Բրյուսելյան կաղամբ․ օգտակարությունն ու կալորիականությունը
Բրյուսելյան կաղամբը մեր երկրում էկզոտիկ համարվող, իսկ Եվրոպայում շատ հայտնի ու տարածված տեսակ է։ Համը տարբերվում է կաղամբի այլ տեսակների համից։ Վաճառվում է նաև Երևանի մի շարք սուպերմարկետներում։
Պարունակում է վիտամին РР, А, С, ինչպես նաև B խմբի վիտամիններ, շատ հարուստ է ֆոլաթթվով։ Պարունակում է նաև մագնիում, կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, յոդ, ֆերմենտներ, շաքար, ամինաթթուներ և օգտակար այլ նյութեր։
Կալորիականությունը
100 գրամ կաղամբի դեպքում կալորիականությունը 40 կկալ է։
Օգտակար հատկությունները
Նպաստում է իմունիտետի ամրացմանը, օժտված է հակաինֆեկցիոն և հակաբորբոքային ազդեցությամբ։
Օգնում է հաղթահարել բրոնխաթոքային հիվանդությունները։
Նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։
Օգնում է պայքարել հիպերտոնիայի և առիթմիայի դեմ։
Նպաստում է անոթների պատերի ամրացմանը և արյան կազմի լավացմանը։
Ցուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։
Օգտակար է մարսողական համակարգի հիվանդությունների կանխարգելման և բուժման հարցում։
Օգնում է ազատվել փորկապությունից։
Հաճախ օգտագործելու դեպքում զգալիորեն նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությւոնների առաջացման վտանգը։
Օժտված է վերքերն ապաքինող հատկությամբ, այդ պատճառով ցուցված է վիրահատություն տարած մարդկանց։
Բարենպաստ ազդեցություն է թողնում էնդոկրին և նյարդային համակարգերի աշխատանքի վրա։
Ցուցված է նաև հղի կանանց, քանի որ մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում, որը նվազեցնում է երեխայի բնածին արատների առաջացման վտանգը։
Խորհուրդ է տրվում ուտել նաև երեխաներին, տարեցներին և նրանց, որոնք պայքարում են ավելորդ քաշի դեմ։
Հակացուցումները
Հակացուցված է հոդատապ կամ ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց։