Արտամարմնային բեղմնավորումը 35 տարեկանից հետո

16.07.201410733

Արտամարմնային բեղմնավորումը 35-ից հետո. արժե՞ դիմել այդ քայլին

Կարծես բոլոր բարձունքները հաղթահարված են, և ամեն բան կա երջանիկ լինելու համար, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ հասկանում են, որ նյութական արժեքների մեջ չէ երջանկությունը և որոշում են ծնողներ դառալ: Սակայն պետք է ասել, որ ոչ բոլոր զույգերի անպտղության պատճառն է նյութական բարեկեցությունը: Բազմաթիվ զույգեր տարիներ շարունակ բուժվում են անպտղությունից, սակայն ցանկալի հղիությունն այդպես էլ չի ստացվում: Ժամանակն անողոք է մարդկանց նկատմամբ. նրանք այլևս 18 տարեկան չեն և ոչ էլ 27, նրանք 35 տարեկան են, միգուցե ավել: Ինչպես հայտնի է, տարեցտարի մարդու օրգանիզմը ծերանում է և առողջական խնդիրներ կուտակում՝ աստիճանաբար թուլանալով: Մեծ տարիքում արդեն ոչ բոլորն են կարողանում ինքնուրույն երեխա ունենալ, սակայն, բարեբախտաբար, բժշկությունն օրեցօր զարգանում է, և շատերի՝ ծնող դառնալու երազանքն այսօր իրագործվում է արտամարմնային բեղմնավորման միջոցով:

Այնուամենայնիվ ինչու՞ ԱՄԲ

Փոքրիկ աղջիկը լույս աշխարհ է գալիս մոտավորապես 1մլն ձվաբջջի պահուստով, սակայն տարեցտարի այդ քանակը նվազում է: Որոշ տվյալների համաձայն մինչև 30 տարեկանն այն սպառվում է 90%-ով: Ձվարաններում մնում են տարբեր անոմալիաներով բջիջները, որոնք կամ առհասարակ չեն բեղմնավորվում, կամ էլ սերնդին են փոխանցում ծանր հիվանդություններ: Սրան ավելացրած նաև սթրեսները, վնասակար սովորությունները և տարած վարակների հետևանքներն զգալիորեն նվազեցնում են հղիանալու հավանականությունը: Դրան նպաստում են նաև կնոջ օրգանիզմում հորմոնների արտադրության տարիքային փոփոխությունները, որոնք հաճախ ձվազատման խանգարման պատճառ են դառնում, հանգեցնում էնդոմետրիոզի և այլն: Կնոջ համար բնական բեղմնավորման հնարավորությունը 35-39 տարեկանում կրկնակի նվազում է, իսկ 42 տարեկանում այդպիսի իրավիճակը հազվադեպ է: Չնայած դրան, շատերը, հայտնի ամսագրերի շապիկներին տեսնելով արդեն մեծ տարիքում մայրացած աստղերին, որոշում են 35 տարեկանից հետո երեխա ունենալ:

Թանկագին ժամանակը չվատնելու համար ԱՄԲ-ի պարբերաշրջանում գերձվազատում է խթանվում, որը թույլ է տալիս միանգամից մի քանի ձվաբջիջ ստանալ: Վերջիններիս բեղմնավորումից հետո ընտրվում են որակյալ սաղմերը, որոնք կկարողանան հաջողությամբ զարգանալ: Այդ նպատակով գոյություն ունի նախապատվաստական ախտորոշում: Բնականոն պարբերաշրջանում հնարավոր է, որ այդպիսի հնարավորություն չլինի. գենային շեղումները հանգեցնում են վիժման և վաղ ժամկետներում հղիության դադարեցման:

Չպետք է մոռանալ նաև տղամարդու գործոնի մասին. չէ՞ որ տարիքն իր հետքն է թողնում նաև սերմնաբջիջների վրա: Արական բջիջների ակտիվության և որակի անկումը հաճախ թույլ չի տալիս բնական ճանապարհով բեղմնավորել և միայն ԱՄԲ-ն կարող է երեխա լույս աշխարհ բերելու հույս տալ:

Արդյո՞ք ԱՄԲ-ն լիակատար արդյունք է երաշխավորում

Իհարկե ոչ: Բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ երեխայի ծնունդն արտամարմնային բեղմնավորման միջոցով զգալիորեն նվազում է տարիքին զուգընթաց:

  • Անհաջող բեղմնավորումը պայմանավորած է լինում մի շարք գործոններով.
  • Ձվարանները լավ չեն արձագանքում խթանմանը
  • Պատվաստման համար հնարավոր է, որ ԱՄԲ-ի մի քանի փորձ պահանջվի
  • Բարձրանում է չզարգացող հղիության հավանականույունը
  • Մեծանում է քրոմոսոմային շեղումներով երեխայի բեղմնավորման վտանգը: Ինչը նշանակում է, որ հղիությունը կարող է ընդհատվել բժշկական ցուցմամբ:

Ինչպես բարձրացնել ԱՄԲ-ի հաջող ավարտի հավանականությունը

Բաղձալի նպատակին հասնելու բոլոր միջոցներն ու ձևերը նախընտրելի են, այդ պատճառով էլ առաջարկում ենք հետևել որոշ խորհուրդների:

Ուշադրություն դարձրեք օրվա ռեժիմին: Քնեք 7-8 ժամից ոչ պակաս, խուսափեք երկարատև ոտքի վրա կանգնելուց կամ նստած մնալուց, մեծ ժամանակ անցկացրեք մաքուր օդում: Փորձեք առողջ ապրելակերպ վարել: Հրաժարվեք ծխախոտից և ալկոհոլից, ճիշտ և առողջ սնունդ օգտագործեք, նվազագույնի հասցրեք սուրճի և հավելանյութերով սննդամթերքների օգտագործումը, պարբերաբար սպորտով զբաղվեք:

Փորձեք ձեր օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից: Վնասակար սովորությունները, արագ սնունդը և կենցաղային քիմիան թունավորում են մեր օրգանիզմը:

Խուսափեք սթրեսներից: Թեթև նայեք կյանքին, այցելեք հոգեբանի, եթե անհրաժեշտություն եք զգում: Զբաղվեք ձեր սիրած գործերով, երկար ժամանակ անցկացրեք սիրելի մարդկանց շրջապատում:

Հոգ տարեք ձեր զուգընկերոջ մասին: Որպեսզի տղամարդու սերմը թարմանա, 90 օր է պահանջվում: Այդ իսկ պատճառով էլ միջամտությունից մոտ կես տարի առաջ նա ևս պետք է սկսի առողջ ապրելակերպ վարել. չէ՞ որ սերմի որակից էլ շատ բան է կախված:

Ծննդաբերելուց առաջ մասնագիտացված կլինիկա-ծննդատուն դիմեք, որտեղ լիարժեք բժշկական ստուգում կանցնեք: Հավատացեք դրական արդյունքին և աջակցեք միմյանց:

Վիճակագրական տվյալները վկայում են, որ հասուն տարիքում արտամարմնային բեղմնավորմամբ երեխա ունենալու հաջող դեպքերը բավականին շատ են և թող որ դրանցից մեկը դառնա ձերը: