թե ինչով եք զբաղվելու այդ ընթացքում: Կազմեք օրվա ծրագիր՝ յուրաքանչյուր օրվա համար տարբեր: Ցանկալի է, որ ծրագրեք միանգամից մի քանի տարբեր գործ:
Հեռուստացույցը լավ տարբերակ է, բայց պետք է լինի չափավոր: Հակառակ դեպքում կհայտնվեք բազմաթիվ հեռուստասերիալներ դիտելու վտանգի տակ կամ կսկսեք դիտել հեռարձակվող ամեն բան՝ վախենալով դժբախտ պատահարներից, ֆոնդային շուկայի տապալման լուրերից կամ տխրելով հոլիվուդյան աստղերի հերթական բաժանումներից:
Պետք չէ նաև չարաշահել քաղցրավենիքը. այո, քաղցրավենիքը բարձրացնում է տրամադրությունը, սակայն ֆիզիկական ակտիվության սահմանափակումն ինքնին իջեցնում է էներգիայի ծախսը, իսկ լրացուցիչ կալորիաները կուտակվում են որևէ տեղ՝ ավելորդ կիլոգրամների տեսքով: Այդ դեպքում ինչպե՞ս չտխրել ձանձրույթից և չխենթանալ անգործությունից: Առաջարկում ենք մի քանի տարբերակ՝ ազատությունը հորիզոնական դիրքով անցկացնելու համար՝ հեռակա ուսուցում, որակավորման բարձրացում, օտար լեզվի կատարելագործում և այլն:
Իհարկե, հղիության ընթացքում դուք չեք հասցնի ԲՈՒՀ ավարտել կամ նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց դիպլոմային աշխատանք կամ 2-3 կուրսային աշխատանք գրել միանգամայն հնարավոր է: Կարելի է օտար լեզվի քերականությունը վերանայել կամ աշխատել արտասանության վրա՝ շփվելով ուսուցչի հետ առցանց տարբերակով կամ որակավորումը բարձրացնելու համար լսել դասախոսություններ:
Ստեղծագործական դասեր
Սրանց մեջ կարելի է ներառել և՛ ձեռքի աշխատանքները (գործելը, կար ու ձևը, ասեղնագործությունը), և՛ նկարչությունը, և՛ խաղալիքներով զբաղվելը: Բնականաբար այս ամենը պահանջում է որոշակի ծախս՝ անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, անկողնում աշխատանքային տեղի պատրաստում, բայց ստեղծագործելուց ստացած հաճույքը միանգամից փոշիացնում է այդ չնչին անհարմարությունները: Բացի այդ, ձեր ապագա երեխայի համար փափուչներ գործելը թույլ կտա պատկերացնել նրա կերպարը, դրականորեն տրամադրվել, որն էլ կանդրադառնա և՛ ձեր, և՛ ձեր փոքրիկի ինքնազգացողության վրա:
Հեռակա աշխատանք
Շատ գործատուներ ընդառաջում են աշխատակիցներին և համաձայնում աշխատավայրը գրասենյակից հեռու տեղափոխելու պայմաններին: Համացանցը և անհրաժեշտ ծրագրային ապահովումը ձեզ թույլ կտան բառացիորեն ապրել աշխատավայրում՝ այդուհանդերձ գտնվելով տանը, հարմարավետ անկողնում: Թվում է՝ կատարյալն տարբերակ է ժամանակն անցկացնելու համար. ուղեղն զբաղված է, գրպանը լցվում է, բայց նույնիսկ հեռակա աշխատելիս հաճախ կարող են առաջանալ սթրեսային իրավիճակներ, իսկ նման հուզական լարվածությունը դժվար թե օգտակար լինի հղի կնոջ համար: Այդ պատճառով փորձեք ազատ գրաֆիկով աշխատանք կատարել՝ վեբ-դիզայն կամ կայքերի մոդերատոր, կարելի է գրել հոդվածներ կամ կատարել թարգմանություններ:
Հանդիպումներ և ընկերների հետ շփում
Հղիությունը վարակիչ հիվանդություն չէ և դուք էլ կարանտինի մեջ չեք գտնվում: Ձեր պարագայում աղմկոտ երեկույթները դժվար հասանելի են, իսկ ահա աղջիկների հետ հանգիստ թեյախմությունը հնարավոր տարբերակ է: Կարող եք կազմել ընկերների, ծանոթների ցուցակ, որոնց հետ վաղուց չեք հանդիպել, զանգահարել նրանց բոլորին կամ զրուցեք սոցցանցերում:
Տեսական և գործնական նախապատրաստում փոքրիկի լույս աշխարհ գալուն
Տեսական մասը ենթադրում է մի շարք գրքերի ընթերցանություն, բայց ոչ հղիության և ծննդաբերության մասին գրքերի, այլ նորածնի խնամքի, նախադպրոցականների հոգեբանության և այլնի մասին, իսկ գործնական մասը ներառում է փոքրիկի համար անհրաժեշտ իրերի ցուցակ կազմելը և առցանց խանութներում գների ու մեկնաբանությունների ուսումնասիրելն ու համեմատություն անցկացնելը:
Տան պահոցի կարգի բերում
Նվիրական արկղը կամ հաստ թղթապանակը, որտեղ խրցով դրված են ծառայությունների վճարման անդորրագրերը, նամակներ, լուսանկարներ և այլ թղթեր: Հավանաբար դուք ժամանակ չեք ունեցել դասակարգելու այդ ամենը: Մի քանի ժամ և ընտանեկան ալբոմը կհամալրվի նոր լուսանկարներով, անդորրագրերը դասավորված կլինեն համապատասխան դարակներում:
Մտքի և հոգու սնուցմամբ տարված՝ պետք չէ մոռանալ մարմնի մասին. երկար պառկելուց մկանները կարող են հյուծվել և թուլանալ: Բուժող բժիշկը կբացատրի ֆիզիկական վարժություններ կատարելու անհրաժեշտությունը. ջլերի և մկանների թեթև ձգման վարժություններ կսովորեցնի, որոնք պետք է կատարել ամեն օր: Ոչինչ հավերժ չէ, և վաղ թե ուշ ձեր անկողնային բանտարկությունը կավարտվի:
Ինչպե՞ս եք հետագայում հիշելու այն՝ որպես ձեր կյանքի ամենաձանձրալի՞, թե՞ օգտավետ անցկացված ժամանակահատված ՝ կախված է միայն ձեզնից և ձեր տրամադրվածությունից: