Նախապատրաստվել ծննդաբերությանը. ինչպե՞ս
Հղիության և ծննդաբերության թեման ժամանակակից հասարակության մեջ լայնորեն շահագործվում է արտադրողների և առևտրային կազմակերպությունների կողմից: Դա մի ամբողջ արդյունաբերություն է՝ հղի կանանց համար նախատեսված վիտամիններ, հանգստացնող միջոցներ, հատուկ ներքնազգեստ և այլն:
Գովազդը և առաջարկը բազմաթիվ ապրանքների պահանջարկ են ձևավորում, ապրանքների, որոնց կարիքն իրականում կանայք չունեն և առանց դրանց էլ կարող են հղիանալ, ծննդաբերել և առողջ երեխա մեծացնել: Բայց արի ու տես, որ գիտակցության մեջ պատկերացում է ձևավորվում, թե երեխա ունենալը թանկ արժե, ինչը հաճախ որոշիչ դեր է խաղում երեխա ունենալու որոշման հարցում: Գովազդային առաջարկներին զուգահեռ ինֆորմացիոն հոսքը չի դադարում նաև լրատվամիջոցներով և համացանցով, որոնցում ևս դժվար է կենտրոնանալ և հասկանալ, թե ինչին է կարելի վստահել, ինչին՝ ոչ:
Բազմաթիվ հոդվածներում նշում են, որ հղի կանանց հուզական վիճակը լիովին կախված է հորմոնների ազդեցությունից, ճիշտ է, որ նրանք նեղացկոտ ու դյուրագրգիռ են դառնում, որ բնական է մտերիմների վրա զայրույթը թափելը, որ հարկավոր է թույլ տալ այդ զգացմունքներին արտահայտվել և այլն, իսկ հետո ծննդաբերության՝ ֆիզիկական ցավի պահին առաջարկում են մտածել երեխայի մասին, ուրախանալ նրա ծնունդով, տեղի չտալ վախին:
Ինչպե՞ս անել այդ, եթե նախապես չենք աշխատում հույզերի հետ: Ինչպե՞ս վախի և իրական ֆիզիկական ցավի պահին ուշադրությունը սևեռենք այլ վիճակի ու ապրումների վրա: Որտեղի՞ց ստանանք անհրաժեշտ կամքի ուժը, եթե նախապես չենք մարզում այն, այլ տեղի ենք տալիս քմահաճություններին՝ դրանք բացատրելով հորմոնային փոփոխություններով:
Մի նուրբ հարց ևս: Շատերն են խորհուրդ տալիս «ընդունել» ծննդաբերական ցավը, փորձառության ցավը: Բայց ինչպե՞ս: Ինչպես Ա. Լոուեն՝ մարմնակողմոնորոշիչ թերապիայի հիմնադիրներից մեկն է նշում, առողջության սուբյեկտիվ զգացողությունը հաճույքի և ուրախության զգացում է, որն ստանում ենք մարմնից: Հենց այդպիսի վիճակներում ենք յուրահատուկ կապ զգում բոլոր կենդանի արարածների և ամբողջ աշխարհի հետ: Ցավը, ընդհակառակը, մեկուսացնում է մեզ մյուսներից: Երբ ցավ ենք զգում, ոչ միայն հիվանդության ախտանշաններ են ի հայտ գալիս, այլև մեկուսանում ենք աշխարհից:
Ցավոք քաղաքակրթությունը որքան զարգանում է, այնքան ամրապնդվում է այն պատրանքը, թե մարմինը մեզ այնքան էլ պետք չէ, պետք է միայն ուղեղը: Հղիության ընթացքում շատ բան է կախված մարմնից, նրան վստահելու կնոջ ունակությունից: Հենց այդ դեպքում է հնարավոր ընդունել ծննդաբերական ցավը, դադարել վերահսկել իրավիճակը և թույլ տալ մարմնին ծննդաբերել: Հաճախ, ցավոք, կանայք շարունակում են վերահսկել գործընթացը, չեն լսում իրենց մարմնին, արդյունքում կեսարյան հատում է արվում (խոսքն այն դեպքերի մասին է, երբ հղիությունն առանց խնդիրների է ընթացել և կեսարյան հատման ցուցում չի եղել):
Ի՞նչ անել: Դե իհարկե նախապատրաստվել: Հղիությունը կնոջ համար լուրջ աշխատանքներ տանելու շրջան է և ոչ թե զայրույթի պոռթկումների ու թուլություններին, քմահաճույքներին անձնատուր լինելու: Հարկավոր է նախապատրաստել մարմինը, սովորել ճիշտ շնչել (ցավը մեղմելու համար), հանգստանալ, մշակել սեփական հույզերը: Նախապես որքան շատ վախեր վերամշակեք, վերլուծեք, հասկանաք և ճանաչեք, այնքան հեշտ կլինի ծննդաբերությունը:
Հղիությունը մի շարք բացասական տարրերից ազատվելու ժամանակն է, այն ամենից, ինչը ձեզ պահում է անցյալում՝ վիրավորանք, մեղք, անկատար գործեր, հարաբերություններ, անհամաձայնություններ, չիրացված հնարավորություններ և այլն: Մարմնային թերապիայի տեսության համաձայն բոլոր հոգեբանական դժվարությունները ամրակայված են մեր մարմնում: Բոլոր ծանր ապրումները, հարաբերություններում բոլոր խնդիրները կուտակվում են արգանդում և ազդում ծննդաբերության վրա:
Հղիությունն ինքներդ ձեզ ժամանակ տրամադրելու շրջանն է: Ընդամենն ինն ամիս մի մեծ աշխատանք կատարելու համար: Ինն ամիս, որպեսզի վերակազմավորեք մարմինը, սովորեք կառավարել հույզերը, ներել և մի նոր բանի համար տեղ ազատել, ինքնորոշվել, կյանքին նոր իմաստ հաղորդել: Թվում է, թե անհնա՞ր է: Ոչ: Այդ շրջանում կնոջը մեծ ուժ, էներգիա ու ռեսուրս է տրվում, և միայն նա է ընտրում, թե ինչպես ծախսի դրանք՝ աշխատանքի և անձնային աճի, թե տրամադրության անկումների, քմահաճույքներին և ցանկություններին անձնատուր լինելու վրա: