Հուզականությունը հղիության ընթացքում․ ի՞նչ անել

Հուզականությունը հղիության ընթացքում․ ի՞նչ անել

Հղիությունն իր ամբողջ էությամբ նոր փորձ է կնոջ համար, նոր փորձ իր հոգեբանական և ֆիզիկական դրսևորումներով։ Ընդ որում յուրաքանչյուր հղիություն տարբերվում է իր նախորդից և միշտ էլ կարող է անակնկալներ մատուցել։ Բոլորը հիմնականում կարծես կենտրոնանում են հղիության ֆիզիկական կողմի վրա և հաճախ ենթադրում են, որ մայրը և երեխան առողջ են, քանի որ ֆիզիկական կողմն ավելի պարզորոշ է և հեշտ նկատելի: Այնուամենայնիվ, հոգեբանական վիճակը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը: Ինչն է հղի կանանց այդքան խոցելի դարձնում և ինչպես հաղթահարել այդ զգացումը: 

Կանանց մեծամասնությունը ձգտում է հղիանալ և մայրանալ, սակայն երբ հղիանում են, զգացողություններն սպասվածից տարբեր են լինում: Որոշ կանայք, ովքեր կարծում էին, թե վախի զգացում կունենան, զարմանալիորեն հանգիստ են իրենց զգում, իսկ նրանք, ովքեր զգում էին, որ պատրաստ են մայրանալու, անպաշտպանության զգացում են ունենում:

Սովորաբար զգացումները փոխվում են անցնող յուրաքանչյուր եռամսյակին զուգընթաց, և յուրաքանչյուր փուլ նոր հուզական խնդիրներ է մատուցում: Հղիության առաջին եռամսյակում հնարավոր է, որ հղի կնոջն անհանգստացնի հղիության փաստը, երկրորդ եռամսյակում նա կարող է կենտրոնանալ երեխա ունենալու գաղափարի վրա, երրորդ եռամսյակում հնարավոր է, որ շարունակվեն նմանատիպ մտորումները, սակայն միաժամանակ սկսում են մտածել նաև պատասխանատվության և մայրության բերկրանքի մասին: Այդ պատճառով էլ հուզական լուրջ հարմարում է անհրաժեշտ:

Հղիությունն անդրադառնում է նաև ընտանեկան հարաբերությունների վրա: Եթե նախկինում մտածում էիք միայն ձեր և ձեր հարազատների մասին, այժմ ստիպված եք լինելու պատասխանատվություն կրել նաև անմիջականորեն ձեզնից կախված նորածնի համար:

Եթե արդեն իսկ երեխա ունեք (երկու և ավել), ապա ընտանիքում միևնույնն է փոփոխություններ կկատարվեն պատասխանատվության սահմանների ընդլայնման հետ կապված: Հաճախ ընտանիքում նոր երեխայի հայտնվելը սթրեսի պատճառ է դառնում անգամ այն դեպքում, երբ երեխան ցանկալի և սպասված է: Ահա թե ինչու են հղիությունը երբեմն անվանում ընդլայնվող ճգնաժամ:

Չնայած որ հղիությունը նորմալ և հրաշալի երևույթ է ցանկացած կնոջ կյանքում, այնուամենայնիվ կարող է ճնշող լինել: Հնարավոր է, որ ձեր զգացումները չափազանցության հասնեն՝ պայմանավորված օրգանիզմում ընթացքող հորմոնային փոփոխություններով:

Հղիության ընթացքում հղի կինը տարաբնույթ զգացումներ ու ապրումներ է ունենում ու դրանցից ոչ բոլորն են բացասական լինում՝ ուրախություն, երջանկություն և խանդավառություն, դեպրեսիա, անորոշություն կամ վախ:

Հղի կինը հաճախ դյուրագրգիռ է լինում, հաճախ նաև հանգիստ, մեծ կախվածություն է զգում ամուսնուց կամ ընտանիքի այլ անդամներից: Հաճախ հպարտություն է զգում, որ հրաշք է գործել, երեխայի նկատմամբ սեր, շփոթահար վիճակ, տխրում է, որ ամեն բան այլևս նախկինի պես չի լինելու, ֆինանսի, կենցաղային պայմանների, երեխայի խնամքի, անկախության կորստի, ամուսնու հետ հարաբերությունների փոփոխության, ծննդաբերության, լավ մայր լինելու հետ կապված մտահոգություններ և այլ զգացումներ են առաջ գալիս:

Ի՞նչ անել

Չնայած որ վերոնշյալ զգացումները բնական են, այնուամենայնիվ կարող եք որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի մեղմեք այս հուզիչ և սթրեսային շրջանում տրամադրության անկումները:

Ամրացրեք ձեր ֆիզիկական առողջությունը, լավ սնվեք, ֆիզիկական վարժություններ կատարեք և հանգստացեք: Եթե ձեզ վատ եք զգում կամ հոգնել եք, ապա հավանականությունը, որ ավելի դյուրագրգիռ կամ գերհոգնած կլինեք, մեծանում է:

Մշտապես տեղեկացված եղեք: Հաճախեք հատուկ դասընթացների և հղիության մասին գրքեր կարդացեք: Մասնագետների կարծիքներին տեղեկանալը, ապագա այլ մայրերի հետ հանդիպումները կարող են մեղմել սթրեսը: Այդուհանդերձ միշտ իմացեք, որ յուրաքանչյուր կին յուրովի է տանում հղիությունը, և շատ բաներ կախված են ձեր օրգանիզմի առանձնահատկություններից: Անվերապահորեն մի մոտեցեք այլ կանանց փորձին և խորհուրդներին:

Մի խուսափեք ձեր մտքերով և ապրումներով ամուսնու, ընտանիքի այլ անդամների կամ ընկերների հետ կիսվելուց:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Չընդունեք հատուկ դեղամիջոցներ, որպեսզի ազատվեք դեպրեսիայից կամ տրամադրության անկումներից: Նախքան այս կամ այն դեղորայքը կամ դեղաբույսն օգտագործելը խորհրդակցեք ձեր հղիությունը վարող բժշկի հետ:

Ժպտացեք՝ դրական էներգիան առ ձեզ գրավելու համար:

 

Աղբյուրը

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի ընդհանրապես չի ազդում ֆիզիկական առողջության վրա, չի ազդում սեռական հորմոնների մակարդակի վրա, չի հանգեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը: