Ոգելից խմիչքի ազդեցությունը բեղմնավորման և հղիության վրա

Երեխաների առողջությունն ամենակարևորն է ծնողների համար և դրա մասին հոգածությունը պետք է սկսել մինչև երեխայի ծնունդը: Ոչ բոլորն են ականջալուր լինում բժիշկների՝ հղիությունը պլանավորելու խորհրդին, և հաճախ է պատահում, որ կինը, տեղեկանալով իր հղիության մասին, սարսափահար հիշում է, որ բեղմնավորմանը նախորդող շաբաթվա ընթացքում և հենց բեղմնավորման օրը ինքն ու ամուսինն սպիրտային խմիչքներ են օգտագործել: Արդյո՞ք ծնողների կամ ծնողներից մեկի օգտագործած ոգելից խմիչքը չի ազդի երեխայի վրա: Այս հարցում կարծիքնրը տարամետ են: Այնուամենայնիվ փորձենք բազմաթիվ տեսությունների և ենթադրությունների միջից ընտրել նրանք, որոնք ամենամոտն են ճշմարտությանը:
Երեխայի բեղմնավորումից հետո 1 շաբաթվա ընթացքում բեղմնավորված պտղաձուն արգանդափողով տեղաշարժվում է դեպի արգանդի խոռոչ: Այդ ընթացքում ձվաբջիջն արգանդի խոռոչ է ընկնում բջիջների խմբի տեսքով: Հղիության 1-ին շաբաթվա վերջերին և 2-րդի սկզբներին (3 շաբաթ և 4 շաբաթ՝ հաշված վերջին դաշտանի սկզբից) ձվաբջիջն ամրանում է արգանդի պատին, և ձևավորվում է խորիոնը՝ արտաքին թավիկավոր թաղանթը: Բեղմնավորված ձվաբջիջն այս 2 շաբաթվա ընթացքում ավելի անպաշտպան է և խոցելի: Այդ պատճառով էլ բոլոր վնասակար գործոնները (նաև ալկոհոլը) այդ ընթացքում ազդում են «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, այսինքն՝ կամ ոչնչացնում են պտղաձուն, կամ էլ առհասարակ չեն ազդում նրա զարգացման վրա: Սովորաբար այս 2 շաբաթն ընթանում է մինչև հերթական դաշտանի սկսվելը, երբ կինը դեռևս անտեղյակ է իր հղիության մասին:
Սկսած հղիության 3-րդ շաբաթից մինչև 12-րդ շաբաթը ձևավորվում են պտղի բոլոր օրգան-համակարգերը: Այս շրջանը կոչվում է օրգանոգենեզի փուլ, այդ պատճառով էլ այս կամ այն վնասակար գործոնի (ալկոհոլ, թմրանյութեր, ճառագայթում և այլն) ազդեցությունը կարող է զարգացման արատի պատճառ դառնալ: Հղիության 12-րդ շաբաթից սկսած օրգանների հետագա զարգացումը և կատարելագործումը շարունակվում է: Վնասակար գործոնն այլևս չի նպաստի օրգանի զարգացման խանգարմանը, սակայն կարող է հանգեցնել այդ օրգանի ֆունկցիայի խանգարմանը:
Ոգելից խմիչքների օգտագործումը մինչև հղիությունը
Ապացուցված է, որ բեղմնավորումից 2-3 ամիս առաջ, ինչպես նաև անմիջապես բեղմնավորման օրը տղամարդու օգտագործած ալկոհոլը կարող է անդառնալիորեն ազդել երեխայի առողջության վրա: Սովորաբար առողջ, ոգելից խմիչք չօգտագործող տղամարդկանց սերմնահեղուկում պաթոլոգիական սերմնաբջիջների քանակը կազմում է 25%, սակայն բեղմնավորմանը մասնակցելու դրանց հնարավորությունն ավելի փոքր է, քան առողջ սեռական բջիջներինը: Ոգելից խմիչք ընդունելու դեպքում, սակայն, առողջ և պաթոլոգիական բջիջների հնարավորությունները հավասարվում են: Արդյունքում ձվաբջիջը բեղմնավորվում է անառողջ սերմնաբջջով, և երեխան ծնվում է զարգացման տարբեր շեղումներով: Կնոջ պարագայում ևս ալկոհոլը կարող է հանգեցնել ձվաբջջի հասունացման խնդիրների, սակայն եթե մայրն ալկոհոլն օգտագործել է վերջին դաշտանի սկզբից մինչև բեղմնավորումն ընկած շրջանում, ապա այդ հանգամանքը հազիվ թե վնասի ապագա երեխային:
Ոգելից խմիչքների օգտագործումը հղիության ընթացքում
Պտղի վրա վնասակար ազդեցություն է թողնում ինչպես սպիրտը (էթանոլ), այնպես էլ դրանից պատրաստված այլ նյութերը, օրինակ՝ ացետալդեհիդը: Էթանոլը հանգեցնում է ընկերքի և պորտալարի սպազմի՝ վատթարացնելով թթվածնի և սննդարար նյութերի մատակարարումը պտղին: Ացետալդեհիդը անդառնալիորեն վատ ազդեցություն է ունենում սաղմի բջիջների վրա, նպաստում գենետիկական նյութի (ԴՆԹ) փոփոխությունների:
Ալկոհոլը պտղի օրգաններում և հյուսվածքներում խախտում է վիտամինների ու հորմոնների փոխանակությունը: Դրա նկատմամբ առավել զգայուն է կենտրոնական նյարդային համակարգը, ինչն արդյունքում դառնում է երեխայի ինտելեկտուալ և վարքային խանգարումների պատճառ:
Հղության ընթացքում ալկոհոլի օգտագործումն զգալիորեն մեծացնում է չզարգացող հղիության, փոքր քաշով երեխաների լույս աշխարհ գալու վտանգը, ավելի ծանր դեպքերում նպաստում է ֆետալային ալկոհոլային համախտանիշի զարգացմանը: Այս համախտանիշը բնորոշվում է գլխուղեղի արատներով և խանգարումներով, քաշի և հասակի նախածննդյան կամ հետծննդյան անբավարարությամբ, դեմքի կառուցվածքի առանձնահատկություններով: Ցավոք պտղի ներարգանդային վնասվածքներն անդառնալի են և գրեթե չեն ենթարկվում բուժման:
Մի ողջամիտ հարց է ծագում: Արդյո՞ք երեխայի առողջությանը հասցված վնասի ծանրության աստիճանը կախված է ալկոհոլի քանակից, օգտագործման պարբերականությունից կամ մեկ այլ հանգամանքից: Իհարկե ոգելից խմիչքների օգտագործման քանակը և հաճախակիությունը կարևոր դեր է խաղում: Ալկոհոլի վնասակարությունը կախված է մոր օրգանիզմի առանձնահատկություններից, հղիության ընթացքում նրա օրգան-համակարգերի վիճակից, սննդակարգից, ուղեկցող վնասակար սովորություններից (օրինակ ծխախոտ օգտագործելուց), հղիության ժամկետից և այլ գործոններից: Փաստն ակնհայտ է. պտղին անխոհեմաբար ենթարկել վտանգի: Այս պատճառով էլ բժիշկների մեծամասնության խորհուրդներն այս հարցում բավականին ծայրահեղ են մնում. հղիության ընթացքում պետք է միանշանակ բացառել ոգելից խմիչքների օգտագործումը: Ցանկալի է, որ ապագա ծնոնղները հրաժարվեն ոգելից խմիչքներից բեղմնավորումից դեռևս ամիսներ առաջ (նվազագույնը 3 ամիս առաջ):
Ինչպե՞ս ամբողջովին հրաժարվել հղիության ընթացքում ոգելից խմիչքներ օգտագործելուց: Որոշ կանանց համար ալկոհոլը ծառայում է որպես լարվածությունը մեղմելու և հանգստանալու համար: Այս պարագայում բժիշկները խորհուրդ են տալիս լարվածության հետ պայքարի այլ միջոցներ գտնել: Ահա մի քանիսը:
Տաք լոգանք ծովի աղով: Հարկավոր է հիշել, որ ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 36-37 աստիճանը: Եթե ձեզ դուր է գալիս օգտագործել նաև հոտավետ նյութեր, ապա իմացեք, որ հղիության ընթացքում խստիվ արգելվում է որոշ եթերային յուղերի օգտագործումը:
Մերսում: Լարվածությունն արդյունավետորեն թուլացնում է գլխամաշկի, պարանոցի, ուսագոտու և ոտքերի մերսումը:
Զբոսանքն ապագա մորն անհրաժեշտ է ամուր առողջության և պտղի բնականոն զարգացման համար: Բացի այդ այն բավականին արդյունավետ միջոց է նաև սթրեսից ազատվելու համար:
Գարեջուրը և գինին փոխարինեք ոչ ալկոհոլային ըմպելիքներով: Ռոմանտիկ երեկոն բոլորովին էլ չի տուժի, եթե բյուրեղյա բաժակը լցվի հյութով:
Հիշեք՝ խոսքը ձեր ապագա երեխայի առողջության մասին է, որը չպետք է վտանգի ենթարկել: Նախատեսվելիք բեղմնավորումից առնվազն 3 ամիս առաջ հարկավոր է բացառել բոլոր վնասակար գործոնները և սկսել հետևել առողջ ապրելակերպի կանոններին: