Ինչպես համոզել ամուսնուն հետազոտվել, եթե կա անպտղության կասկած

Տղամարդիկ ընդհանուր առմամբ ավելի քիչ են դիմում բժկի պտղաբերության խնդիրների կամ բուժման նպատակով: Եթե ձեր ամուսինը կամ զուգընկերը չի ցանկանում բժշկի գնալ, առաջին հերթին հարցրեք նրան, թե ինչու չի ցանկանում:
Տղամարդկանց շատ հանգամանքներ են անհանգստացնում: Հաճախ նրանք պարզապես սարսափում են՝ լսելով, որ հենց իրենց առողջական խնդիրներն են կնոջ չհղիանալու պատճառը: Նրան միգուցե մտահոգի նաև այն, որ չի կարողանա սերմնաբջիջ հավաքել հետազոտության համար կամ որ իր խնդիրը կքննարկեն, անգամ կքննադատեն իրեն: Բացի այս, նա միգուցե վախենա, որ «անպտղություն» ախտորոշումը կմեկնաբանվի որպես «իմպոտենցիա»: Այս պարագայում անհրաժեշտ է հիշեցնել նրան, որ այդ երկու խնդիրները ոչ մի կապ չունեն իրար հետ, և բժիշկները շատ լավ գիտեն դրա մասին:
Իմպոտենցիա ունեցող տղամարդու վերարտադրողական համակարգը կարող է հրաշալի գործել, այսինքն՝ նա կարող է բավարար քանակությամբ սերմնաբջիջ արտադրել բեղմնավորման համար և, հակառակը, հրաշալի պոտենցիայով տղամարդը միգուցե անպտուղ լինի: Ամուսինները պետք է հասկանան այս հանգամանքները նախքան հետագա գործողություններին անցնելը, նախքան ենթադրյալ անպտղության բուժումն սկսելը: Ընդ որում՝ ամուսինները երկուսն էլ պետք է հիշեն, որ տղամարդու անպտղությունը հիմնականում հաջողությամբ բուժվում է: Նախքան այդ անհրաժեշտ է ախտորոշել այն:
Հնարավոր է, որ ձեր ամուսինը կարողանա տան պայմաններում (միգուցե ձեր օգնությամբ) հավաքել հետազոտության համար անհրաժեշտ քանակությամբ սերմնահեղուկը: Այդուհանդերձ, եթե բեղմնավորման խնդիրներ ունեք, ապա ձեր ամուսինն անպայման պետք է հետազոտվի. չէ՞ որ շատ հաճախ ամուսնիններին չի հաջողվում երեխա ունենալ հենց արական գործոնի պատճառով (օրինակ սերմնաբջիջների քիչ քանակության պատճառով): Անպտղությունն ամուսինների ընդհանուր խնդիրն է և պատասխանատվությունը պետք է կրեն երկուսով: