Որդանման ելունի բորբոքումը հղիության ընթացքում
Շատ կանայք որովայնի ցավը կապում են հղիության կարգավիճակի հետ, որը հաճախ ճիշտ է լինում: Բայց հղիությունն էլ ինքնին կարող է հրահրել որդանման ելունի նոպաներ: Որպեսզի նոպան ձեզ հանկարծակիի չբերի, անհրաժեշտ է հստակ ճանաչել տվյալ հիվանդության ախտանշաները, իմանալ դրանց դեմ պայքարի միջոցները:
Սա կույր աղիքի որդանման ելունի բորբոքումն է: Հարկ է նշել, որ այս հիվանդությունը հաճախ հանդիպում է հենց հղի կանանց շրջանում (մոտ 3,5%):
Այս հիվանդության զարգացման պատճառները մինչ այժմ հստակ բացահայտված չեն: Ենթադրվում է, որ տարբերակներից մեկը կույր աղու և դրա որդանման ելունի միջև գտնվող լուսանցքի խցանումն է: Խցանման արդյունքում տեղի է ունենում ելունի արյան մատակարարման խանգարում, ինչը հանգեցնում է այտուցի և բորբոքման:
Հաճախ հենց հղիությունն է հրահրում հիվանդության զարգացմանը: Դրա պատճառը մեծացած արգանդն է, որը ճնշելով ելունը՝ առաջացնում է արյան մատակարարման խանգարում և հետևաբար՝ հանգեցնում դրա բորբոքման:
Որդանման ելունի բորբոքման ախտանշանները
Բժկության մեջ ընդունված է որդանման ելունի բորբոքման արտահայտման երկու ձև՝ հասարակ (կատարալ) և քայքայիչ: Յուրաքանչյուր տեսակի համար պահանջվում է որոշակի ժամանակահատված, որպեսզի հիվանդությունը զարգանա: Հասարակ տեսակի զարգացման համար պահանջվում է 6-12 ժամ, քայքայիչ տեսակը կարող է զարգանալ 12 ժամից երկար՝ մինչև երկու օր, իսկ հետո կարող է առաջանալ թափածակում, այսինքն՝ աղու պարունակությունը կարող է հայտնվել որովայնի խոռոչում:
Հնարավոր չէ նշել այս հիվանդությանը բնորոշ որոշակի ախտանշաներ հղի կանանց դեպքում, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և ելունի տարբեր փոփոխություններ կարող են դիտվել, բացի այդ որդանման ելունը ոչ բոլորի օրգանիզմում է միևնույն տեղակայմամբ:
Եթե բորբոքումը տեղի է ունենում հենց ելունի մեջ՝ առանց որովայնի խոռոչը ախտահարելու, առաջանում են որովայնի վերին հատվածի ցավեր, որոնք աստիճանաբար տարածվում են որովայնի ստորին աջ հատված: Որդանման ելունի բորբոքման ախտանշան կարող է լինել փսխումը, ստամոքսի խանգարումը, սրտխառնոցը: Երբեմն ցավերը կրում են մեղմ բնույթ և դիտվում են որովայնի բոլոր հատվածներում: Բժշկի զննման ժամանակ ցավերը կարող են միանգամից չբացահայտվել և արտահայտվել արգանդից վերև ընկած հատվածներում: Հաճախ հղի կանայք ցավ են զգում աջ կողքի վրա պառկած դիրքում, քանի որ այդպես արգանդն առավելագույն ճնշում է գործադրում բորբոքված ելունի վրա:
Բորբոքային պրոցեսի զարգացման հետ մեկտեղ ցավն սկսում է արտահայտվել աջ զստային հատվածում: Հաճախ այն տեղափոխվում է որովայնի ստորին և վերին հատվածներ և նույնիսկ կողատակեր: Սովորաբար ցավի աստիճանը կախված է հղիության ժամկետներից, որքան մեծ լինի արգանդի կողմից որդանման ելունի վրա ճնշումը, այնքան ուժգին կլինեն ցավերը: Հարկ է նշել, որ կույր աղիքի բորբոքման բնութագրող բոլոր ախտանշանները հղի կանանց դեպքում կարող են ավելի թույլ արտահայտվել կամ արտահայտվել ավելի ուշ:
Ելունի տեղակայումը նույնպես կարող է ազդեցություն ունենալ ցավերի արտահայտման վրա: Եթե որդանման ելունը լյարդի տակ է, ապա հղի կինը կարող է զգալ ստամոքսաբորբին (գաստրիտին) բնորոշ ախտանշաններ (ստամոքսի վերին հատվածի ցավեր, սրտխառնոց և նույնիսկ փսխում): Եթե ելունն ունի ստորին տեղակայում, երբ այն հատում է միզարձակման համակարգի սահմանները, ցավերը կարող են ուղղվել դեպի ոտքեր, շեք, միզարձակման պահանջը կարող է հաճախանալ, այդ պատճառով էլ շատ կարևոր է չշփոթել որդանման ելունի բորբոքումը ցիստիտի հետ:
Ի՞նչ ազդեցություն է ունենում որդանման ելունի բորբոքումը պտղի վրա
Հիվանդության զարգացումը հղիության երկրորդ եռամսյակում որոշակի ազդեցություն է ունենում ապագա փոքրիկի վրա: Առավել հաճախ հանդիպող բարդությունը հղիության ընդհատման վտանգն է ուշ ժամկետներում: Ինչպես նաև բարդություններ են համարվում վարակները, որոնք կարող են առաջանալ հետվիրահատական շրջանում և աղիների անանցանելիությունը:
Հազվադեպ լինում են նաև դեպքեր, երբ որդանման ելունի բորբոքումով կանայք ունենում են ընկերքի վաղաժամ շերտազատում: Դրա ժամանակին ախտորոշման և գրագետ բուժման դեպքում հնարավոր է լինում փրկել հղիությունը և հասցնել այն ավարտին: Պտղաթաղանթների բորբոքման դեպքում տեղի է ունենում պտղի ներարգանդային վարակում, ինչը պահանջում է պարտադիր հակաբակտերիալ թերապիա:
Բարդացումները սովորաբար առաջանում են որդանման ելունի հեռացման վիրահատությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում: Կանխարգելման նպատակներով հետվիրահատական շրջանում բոլոր հղի կանանց նշանավում է հակաբակտերիալ թերապիա:
Որդանման ելունի բորբոքման ախտորոշումը հղի կանանց դեպքում
Հիվանդությունն ախտորոշում է բժիշկը: Սովորաբար դրա առկայության ֆոնի վրա հղի կինը միգուցե ունենա մարմնի բարձր ջերմություն, ցավային զգացողություններ (երբեմն բավականին ուժեղ) որովայնի աջ կողմում՝ քայլելիս կամ նույնիսկ հանգստի վիճակում: Երբեմն շոշափման (պալպացիայի) ժամանակ ցավն ուժգնանում է որովայնի նույնիսկ ամենաչնչին սեղմումի դեպքում և ձեռքը որովայնից հեռացնելուց հետո:
Հիվանդությունը կարելի է ախտորոշել արյան և մեզի հետազոտությամբ (որդանման ելունի բորբոքման առկայության մասին կարող է վկայել լեյկոցիտների բարձր մակարդակը): Հարկ է նշել, որ լեյկոցիտների բարձր մակարդակը կարող է վկայել հղի կնոջ օրգանիզմում ընթացող ցանկացած բորբոքային պրոցեսի կամ վարակների մասին, հենց այդ պատճառով միայն լաբորատոր հետազոտությունները բավարար չեն ելունի բորբոքումն ախտորոշելու համար:
Հղի կանանց որդանման ելունի բորբոքման ախտորոշման ամենաժամանակակից և հավաստի մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է, որը թույլ է տալիս տեսնել ելունի մեծացումը և նույնիսկ թարախակույտը (աբսցես): Բայց պետք է նշել, որ ՈւՁՀ-ի ժամանակ հիվանդներից միայն մի մասի դեպքում է հնարավոր տեսնել որդանման ելունը:
Ախտորոշման ևս մեկ մեթոդ է լապարասկոպիան: Այս միջամտության ժամանակ բժիշկը կարող է տեսնել որովայնի խոռոչի բոլոր օրգանները, այդ թվում և որդանման ելունը: Ելունի բորբոքման հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է այն անմիջապես վերացնել: Լապարասկոպիան ամենահավաստի մեթոդն է, որ թույլ է տալիս հստակ որոշել որովայնի խոռոչում բորբոքային պրոցեսի առկայությունը: Հենց այդ պատճառով, եթե կասկածվում է ելունի բորբոքում, անհրաժեշտ է կնոջն ուղեկցել հիվանդանոց, որտեղ նա կգտնվի մշտական հսկողության ներքո, կկատարվեն բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու ախտորոշումը և անհրաժեշտության դեպքում կկատարվի բորբոքված ելունի հեռացման վիրահատություն:
Կարդացեք՝ Որդանման ելունի վիրահատական հեռացումը հղիության ընթացքում