Հղիության 2-րդ շաբաթ

26.02.201452525

Պտղի զարգացումը

Տեղի է ունենում բեղմնավորում՝ արական (սպերմատոզոիդ) և իգական (օվոցիտ, ձվաբջիջ) սեռական բջիջների միաձուլում, ինչի շնորհիվ վերականգնվում է մարդուն հատուկ քրոմոսոմների ամբողջական հավաքածուն, ձևավորվում է որակապես նոր բջիջ՝ զիգոտ (բեղմնավորված ձվաբջիջ կամ միաբջիջ սաղմ): Բեղմնավորմանը մասնակցում է 1 ձվաբջիջ և մոտ 300 մլն արական սերմնաբջիջ:

Բեղմնավորման գործընթացում տարբերում են երեք փուլ՝

  1. տարածական փոխազդեցություն և գամետների (սպերմատոզոիդի ու ձվաբջջի) մերձեցում, 
  2. փոխազդեցություն շփման միջոցով և ձվաբջջի ակտիվացում, 
  3. սպերմատոզոիդի ներթափանցում ձվաբջջի մեջ և հետագա միաձուլում: 

Վերջին փուլում արական և իգական սեռական բջիջների կորիզները միաձուլվում են: Այդ կերպով զիգոտը ձեռք է բերում երկու ծնողներից ժառանգած գեներ: Բեղմնավորված ձվաբջջի յուրաքանչյուր հատված սաղմի որոշակի կառուցվածքային մասի սկիզբն է հիմնադրում:

Ապագա երեխայի սեռը կախված է սեռական քրոմոսոմներից: Եթե ձվաբջիջը միանում է Х քրոմոսոմ կրող սպերմատոզոիդի հետ, ապա աղջիկ է ծնվում, իսկ եթե միաձուլվում է Y պարունակող քրոմոսոմի հետ, ապա տղա է ծնվում: Այսպիսով՝ երեխայի սեռը կախված է հոր սեռական քրոմոսոմներից: