Մարդու խորիոնային գոնադոտրոպինը հղիության ընթացքում
Հղիանալուց հետո կինն ստիպված է լինում բազմաթիվ հետազոտություններ անցնել, որոնց մի մասը՝ նույնիսկ մի քանի անգամ: Այդ կարող է մտահոգության տեղիք տալ՝ արդյո՞ք ամեն բան լավ է: Նման հետազոտություններից մեկը մարդու խորիոնային գոնադոտրոպինի հետազոտությունն է։ Հնարավոր է հղիության ընթացքում այն մի քանի անգամ ստուգելու կարիք լինի: Ի՞նչ է իրենից ներկայացնում ՄԽԳ-ն:
Մարդու խորիոնային գոնադոտրոպինը՝ ՄԽԳ, հորմոն է, որն արտադրվում է խորիոնի՝ թավկենու կողմից, երբ այն ամրացնում է բեղմնավորված ձվաբջիջն արգանդի պատին: Այդ տեղի է ունենում գրեթե բեղմնավորման պահից սկսած, այդ պատճառով հենց այս հորմոնն է հանդիսանում հղիության վաղ ժամկետներում դրա հաստատման հավաստի ցուցանիշ:
Ինչու՞ են այս հորմոնն ստուգում ոչ միայն հղիության առաջին, այլև երկրորդ և երրորդ եռամսյակներում: Գոյություն ունեն հղիության տարբեր ժամկետներին համապատասխանող ՄԽԳ-ի ցուցանիշներ, որոնք թույլ են տալիս որոշել հղիության ընթացքի բնականոն լինելը կամ բացահայտել պտղի պաթոլոգիաների առկայությունը:
ՄԽԳ-ի կազմի մեջ մտնում են ալֆա և բետա մասնիկներ: Հենց բետա միավորն է, որ ունի առանձնահատուկ կառուցվածք, որի պատճառով հղիության ընթացքում զգալի կարևորությունը տրվում է b-ՄԽԳ-ին: Այս լաբորատոր հետազոտությունը կարող է իրականացվել արդեն դաշտանի ուշացման 2-րդ, 3-րդ օրը, եթե բեղմնավորում տեղի է ունեցել, և այդ պահից անցել է 6-10 օր, ապա ՄԽԳ-ի մակարդակն անպայման բարձրացած կլինի: Եթե ավելի բարձր հստակություն է հարկավոր, խորհուրդ է տրվում կրկնակի հանձնել նմուշը և կատարել հեշտոցային ՈՒՁՀ: Ի դեպ՝ տան պայմաններում կիրառվող հղիության թեստերը նույնպես հիմնված են ՄԽԳ-ի բացահայտման վրա, բայց խոսքը ոչ թե արյան մեջ պարունակվող հորմոնի, այլ մեզում պարունակվողի մասին է, որտեղ նրա խտությունը կիսով չափ քիչ է, և այդ պատճառով այն զիջում է լաբորատոր հետազոտության մեթոդին, չնայած որ սա նույնպես համարվում է բավականին հավաստի:
ՄԽԳ-ի բնականոն մակարդակը հղիության ընթացքում
Ձվաբջջի բեղմնավորումից հետո նրա ներքին թաղանթը (խորիոնը) սկսում է բավականին արագ արտադրել գոնադոտրոպին հորմոն ՝ հղիության առաջին եռամսյակում ՄԽԳ-ի մակարդակը յուրաքանչյուր 2 օրվա ընթացքում կրկնակի բարձրանում է: Այս ցուցանիշն իր գագաթնակետին հասնում է 7-10-րդ շաբաթում, իսկ հետո աստիճանաբար նվազում է և հղիության 2-րդ կեսում մնում է նույնը: Ահա թե ինչպես են բժիշկները ՄԽԳ-ի արտադրման տեմպերով կարողանում որոշել հղիության բնականոն ընթացքը կամ հղիության զարգացման կանգը: Այս ցուցանիշը 14-18-րդ շաբաթներում կարող է պաթոլոգիայի զարգացման նշան լինել: Այդ պատճառով էլ պետք չէ մտահոգվել, երբ ձեր բժիշկը կրկնակի նշանակում է այս հետազոտությունը, դա պարզապես ապահովության համար է:
Ինչ վերաբերում է ՄԽԳ-ի բնականոն ցուցանիշներին, պետք է նշել, որ դա շատ հարաբերական հասկացություն է: Բանն այն է, որ գրեթե յուրաքանչյուր լաբորատորիա ունի իր կողմից սահմանված ցուցանիշներ և պետք է առաջնորդվել հենց այն լաբորատորիայի ցուցանիշներով, որտեղ կատարվել է հետազոտությունը։
ՄԽԳ-ի շեղումները
Ի՞նչ կլինի, եթե հետազոտության արդյունքերը ցույց տան որոշակի շեղումներ՝ ՄԽԳ-ի մակարդակի բարձր կամ ցածր ցուցանիշ: Իհարկե դա լավ չէ, քանի որ բարձր կամ ցածր մակարդակը խոսում է կնոջ օրգանիզմում խնդիրների և բարդություների առկայության մասին: Կարևոր է, որ հղիության ժամկետները հստակ որոշված լինեն, հակառակ դեպքում այն չի համապատասխանի սովորական ցուցանիշներին, և արդյունքն անիմաստ կլինի: Եթե հղիության ընթացքում ՄԽԳ-ի մակարդակը սովորականից բարձր է, ապա լավագույն դեպքում այն կարող է վկայել բազմապտուղ հղիության մասին, քանի որ սովորաբար նրա մակարդակն արյան մեջ բարձրանում է սաղմի թվին համապատասխան:
Այլ դեպքերում բարձր ՄԽԳ-ի մակարդակը կարող է մատնանշել հետևյալ պաթոլոգիաները՝ հեստոզ, պտղի զարգացման անոմալիաներ, օրինակ Դաունի համախտանիշ, երկարատև հղիություն։
Հորմոնի մակարդակը կարող է բարձրանալ, եթե ապագա մայրիկն ունի շաքարային դիաբետ կամ եթե ընդունում է արհեստական հեստագեններ:
ՄԽԳ-ի հետազոտության կեղծ դրական արդյունքներ
Եթե պարզվում է, որ հղի չեք, իսկ ՄԽԳ-ի մակարդակը բարձր է (կեղծ դրական արդյունքներ), ապա հնարավոր է, որ նրա վրա ազդել է հետևյալ գործոններից որևէ մեկը՝
- որոշակի հորմոնային դեղամիջոցների ընդունումը՝ այդ թվում և օրալային հակաբեղմնավորիչների,
- նախորդ հղիությունից կամ աբորտից հետո դիտվող մնացորդային երևույթ,
- խորիոն կարցինոմա,
- բշտիկային զանգված կամ դրա կրկնություն (ռեցիդիվ),
- ձվարանների, արգանդի, երիկամների, թոքերի ուռուցքներ:
Ցանկացած դեպքում դա բժշկի դիմելու առիթ է: Հղիության ընթացքում ՄԽԳ ցածր մակարդակը վկայում է արտարգանդային հղիության, վիժելու վտանգի, երկարատև հղիության մասին: Դա կարող է նաև լինել քրոնիկական ընկերքային անբավարարության ախտանշան:
ՄԽԳ-ն չզարգացող հղիության դեպքում
Չզարգացող հղիության ժամանակ նույնպես ՙՄԽԳ հորմոնի մակարդակը նվազում է: Սա մի երևույթ է, երբ ինչ- որ պատճառներով պտուղը մահանում է: Այդ ժամանակ հորմոնի արտադրությունը դադարում է, և հետազոտությունը ցույց է տալիս դրա մակարդակի նվազում: Սովորաբար այս երևույթի կասկածի դեպքում նմուշը պարբերաբար է հանձնվում, որպեսզի բժիշկը կարողանա վերահսկել արյան մեջ ՄԽԳ-ի փոփոխությունները:
Այնուամենայնիվ պետք չէ խուճապի մատնվել, քանի որ հնարավոր է, որ արդյունքները պարզապես սխալ սահմանված լինեն: Նման բան նույնպես տեղի է ունենում, այդ պատճառով չզարգացող հղիության ախտորոշման համար նշանակվում է ՈՒՁՀ, և դրա արդյունքի հիման վրա է կատարվում վերջնական ախտորոշում: Բացի այդ, հայտնի են դեպքեր, երբ տեղի է ունենում հակառակը՝ չզարգացող հղիության պարագայում ՄԽԳ-ի մակարդակը բարձրանում է: Երբեմն էլ հղիության ընթացքում արդյունքերը ցույց են տալիս ՄԽԳ 0 (բացասական), որը հավանաբար սխալմունք է և կարիք կլինի կրկին հանձնելու նմուշը:
Ինչպե՞ս են հանձնում ՄԽԳ-ի հետազոտման նմուշը
Որպեսզի հետազոտման արդյունքները հնարավորինս հստակ և հավաստի լինեն, անհրաժեշտ այն ճիշտ հանձնել: Ձեր բժիշկը կհայտնի, թե ինչպես է պետք նախապատրաստվել դրան: Այնուամենայնիվ իմացեք, որ արյան մեջ այս հորմոնի մակարդակն ստուգելու համար անհրաժեշտ է նմուշը հանձնել քաղցած ժամանակ: Հաճախ այն խորհուրդ է տրվում հանձնել առավոտյան, բայց կարելի է նաև օրվա մյուս կեսին հանձնել, եթե դրան նախորդող 4-6 ժամերի ընթացքում ոչինչ չեք կերել:
Արյունը վերցնում են երակից: Այն հանձնելուց մեկ օր առաջ անհրաժեշտ է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որպեսզի արդյունքերն ավելի հավաստի լինեն: Ցանկացած դեպքում, եթե նույնիսկ ՄԽԳ-ի հետազոտման արդյունքերը մտահոգիչ են, միևնույնն է պետք չէ խուճապի մատնվել և շտապ ենթադրություններ անել: Ցուցանիշները կարող է ճիշտ մեկնաբանել միայն բժիշկը: