Չզարգացող հղիություն. պատճառները և բուժումը

Չզարգացող հղիություն. պատճառները և բուժումը

Աղտոտված մթնոլորտը, քրոնիկական սթրեսները և լայն տարածում գտած սեռավարակներն ավելի ու ավելի հաճախ են դառնում կանանց վերարտադրողական համակարգի խնդիրների պատճառ: Բացի այդ, օրեցօր աճում է հասուն տարիքում մայրացող կանանց քանակը: Արդյունքում շատ կանայք հղիության ընթացքում բախվում են տարաբնույթ բարդությունների, որոնցից մեկն էլ չզարգացող հղիությունն է կամ էլ վիժումը:

Կարդացեք՝  Չզարգացող հղիություն․ ի՞նչ է անէմբրոնիան

Չզարգացող հղիության պատճառները

Չզարգացող հղիությունը, ըստ էության, կնոջ օրգանիզմի պատասխանն է մոր և պտղի առողջության հետ կապված ցանկացած խնդրին կամ արտաքին միջավայրի ազդեցություններին: Այն արտահայտվում է տարբեր ձևերով`

  • հղիության ինքնաբեր վիժում (մինչև հղիության 22-րդ շաբաթը),
  • չզարգացող հղիություն,
  • սովորութային վիժում (մինչև 22 շաբաթը երկուսից ավել անընդմեջ վիժում),
  • վաղաժամ ծննդաբերություն (22-ից 37-րդ շաբաթը):

Առաջին եռամսյակում հղիության ընդհատում է ունենում կանանց 50-60%-ը, երկրորդում՝ 20%-ը, իսկ երրորդում՝ 30%-ը: Ոչ միշտ է հաջողվում պարզել վիժման պատճառը, քանի որ հաճախ այն մի քանի տարբեր գործոնների համադրության արդյունքում է լինում:

Առաջին եռամսյակում հղիության ինքնաբեր ընդհատման պատճառ կարող են դառնալ՝

  • քրոմոսոմային շեղումները (դեպքերի 70%-ը),
  • հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ համակարգի շեղումները (ցիկլի թերի լյուտեինային շրջան, հիպերպրոլակտինեմիա, լյուտեինիզացնող հորմոնի, ֆոլիկուլադրդիչ հորմոնի արտադրման խանգարում և այլն),
  • հիպերանդրոգինությունը,
  • վահանագեղձի գործառույթի խանգարումները (հիպո և հիպերթիրեոզ, աուտոիմունային թիրեոդիտ)
  • հղի կանանց ծանր տոկսիկոզը և գեստոզը:

Աառավել վտանգավոր շրջանը 6-ից 10-րդ շաբաթն է: Այս ընթացքում է կատարվում վիժումների ճնշող մեծամասնությունը:

Երկրորդ եռամսյակում չզարգացող հղիության պատճառ կարող է դառնալ՝ 

  • հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը,
  • Իստմիկո-ցերվիկալ անբավարարությունը,
  • ընկերքային անբավարարությունը,
  • բազմապտուղ հղիությունը,
  • հիպերտոնիան,
  • բրոնխիալ ասթման,
  • նյարդային համակարգի հիվանդությունները,
  • միզուղիների վարակիչ հիվանդությունները և այլն:

Երրորդ եռամսյակում վերոնշյալ պատճառներին կարող են գումարվել այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝

  • ընկերքի սխալ տեղակայումը,
  • ընկերքի վաղաժամ շերտազատումը,
  • պտղաջրերի գերջրություն կամ սակավությունը,
  • խորիոամնիոնիտը,
  • պտղաջրերի վաղաժամ արտահոսքը,
  • պտղի սխալ առաջադրությունը:

Բացի այս ամենը, ցանկացած ժամկետում չզարգացող հղիության կարող են հանգեցնել՝

  • սուր հեպատիտը,
  • սեռավարակները,
  • սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները,
  • էնդոմետրիոզը,
  • կպումները,
  • ներարգանդային միջամտությունները (ամնիոցենտեզ, կորդոցենտեզ, թավկենու բիոպսիա, արյան ներարգանդային փոխպատվաստում, ֆետասկոպիա),
  • արգանդի կառուցվածքի անոմալիաները,
  • ներքին օրգանների հիվանդությունները,
  • զուգընկերոջ հիվանդությունները,
  • միոման,
  • շաքարային դիաբետը,
  • թրոմբոֆիլիան,
  • դիմադրողականության խանգարումները,
  • սթրեսները,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
  • սովորութային վիժումը և այլն:

Հղիության ելքը կախված է նաև ապագա մոր տարիքից: Երիտասարդ կանանց դեպքում հավանականությունը, որ հաջորդ հղիությունը հաջող կընթանա, ավելի մեծ է: Այս ամենով հանդերձ, վիժման վտանգը կախված է նախորդ կորուստների քանակից. մեկ վիժումից հետո հղիության ընդհատման հավանականությունը 15% է, երկուսից հետո՝ 25%, երեքից հետո՝ 45% և չորսից հետո՝ 50%-ից ավել: Արգանդի բազմակի քերումներից հետո տրամաբանորեն մեծանում է բարդությունների և երկրորդային անպտղության առաջացման վտանգը:

Վիժման պատճառների ախտորոշումը

Բուժման հաջողությունը և կանխարգելումն ուղղակիորեն կապխված է բժշկի վարպետությունից, հնարավորություններից և համառությունից: Ընդ որում՝ անցկացվող հետազոտություններն անհատական են և կախված վիժման ենթադրյալ պատճառից:

Հետազոտությունը սովորաբար սկսում են կնոջ տարիքի, վնասակար սովորությունների և աշխատանքային պայմանների, տարած հիվանդությունների, դաշտանային և վերարտադրողական գործառույթի առանձնահատկությունների մասին տեղեկություններ հավաքելուց: Այնուհետև ընհանուր զննում է անցկացվում և գինեկոլոգիական հետազոտություն: Հաջորդիվ ըստ ցուցման կարող են նշանակվել հետևյալ հետազոտությունները՝

  • միզասեռական և TORCH-վարակների (տրիխոմոնիազ, քլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ, գարդներելլիոզ, կարմրուկ, տոկսոպլազմոզ, ցիտոմեգալովիրուս, հերպես, և այլն) հայտնաբերման սկրինինգ,
  • արգանդի և արգանդի հավելումների ՈւՁՀ,
  • հորմոնների հետազոտություն (էստրադիոլ, պրոգեստերոն, պրոլակտին, ԼՀ, ՖԴՀ, տեստոստերոն, ԴՀԵԱ, ԴՀԵԱ-Ս և այլն),
  • համատեղելիության ստուգում,
  • հեմոստազիոգրամա և այլն:

Կարող են նաև անցկացվել հավելյալ իմունոլոգիական և հեմատոլոգիական հետազոտություններ, հիստերասկոպիա, արգանդի լորձաթաղանթի բիոպսիա, ինչպես նաև խորհուրդ է տրվում կազմել վերջին երեք դաշտանային ցիկլերի ընթացքում հիմքային ջերմաստիճանի գրաֆիկ և այլն:

Նախապատրաստում հղիությանը և վիժման կանխարգելում

Չզարգացող հղիության պատճառը պարզելուց հետո բժիշկը մշակում է բուժման և հաջորդ հղիությանը նախապատրաստելու անհատական ծրագիր: Ընդ որում՝ շատ կարևոր է հոգեբանական բարենպաստ տրամադրվածություն ստեղծելը և սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչելը: Սովորաբար խորհուրդ է տրվում հաջորդ հղիությունը պլանավորել 6 ամսից ոչ շուտ:

Համակողմանի հետազոտությունները, պատճառի հայտնաբերումը, ժամանակին ստացած բուժումը, ինչպես նաև հղիության ընթացքում վիճակի վերահսկումը կնոջը թույլ են տալիս վերջապես մայրանալ: Բժշկական վիճակագրության համաձայն՝ ճիշտ և տեղին կատարված թերապիայից հետո անգամ սովորութային վիժում ունեցած կանանց 95-97%-ը կենսունակ երեխաներ է լույս աշխարհ բերում:

Հավատացեք ձեր ուժերին և իմացեք, որ ձեր դրական նախատրամադրվածությունը լավագույն դեղամիջոցն է:

Խորհուրդ ենք տալիս դիտել տեսանյութը՝ չզարգացող հղիություն:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…