Այրոց և քոր հեշտոցում
Քորի և այրոցի պատճառները բազմազան են՝ սկսած ալերգիկ ռեակցիաներից, վերջացրած սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով։ Որո՞նք են այդ ախտանշանի տարածված պատճառները։
Հեշտոցի դիսբիոզ
Այդ վիճակը պայմանավորված է հեշտոցում պայմանական-ախտածին միկրոֆլորայի աճով, ինչը պատահում է տեղային կամ ընդհանուր իմունիտետի անկման ժամանակ։ Ընդ որում՝ բնական միկրոֆլորան կազմող բակտերիաներն ի զորու չեն լինում դիմակայել ախտածին միկրոօրգանիզմներին։ Հաճախ հեշտոցի դիսբիոզը (վագինոզ) առաջանում է դաշտանի ընթացքում և հակաբիոտիկներով բուժումն ավարտելուց հետո։
Ի՞նչ անել։ Հարկավոր է դիմել գինեկոլոգի, որը հակաբորբոքային և անտիսեպտիկ տեղային, ինչպես նաև հեշտոցի միկրոֆլորան կարգավորող դեղամիջոցներ կնշանակի։
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
Այդպիսի հիվանդություններից են քլամիդիոզը, գոնորեան, տրիխոմոնիազը, պապիլլոմավիրուսը, հերպեսը և այլն։ Նշված բոլոր հիվանդություններն ուժգին այրոց և քոր են առաջացնում հեշտոցում։
Ի՞նչ անել։ Նշանակվում է բուժում՝ կախված տվյալ հիվանդության հարուցչից։ Սովորաբար հակաբիոտիկներ են նշանակվումև այլն։
Ալերգիկ ռեակցիաներ
Հեշտոցում այրոցը կարող է պայմանավորված լինել ինտիմ հիգիենայի միջոցներով (միջադիրներ, ամենօրյա միջադիրներ, տամպոն և այլն) կամ պահպանակից (լատեքս) առաջացած ալերգիկ ռեակցիաներով։
Ի՞նչ անել։ Հեշտոցում այրոց զգալու դեպքում հարկավոր է հրաժարվել վերոնշյալ միջոցներից, ինչպես նաև զուգարանի հոտավետ ու գունավոր թղթից։ Կարևոր է բացահայտել ալերգիայի պատճառն ու այլևս չօգտագործել տվյալ միջոցը։
Հորմոնային ֆոնի փոփոխություն
Հղիության, սեռահասունացման, մենոպաուզայի և սթրեսի ընթացքում հորմոնային ֆոնի փոփոխությունը նույնպես կարող է հեշտոցի լորձաթաղանթի գրգռման պատճառ դառնալ։
Ի՞նչ անել։ Այդ դեպքում բժիշկը նշանակում է իգական սեռական հորմոնների մակարդակը կարգավորող դեղամիջոցներ։
Միզասեռական համակարգի օրգանների բորբոքում
Այրոցն ու քորը կարող են առաջանալ միզասեռական համակարգի բորբոքային տարաբնույթ հիվանդությունների դեպքում, օրինակ՝ ցիստիտ, ադնեքսիտ, մետրիտ, էնդոմետրիտ, ցերվիցիտ և այլն։
Ի՞նչ անել։ Հարկավոր է համալիր հետազոտություն անցնել և պարզել կոնկրետ պատճառը։ Սովորաբար այդ հիվանդությունները կապված են լինում ինֆեկցիոն գործընթացների հետ։ Հարկավոր է բացահայտել ախտածին հարուցիչը և համապատասխան բուժում ստանալ։
Հիշեք, երբեք չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ ժողովրդական միջոցներով գուցե հաջողվի անցկացնել այրոցն ու քորը, սակայն այդ կլինի միայն ժամանակավոր ազատում ախտանշանից և ոչ թե բուն պատճառի վերացում և լիարժեք բուժում։