Սերմնահեղուկի դոնորություն

Սերմնահեղուկի դոնորություն

Դոնորական սերմի բանկը ոմանց օգնում է ստանալ երկար սպասված երջանկությունը, իսկ մյուսներին էլ կլորիկ գումար վաստակել: 

Ցավոք ոչ բոլոր ամուսիններին է այսօր հաջողվում երեխաներ ունենալ: 40%-ի դեպքում դա պայմանավորված է տղամարդու գործոնով: Որքան էլ որ ցանկությունը մեծ լինի, միևնույն է, նույնիսկ վերարտադրողական բժշկության ժամանակակից ձեռքբերումներն են անզոր անպտղության որոշ դեպքերի բուժման հարցում:

ԱՄԲ դոնորական սերմնահեղուկով

Ընտրության բացակայության, սակայն երեխա ունենալու մեծ ցանկության դեպքում օգնության է գալիս ԱՄԲ խոշոր կլինիկաների կրիոբանկերի դոնորական սերմնահեղուկը: Անպտուղ զույգի համար այս ճանապարհը դառնում է երկար սպասված երջանկության և ընտանիքը պահպանելու միակ հնարավորությունը:

Ոչ միշտ է, սակայն, դոնորական սերմնահեղուկի օգտագործումը կապված լինում տղամարդու անպտղության հետ: Լինում է այնպես, որ սերմնահեղուկի պահպանումը «երկարացնում է» տղամարդկանց կյանքը: Օրինակ՝ Եկատերինբուրգի բնակչուհիներից մեկն օգտվել է քաղցկեղից բուժվող իր միակ որդու՝ կրիոբանկում պահպանվող սերմնահեղուկից, գտել է փոխնակ մայր և որդու մահից ինը տարի անց դարձել երջանիկ տատիկ:

Գոյություն ունի դոնորական սերմնահեղուկի օգտագործման ևս մի քանի պատճառ: Դրանցից մեկն առկա լուրջ ժառանգական հիվանդությունն է, որի՝ հաջորդ սերունդներին փոխանցման հավանականությունը շատ մեծ է: Մյուսը միայնակ կնոջ ցանկությունն է, ով սեռական զուգընկեր չունի և ցանկանում է երեխա ունենալ:

Ո՞վ կարող է դոնոր դառնալ

Ոչ բոլոր տղամարդիկ են կարող սերմնաբջջի դոնոր դառնալ: Սերմնահեղուկի դոնորների ընտրության հիմնական չափորոշիչներն ամրագրված են ՎՕՏ-ի (վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների) կիրառման կարգի դրույթներում: Դոնոր կարող է դառնալ այն տղամարդը, ով՝

  • 18-ից 35 տարեկան է, ունի միջին վիճակագրական արտաքին և մարմնակազմություն, 
  • չունի հոգեկան և ֆիզիկական առողջական խնդիրներ, այդ թվում՝ ժառանգաբար փոխանցվող, 
  • հիվանդ չէ հեպատիտով, սեռական կամ որևէ այլ վարակիչ հիվանդությամբ, 
  • ունի սերմնահեղուկի որակի լավ ցուցանիշներ՝ հաստատված սերմնահեղուկի հետազոտության (սպերմագրամա) արդյունքներով:

Անմիջականորեն դոնորության համար նախատեսված բուն նյութի նկատմամբ ներկայացվում են բարձր պահանջներ՝

  • մեկ միլիլիտրում սերմնաբջիջների խտությունը՝ նվազագույնը 80 մլն,
  • սերմնաժայթքման բավարար ծավալը՝ 2 և ավել մլ,
  • լեյկոցիտների պարունակությունը՝ 1 մլ-ում առավելագույնը 1 մլն, 
  • կենսունակ սերմնաբջիջների պարունակությունը՝ 60%-ից ավել, 
  • փորձնական սառեցումից հետո բջիջների գոյատևումը՝ նվազագույնը 50%:

Սերմնահեղուկի ուսումնասիրումը, անշուշտ, ամենակարևորն է. այդ փուլում դուրս է մնում հավակնորդների ավելի քան 90%-ը: Սակայն եթե սերմնահեղուկն այնուամենայնիվ անցնում է խիստ ընտրությունը, ապա դոնորի նախապատրաստման հաջորդ փուլը լինում է տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկների հետ զրույցը (թերապևտ, ուրոլոգ և հոգեբան) և մի շարք լաբորատոր հետազոտություններ անցնելը:

Նյութը հանձնելուց առաջ սերմնահեղուկի դոնորը կլինիկայի հետ պայմանագիր է կնքում և նախապատրաստվում՝ սահմանափակելով սեռական շփումը, ալկոհոլը, ծխելը, պահպանելով ճիշտ սննդակարգ և խուսափելով շոգեբաղնիքից:

Առաջին չափաբաժինը ստանալուց հետո սերմնահեղուկը սառեցնում են և տեղավորում կարանտինում, իսկ դոնորին 6 ամիս անց կրկնակի հետազոտություն նշանակում: Եթե ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվում, ապա սերմնահեղուկն օգտագործում են դոնորության ծրագրերում:

Հետագայում դոնորների բժշկական զննումներն անցկացվում են տարին 1 անգամ: Մշտական ստուգում անցած դոնորներին թույլատրվում է սերմնահեղուկ հանձնել ամիսը մինչև 6 անգամ:

Դոնորների անձնական տվյալները համարվում են բժշկական գաղտնիք և չեն հրապարակվում, իսկ դոնորներն իրենց երեխաների հանդեպ ծնողական պարտավորություններ չեն ստանձնում:

Նրանք, ովքեր որոշում են օգտվել տվյալ ծառայությունից, պայմանագիր են ստորագրում այն մասին, որ պարտավորվում են չձեռնարկել դոնորին գտնելու փորձեր և երեխային պահելու ու դաստիարակելու պարտականություն են ստանձնում:

Ապագա երեխայի համար կինը կամ անպտուղ զույգը կարող է հայրիկ ընտրել ըստ ցանկալի ֆիզիկական տվյալների: Երբեմն, երբ զույգը ցանկանում է իմանալ, թե ում սերմնաբջջի միջոցով է ծնվելու երեխան, սերմնահեղուկի դոնորներ դառնում են մտերիմ ընկերները կամ հարազատները:

Սերմնահեղուկի յուրաքանչյուր դոնորի համար կատարվում է լույս աշխարհ եկած երեխաների քանակության մոնիթորինգ: Մեկ տարածաշրջանում 800 000 բնակչությանը բաժին ընկնող 20 փոքրիկների ծնունդից հետո դոնորությունը դադարեցվում է, ինչն անհրաժեշտ է արյունակցական ամուսնությունների վտանգի նվազեցման նկատառումներով: Այդ պատճառով տարբեր տարածաշրջանների շատ կլինիկաներ հաջողությամբ փոխանակում են կրիոկոնսերվացված սերմնահեղուկը:

Ձվաբջիջների բեղմնավորումը կատարվում է տարբեր ձևերով՝

  • սերմնավորում դոնորական սերմնահեղուկով,  
  • ԱՄԲ բնական պարբերաշրջանում, 
  • ԱՄԲ ստանդարտ ծրագիր դոնորական սերմնահեղուկով:
views 25636
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն