Եթե աշխատող կամ ուսանող մայր եք
Մեր օրերում հաճախ է պատահում, որ մայրն ուղղակի ստիպված է լինում վերսկսել աշխատանքը կամ ուսումը հենց այն շրջանում, երբ փոքրիկին դեռևս անհրաժեշտ է նրա համակ ուշադրությունը, սերը և հոգատարությունը: Դե իսկ մոր համար ևս սա ցանկալի չէ: Այդ պատճառով էլ եթե այսպիսի անհրաժեշտություն է ծագում, ապա պետք է կանխատեսել այն և նախապես պատրաստվել, որպեսզի կորուստները հնարավորին չափ քիչ լինեն: Հաճախ նմանատիպ իրավիճակը կանխատեսելի է լինում. մայրը և ընտանիքը գիտեն, որ երեխայի որոշակի տարիքում նա ստիպված է լինելու որոշ ժամանակով բացակայել տնից: Ինչպե՞ս անել, որ ճիշտ լինի:
1. Նախապես ծրագրեք ուսումը կամ աշխատանքը վերսկսելը՝ հաշվի առնելով երկու փաստ՝ երբ է պետք սկսել, ինչ պարբերականությամբ: Առաջին երեք ամիսների ընթացքում մայրը և նորածինը պարտադիր պետք է միասին լինեն (100%): Այս շրջանում մայրը և երեխան հարմարվում են իրար, կարգավորվում է կրծքով կերակրումը, քնի ռեժիմը, մայրն ավելի իրատեղյակ է դառնում (երբ մայրը գիտի, թե հատկապես ինչ է անհրաժեշտ երեխային, կարողանում է արագ և որակով անել դա), կարգավորվում է մոր և երեխայի շփումը:
Մինչև 6 ամսական հասակը մայրը և երեխան միմյանց կարիքն ունեն մոտավորապես 75%-ով (միայն ցերեկային ժամերը), այսինքն՝ օրվա մեկ քառորդը նա կարող է ազատ լինել: Այս շրջանում երեխան ամբողջական պատկերացում է կազմում մոր և այլ մեծահասակների մասին, ձևավորվում է կախյալության հիմնական առարկան (սովորաբար լինում է մայրը):
6 ամսականից մինչև 3 տարեկան հասակը մայրն ու երեխան կարող են բաժանվել ցերեկային ժամերի մոտավորապես կեսի չափով: Այս տարիքում վերջնականապես կապվածություն է ստեղծվում մտերիմ մեծահասակների հանդեպ, և ձևավորվում են անձնային հիմնական առանձնահատկությունները:
Մինչև նախադպրոցական մանկության վերջերը նրանց ընդհանուր ժամանակը կարող է աստիճանաբար կրճատվել և անգամ հնարավոր է բացակայել մի քանի օրով: Կյանքի ընդհանուր ռիթմում ամենօրյա շփումը նվազագույնը պետք է կազմի ցերեկային ժամերի 25%-ը: Այստեղից հետևում է, որ եթե անհրաժեշտ է պարբերաբար գնալ աշխատանքի կամ ուսումնական հաստատություն, ապա ավելի լավ կլինի դա անել, երբ երեխան երեք ամսական և ավել լինի:
Տնից բացակայելը պետք լինի հետևյալ պարբերականությամբ.
- Սկզբում մայրը բացակայում է մոտ մեկ ժամ և միայն այն ժամանակ, երբ երեխան խորը քնած է և չի արթնանում: Հետագայում այս ժամանակահատվածն աստիճանաբար մեծանում է՝ մոտենալով նաև երեխայի արթնանալու շրջանին: Քանի դեռ փոքրիկը չի վարժվել մոր բացակայությանը, վերջինս պարտադիր պետք է նրա կողքին լինի հիմնական պահերին՝ կերակրման, լոգանքի, քնեցնելու, արթնանալու և այլնի ժամանակ:
- Երբ երեխան վարժվի մոր կարճատև բացակայությանը, վերջինս կարող է բացակայել նաև հիմնական, ռեժիմային պահերին, երբ նրան արդյունավետորեն փոխարինում են ընտանիքի անդամները:
- Մոր մշտական բացակայության ռիթմի սահմանում՝ շաբաթական քանի անգամ, օրվա որ ժամերին և որքան ժամանակով: Այսպիսի ռիթմը պետք է պահպանել որքան հնարավոր է խիստ, այն հիմք է կյանքի նոր պայմաններին երեխայի հարմարվելու համար և միաժամանակ նախապատրաստում ռեժիմի ապագա փոփոխություններին ու նոր պայմաններին (մանկապարտեզ, դպրոց և այլն) հարմարվելուն:
2. Ծրագրեք, թե ով է մոր բացակայության ժամանակ փոխարինելու նրան: Ով էլ որ փոխարինի մորը, պետք է փոխարինի միշտ, լինի մշտական: Հնարավոր է, որ փոխարինողները երկուսը, անգամ երեքը լինեն, օրինակ՝ հայրը, տատիկը և դայակը, սակայն գլխավոր պայմանն այն է, որ նրանք պետք է լինեն ընտանիքի մշտական անդամներ: Ցանկալի չէ, որ կյանքի առաջին տարիներին երեխային հարազատ մարդիկ անհետանան, և նրանց նկատմամբ կապվածությունը խզվի: Այդ պատճառով էլ ձեզ փոխարինողների հետ նախապես քննարկեք նանց մշտական ներկայության հարցը: Դայակին, բնականաբար, պետք է ընտրել դեռևս մինչև երեխայի ծնունդը և նրա հետ քննարկել երեխայի հետ հարաբերությունների անհրաժեշտ մանրուքները և աշխատաժամերն աստիճանաբար երկարեցնելու հարցը:
Եվս մեկ պահանջ՝ այս օգնականների ներկայության ռիթմը ևս պետք է առավելագույն չափով մշտական լինի երեխայի կյանքի առաջին տարիներին: Ձեզ համար մի փոքր ավելի դժվար կլինի, եթե ձեր բացակայության ռիթմը գերազանցում է վերոնշյալ ժամանակը, օրինակ՝ երբ ստիպված լինեք բացակայել մի ամբողջ օր: Այսպիսի ռեժիմը պետք է սկսել որքան հնարավոր է ուշ, իսկ երեխայի հետ մնացող մարդիկ պետք է լիովին «հարազատ» լինեն և՛ նրան, և՛ ձեզ: Այսպիսի օրերը չպետք է հաճախակի լինեն:
3. Պատրաստվեք միմյանց հաջորդող երկու փուլերի, որոնք նախորդելու են աշխատանքի կամ համալսարան գնալուն: Օգնականի փնտրտուք և հարմարում: Որքան վաղ սկսեք բացակայել տնից, այնքան երկար կտևի այս փուլը: Կատարյալ կլինի, եթե սկսեք անմիջապես նորածնի ծնունդից հետո: Ի սկզբանե օգնականի ներկայության և խնամքի ռիթմը պետք է համապատասխանի ձեր բացակայության ռիթմին: Միայն այն ժամանակ, երբ երեխան ձեր ներկայությամբ առանց որևէ խնդրի կարձագանքի այն փաստին, որ իրեն դուք չեք խնամում, այլ ուրիշ մարդ, կարող եք նրանց միայնակ թողնել:
Այս նպատակով սկզբում դուք պետք է օգնականի հետ խնամեք երեխային, այնուհետև միայն ներկա լինեք, որպեսզի երեխան տեսնի ձեզ, հետո զբաղվեք այլ գործերով կամ գտնվեք այլ սենյակում, իսկ ավելի ուշ կարող եք ընդհանրապես գնալ: Այս պարագայում դուք ինքներդ էլ վստահ կլինեք, որ ամեն բան կարվի այնպես, ինչպես պետք է, և երեխան էլ հանգիստ և գոհ կլինի: Գնալով՝ դուք այդ վստահությունը կփոխանցեք երեխային, և նա առանց լարվածության կտանի մայրիկի բացակայությունը:
4. Եթե նախապատրաստումը կամ մոր բացակայության արդեն իսկ կարգավորված ռիթմն անսպասելիորեն խանգարվում է, պետք չէ խուճապի մատնվել: Իմացեք. որ ձեր վիճակն անդրադառնում է երեխայի վրա, և ընտանիքի անդամների վստահությունը, որ ամեն բան կարգին է, օգնում է երեխային հարմարվել փոփոխված իրավիճակին: Փորձեք պահպանել ռիթմը և այնպես անել, որ նմանատիպ բարդ իրավիճակները քիչ լինեն:
5. Պատրաստ եղեք, որ կյանքի ռիթմի, երեխային արդեն իսկ ծանոթ մարդկանց կամ ընդհանուր իրավիճակի (տեղափոխություն այլ սենյակ կամ այլ բնակարան) փոփոխությունները հնարավոր է, որ անդրադառնան երեխայի քնի, ախորժակի և ակտիվության վրա, միգուցե կրկին գլուխ բարձրացնեն մոռացված քմահաճությունները (կրկին ծծակ է պահանջում, հրաժարվում է ուտել գդալով և այլն):
Սա վկայում է նոր պայմաններին հարմարվելու դժվարության մասին և պետք է օգնել երեխային: Հետևեք, որ որոշակի ժամանակ ռեժիմը չխախտվի, ուշադրություն դարձրեք մանրուքներին (սիրելի խաղալիքի, հագուստի ներկայություն և այլն), մի հոգնեցրեք երեխային, ավելի շատ ժամանակ անցկացրեք նրա հետ: Ամեն բան աստիճանաբար կանցնի իր բնականոն ընթացքին, պարզապես փորձեք հաջորդ անգամ կտրուկ փոփոխություններ չանել:
6. Նախապատրաստվելու համար ներդրված ջանքերն ու ժամանակը չնչին են այն ամենի համեմատ, որ կպահանջվի հետագայում, երբ ստիպված կլինեք երկար տարիներ լրացնել բացթողումները և ուղղել սխալներն այլ մարդկանց հանդեպ կապվածություն դրսևորելու անկարողության, մանկապարտեզին, դպրոցին հարմարվելու դժվարության և երեխայի զարգացման ըթացքում հանդիպող շատ այլ հարցերում: Ընդամենը 3 ամիս ամբողջովին տանը, ևս երեքը 75%-ով, իսկ հետո արդեն ազատություն կես օրով: Արդյունքում՝ առողջ, ակտիվ և կենսուրախ փոքրիկ, ով հաճույքով հետազոտում է շրջակա աշխարհը և ճկուն է գրեթե ցանկացած իրավիճակում: