Հղիության 4-րդ շաբաթ

26.02.201457870

Պտղի զարգացումը

Հղիության չորրորդ մանկաբարձական շաբաթից է, որ պտուղն սկսում է որոշակի փոփոխություններ կրել։ Ունենում է առավելագույնը 1մմ երկարություն և 0.36 մմ լայնություն։ Այդ փուլում են ձևավորվում ընկերքն ու պտղաջուրը։

Զարմանալի է, բայց հենց այդ շաբաթում է սկսում ձևավորվել ապագա փոքրիկի գլուխը։ Առանձնացվում է երեք հիմնական շերտ՝ էկտոդերմա, էնդոդերմա և մեզոդերմա։ Հենց դրանք են ուղղակիորեն ազդում ուղեղի, վահանագեղձի և ենթաստամոքսային գեղձի, արյան, մկանների և կմախքի կազմավորման վրա։

Բեղմնավորումից 7 օր հետո սկսվում է իմպլանտացիան՝ սաղմի ներդրումն արգանդի պատի մեջ: Անջատվում են արգանդի լորձաթաղանթն ու անոթները քայքայող հատուկ խմորիչներ (ֆերմենտներ): Իմպլանտացիայի ժամանակ սաղմն ամբողջովին խրվում է արգանդի լորձաթաղանթի մեջ:

Իմպլանտացիայի շրջանը սաղմի զարգացման առաջին ճգնաժամային փուլն է, տևում է մոտ 40 ժամ: 7-ից մինչև 14-րդ օրն ակտիվորեն ձևավորվում են սաղմի զարգացման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող արտասաղմնային օրգանները (խորիոն, ամնիոն, դեղնուցապարկ):

Հղիության նշանները

Եթե դաշտանն ուշանում է, կարելի է վստահաբար թեստ անցկացնել, որն 98% ճշտությամբ արդյունք ցույց կտա։ Գինեկոլոգը կարող է հետևել արգանդի պարանոցի գույնի և կառուցվածքի փոփոխություններին, թեև միանշանակ եզրահանգման գալ հնարավոր չի լինի։

Զգացողությունները

Չորրորդ շաբաթում կինը դեռևս զգալի փոփոխություններ չի զգում օրգանիզմում (զգում է միայն բարձր զգայունակության դեպքում), իսկ զգացածն էլ հաճախ շփոթում է նախադաշտանային համախտանիշի հետ։

Հղիության չորրորդ շաբաթը կարող է ուղեկցվել որովայնի ստորին հատվածի ձգող բնույթի ցավով, կրծքի զգայունությամբ, տրամադրության անկմամբ, համերի և հոտերի հանդեպ զգայունակության փոփոխությամբ։