Երկրորդ երեխա. ունենա՞լ, թե՞ ոչ, ե՞րբ

Երկրորդ երեխա. ունենա՞լ, թե՞ ոչ, ե՞րբ

Ինչպե՞ս գտնել ոսկե միջինը, ե՞րբ մտածել երկրորդ և երրորդ երեխայի ծննդյան մասին: Ե՞րբ կգա ամենահարմար, բոլոր առումներով բարենպաստ ժամանակը: Երեխաների միջև տարիքային կատարյալ տարբերություն չկա: Շատ բան կախված է երեխաներից, նրանց բնավորությունից և խառնվածքից, դե իհարկե նաև ծնողներից և տան հոգեբանական մթնոլորտից:

Մեկ տարվա տարբերությամբ ծնված երեխաների խնամքը ֆիզիկական և հոգեբանական մեծ ուժ է պահանջում ծնողներից: Երեխաներից մեկը նոր-նոր է սկսում քայլել, իսկ նորածնին տանջում են գազիկները: Այսպիսի իրավիճակում ընտանիքում աշխատանքների ճիշտ բաշխման անհրաժեշտություն է ծագում: Այդ դեպքում երեխաներից և ոչ մեկը ծնողների ուշադրությունից դուրս չի մնա: Ծծկեր երեխան չպետք է միայն մայրիկի երեխան լինի: Հայրը ևս կարող է նրան զբոսանքի տանել, մերսել կամ լողացնել, իսկ մայրն այդ ընթացքում կկարողանա խաղալ ավագ երեխայի հետ: Տարիքային այսքան փոքր տարբերության պարագայում սովորաբար երեխաները մտերիմ ընկերներ են լինում, նրանց հետաքրքրությունները շատ հարցերում համընկնում են: Ավագ երեխան չի հասցնում գիտակցել, որ մայրիկի ամբողջ ուշադրությունը կարող է միայն իրեն պատկանել, այս պատճառով էլ գրեթե խանդ չի առաջանում փոքր եղբոր կամ քրոջ նկատմամբ: Սկզբնական շրջանում, սակայն, ավագը նորածնին կարող է որպես տիկնիկ ընկալել, ուշադիր եղեք:

Ոմանք կատարյալ են համարում երեխաների միջև 3-4 տարվա տարբերությունը: Ավագ երեխան արդեն ինքնուրույն է, ինքն է հագնվում և ուտում, նրան հեշտ է որևէ բան բացատրելը, հետը համաձայնության գալը, օրինակ՝ նրան հնարավոր է խնդրել, որ չաղմկի, երբ փոքրիկը քնած է, համոզել հավաքել խաղալիքները և այլն: 3-4 տարեկան երեխան արդեն կարող է մանկապարտեզ գնալ և շփվել իր հասակակիցների հետ:

Հենց այս տարիքում է երեխան խնդրում կամ երբեմն անգամ պահանջում, որ իր համար խաղընկեր գտնեն, սկսում է ծնողներին հարցնել, թե երբ են իր համար քույր կամ եղբայր ունենալու: Բաց մի թողեք պահը: Հնարավոր է, որ երեխաների միջև լավ հարաբերություններ կառուցվեն, սակայն նաև հավանական է, որ մրցակցություն ծագի նրանց միջև, սկսեն խանդել և պայքարել ծնողների սիրո համար: Սկզբնական շրջանում ավագ երեխան միգուցե նորածնին որպես մրցակից դիտի, ում հետ ստիպված կլինի պայքարել իր խաղալիքների, իր սեփականության և իհարկե ծնողների ուշադրության ու սիրո համար:

Երբ երեխաներից մեկը մեծ է, մյուսը՝ փոքր

Հաճախ ծնողները որոշում են երկրորդ երեխան ունենալ, երբ առաջնեկն արդեն 6-7 տարեկան է: Ավագ երեխան մեծացել է, գնում է դպրոց և ազատ ժամանակ կարողանում է օգնել մայրիկին՝ փոխում է նորածնի տագդիրը կամ զբոսնելիս բռնում է սայլակը: Ավագ քույրը կամ եղբայրը փոքրիկի պաշտպանն է և որպես օրինակ է ծառայում, սակայն երբեմն նրա առջև դրված մեծ պահանջները կարող են փչացնել երեխաների հարաբերությունները: 

Երեխային կարող է երբեմն թվալ, թե ծնողներն արդեն իրեն չեն սիրում: Սկսում է նախանձել փոքրիկին, փորձում է «վերադարձնել» հայրիկի և մայրիկի ուշադրությունը, իրեն զոհի տեղ է դնում, որպեսզի խղճահարություն առաջացնի և այլն: Երբեմն նախանձը վերածվում է չարակամության: Արդյունքում տունը վերածվում է մարտադաշտի: Եթե ծնողներն իսկապես չափից շատ են ուշադրություն դարձնում փոքրիկին և երես տալիս նրան, ապա վտանգի տակ են դնում և՛ երեխաների, և՛ երեխայի ու իրենց հարաբերությունները:

Տաս տարի անց

Տարիներ անց կրկին երեխա ունենալը մեծագույն երջանկություն է պարգևում ծնողներին: Այդ պարագայում առաջնեկի արձագանքն անկանխատեսելի կարող է լինել: Սկզբնական շրջանում միգուցե նա անակնկալի գա, տխրի. չէ՞ որ մինչև վերջերս «տիեզերքի կենտրոնն» ինքն է եղել: Միգուցե չցանկանա իր ծնողներին կիսել մի նորահայտ փոքրիկի հետ: Բացի այդ նա հասկանում է, որ ընտանիքում փոքրկի հայտնվելը կարող է անդրադառնալ նաև իր վրա. արգելվում է բարձրացնել երաժշտության ձայնը, աղմկել, ընկերներին տուն հրավիրել և այլն: Բարեբախտաբար ամեն բան փոխվում է երեխայի ծնունդից հետո: Ավագ քույրը կամ եղբայրն սկսում են այնքան սիրել փոքրիկին, որ գրկից ցած չեն դնում: Տարիների ընթացքում այսպիսի հարաբերություններն ամրանում են: Փոքր երեխան հաճախ աջակցություն է փնտրում ավագի մոտ, նրան որպես ընկեր է ընկալում, որպես խորհրդատու և նրան է վստահում իր գաղտնիքները: Բնականաբար չենք կարող պնդել, որ ամեն բան հենց այսպես էլ կլինի: Հաճախ կյանքն իր շտկումներն է մտցնում: Երբեմն պատահում է այնպես, որ հարազատ եղբայրներն ու քույրերը ոչ մի ընդհանուր բան չեն ունենում: Երեխաների միջև տարիքային զգալի տարբերությունը հարմար է ծնողներին: Շատ հարցերում նրանք կարող են հույսը դնել ավագ երեխայի վրա, ով կարող է դայակություն անել փոքրի համար, վերցնել մանկապարտեզից, զբաղեցնել, երբ իրենք որոշեն համերգ կամ կինոթատրոն գնալ: Դե իսկ ամենաերջանիկը փոքրկին է: Բոլորը պաշտում են նրան: Կարևորը նրան որպես երեսառած երեխա չմեծացնելն է:

Եթե երկվորյակ եք ունեցել

Երկվորյակների պարագայում ամենակարևորն այն է, որ կարողանաք նրանց որպես երկու առանձին անհատի վերաբերվել:

  • Երեխաներին նույնատիպ մի հագցրեք, եթե անգամ միևնույն սեռի են:
  • Բավարարեք նրանցից յուրաքանչյուրի պահանջները. երեխաները պարտավոր չեն միշտ միևնույն խաղերը խաղալ կամ միաժամանակ պառկել քնելու:
  • Երեխաներին կոչեք իրենց անուններով և ոչ թե «զույգեր»-ով:
  • Ընդգծեք երեխաներից յուրաքանչյուրի անհատականությունը, բացահայտեք նրանցից յուրաքանչյուրին տրված շնորհները և զարգացրեք:
  • Պարտադիր չէ, որ պագայում նրանք միևնույն շրջապատն ունենան, հաճախեն միևնույն խմբակները և այլն: Հնարավոր է, որ նրանք տարբեր ընկերներ ունենան:
  • Թույլ տվեք նրանց շփվել հասակակիցների հետ: Դա կօգնի, որ երեխաները չսահմանափակվեն միմյանցով և հեշտությամբ ներգրավվեն այլ մարդկանց շրջապատում:
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: