Մարմնի բարձր կամ ցածր ջերմաստիճանը հղիության ընթացքում

Ինչպես արդեն գիտենք, հղիությունն ամբողջապես փոխում է կնոջ օրգանիզմի գործունեությունը: Առաջին ամիսներից տեղի են ունեմ կարևորագույն գործընթացներ՝ ապագա փոքրիկի բոլոր օրգանների ձևավորումը, և նրա առողջության հիմքը հենց այս ժամանակներից է դրվում: Հղիության ինն ամիսների ընթացքում կինը պետք է հատկապես ուշադիր լինի իր առողջական վիճակին:
Հղիության առաջին շաբաթներին հնարավոր է մարմնի ջերմաստիճանը բարձրանա կամ նվազի: Սովորաբար, ջերմաստիճանի բարձրացումն ավելի հաճախ է հանդիպում, և այն ոչ միշտ է առընչություն ունենում որոշակի հիվանդության հետ: Ցանկացած դեպքում կինը պետք է իմանա, թե որոնք են հղիության ընթացքում ջերմաստիճանի բարձրացման պատճառները:
Որքան էլ տարօրինակ թվա՝ հղիությունն իրենով պատճառ է դառնում, որպեսզի մարմնի ջերմաստիճանը թեթևակի բարձրանա: Դա բացատրվում է նրանով, որ օրգանիզմի կողմից հղիությունն ընդունվում է որպես նոր և անծանոթ վիճակ: Հղիության վաղ ժամկետներում կնոջ հորմոնային համակարգն ամբողջությամբ փոխվում է, սկսվում է մեծ քանակությամբ պրոգեստերոն հորմոն արտադրվել, ինչը հենց առաջացնում է ջերմաստիճանի բարձրացում:
Հղիության սկզբում բնական է իմունիտետի նվազումը, ինչը տեղի է ունենում, որպեսզի կնոջ օրգանիզմի կողմից պտուղը՝ որպես օտար մարմին չմերժվի: Իսկ իմունիտետի ցանկացած փոփոխության դեպքում դիտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Այն սովորաբար չի գերազանցում 37 աստիճանը, ինչն ըստ բժշկական ցուցանիշների համարվում է բնական: Այս վիճակը ոչ մի կերպ չի ազդում պտղի ներարգանդային զարգացման վրա, և այն չպետք է անհանգստացնի ապագա մայրիկին, եթե իհարկե չի ուղեկցվում այլ գանգատներով: Շատ հնարավոր է՝ ջերմաստիճանի բարձրացման պատճառը պարզապես ամառային շոգ եղանակը լինի կամ տաք հագուստը:
Իսկ ահա 38 աստիճանից բարձր ջերմությունն ամենայն հավանականությամբ խոսում է կնոջ օրգանիզմում որևէ հիվանդության զարգացման մասին: Մրսածությունը, վիրուսային կամ այլ հիվանդությունները հաճախ են հանդիպում հղիության ինչպես սկզբում, այնպես էլ ողջ ընթաքում: Դրանք վտանգավոր են և պարտադիր պետք է այցելել բժշկի: Նա կնշանակի համապատասխան բուժական թերապիա: Հնարավոր է նույնիսկ պահանջվի հոսպիտալացում, ինչից հրաժարվել պետք չէ, քանի որ հնարավոր է այն օգնի պահպանել հղիությունը:
Ցանկացած դեպքում, կինը պետք է իր գինեկոլոգին տեղեկացնի մարմնի ջերմաստիճանի փոփոխությունների մասին: Իսկ դեղորայքի ընդունումից վախենալ պետք չէ, քանի որ գրագետ ընտրված բուժումը երեխային չի վնասի, ինչը չի կարելի ասել բարձր ջերմության հետևանքների մասին:
Բարձր ջերմության հնարավոր հետևանքները
Բարձր ջերմությունը նախ և առաջ խոսում է օրգանիզմի ինքնաթունավորման մասին, ինչը հնարավոր է բացասական հետևանք ունենա սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:
Երկարատև բարձր ջերմության դեպքում առաջանում է սպիտակուցի սինթեզի փոփոխություն: Այն բացասական ազդեցություն է ունենում նաև ընկերքի վրա և հանգեցնում է վիժման: Բացի այդ, երկարատև ջերմության դեպքում խանգարվում է պտղի բոլոր օրգան-համակարգերի ճիշտ զարգացումը, իսկ դա գուցե ազդեցություն ունենա երեխայի նյարդային համակարգի և մտավոր կարողությունների վրա: Այնպես որ, հղիության ընթացքում բարձր ջերմությունը չպետք է թողնել առանց ուշադրության:
Ին՞չ մեթոդներով նվազեցնել բարձր ջերմությունը
Կարելի է կիրառել դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդներ: Սովորաբար, խորհուրդ է տրվում ջերմությունը նվազեցնել աստիճանաբար և ցանկալի է՝ ավանդական փորձված միջոցներով: Նախ և առաջ կինը պետք է շատ հեղուկ օգտագործի, բայց պետք չէ չարաշահել, որպեսզի վերջույթների այտուց չառաջանա: Չնայած վերջինս հազվադեպ է հանդիպում հղիության առաջին եռամսյակում՝ այնուամենայնիվ պետք է զգույշ լինել:
Կարդացեք՝ Ինչպես վարժվել ավելի շատ ջուր խմելուն
Հղի կնոջ համար ըմպելիքի շատ տարբերակներ չկան, հիմնականում կիտրոնով թեյ (կարելի է շաքարավազ ավելացնել), լորենու կամ երիցուկի ոչ թունդ եփուկ, տարբեր մրգահյութեր, եռացրած ջրի մեջ ավելացրած ազնվամորու մուրաբա, մեղրով կամ կակաոյի յուղով կաթ: Անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի բոլոր ըմպելիքները լինեն ոչ շատ տաք:
Տարատեսակ խոտաբույսերով թուրմերն անհրաժեշտ է զգուշությամբ կիրառել, քանի որ ոչ բոլորն են թույլատրելի հղիության ընթացքում: Օգտակար կլինեն նաև սառը թրջոցները ճակատին: Եթե ավանդական միջոցներով չի հաջողվում ջերմությունը նվազեցնել, անհրաժեշտ է դիմել դեղորայքայինի: Սա պետք է անել ոչ թե ընկերների կամ ծանոթների խուրհրդով, այլ բացառապես բժշկի նշանակմամբ:
Սովորաբար, հղիության վաղ ժամկետներում բժիշկները ասպիրին չեն նշանակում, քանի որ այն հնարավոր է հղիության ընդհատման պատճառ դառնա կամ հանգեցնի պտղաձվի զարգացման զանազան արատների: Պարացետամոլի հիմքով դեղորայքը սովորաբար նշանակվում է մեկ անգամյա ընդունմամբ, որպեսզի երիկամների և լյարդի գործունեությունը չխանգարվի:
Հղիության պատասխանատու 40 շաբաթների ընթացքում լավ կլինի կիրառել կանխարգելիչ միջոցներ և թույլ չտալ ջերմության բարձրացում:
Ինչպե՞ս կանխարգելել ջերմության բարձրացումը
Նախ և առաջ հղի կինը պետք է խուսափի մարդաշատ վայրերից, հատկապես տարատեսակ սեզոնային վիրուսների տարածման շրջանում: Անհրաժեշտ է ամեն օր լավ օդափոխել բնակարանի բոլոր սենյակները: Նաև պետք չէ մոռանալ անձնական հիգիենայի կանոններին հետևելու մասին. տուն վերադառնալուց պարտադիր լվանալ ձեռքերն օճառով, մաքրել քիթը ջրով և ողողել բերանը: Ինչպես նաև կարևոր է ճիշտ սննդակարգն ու անհրաժեշտ վիտամինների ընդունումը:
Վերոնշյալ խորհուրդներին հետևելով դուք կնվազեցնեք ջերմության բարձրացման վտանգը:
Ի՞նչ է նշանակում ջերմության նվազումը
Հղիության ընթացքում կարող են դիտվել ինչպես ջերմության բարձրացումներ, այնպես էլ նվազումներ: Երբեմն, նվազումը տվյալ օրգանիզմի առանձնահատկության հետևանքն է: Նման վիճակը ոչ մի կերպ չի փոխազդում պտղի զարգացմանը:
Հնարավոր է, որ ջերմության բնական ցուցանիշներից նվազումը կապված լինի տոքսիկոզի և գերհոգնածության հետ, ինչպես նաև այն կարող է մատնանշել հորմոնային համակարգի խանգարումներ, ինչը հանգեցնում է մի շարք անցանկալի հիվանդությունների: Երկարատև ցածր ջերմությունը առաջացնում է թուլություն, գլխապտույտ և նույնիսկ ուշագնացություն, այդ պատճառով պարտադիր է նման դեպքում դիմել բժշկի:
Ընդհանուր առմամբ, ջերմության տատանումներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել առողջական վիճակին ինչպես հղիության սկզբում, այնպես էլ ողջ ընթացքում: Օրգանիզմում կատարվող փոփոխությունները նկատելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր օր չափել մարմնի ջերմաստիճանը, իսկ շեղումներ հայտնաբերելու դեպքում՝ առանց վարանելու դիմել բժշկի: