Վիտամին B2 (ռիբոֆլավին)

Վիտամին B2-ը ոչ միայն գեղեցկության վիտամինն է, որ ազդում է մաշկի, մազերի ու եղունգների որակի վրա, այլև արժեքավոր տարր է, որ մասնակցում է մեր օրգանիզմում կատարվող մի շարք կարևոր գործընթացների։
Սննդային հավելանյութերի շարքում այն նշանակվում է E101 կոդով։ Անվնաս է օրգանիզմի համար և օգտագործվում է որպես դեղին գույնի գունանյութ։
Ինչո՞ւ է հարկավոր օրգանիզմին
Ռիբոֆլավինը մեծ դեր է խաղում իմունային համակարգի ամրացման գործում։
Անհրաժեշտ է արյունաստեղծման համար, մասնակցում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի արտադրման։
Մասնակցում է նյարդային համակարգի աշխատանքին, անհրաժեշտ է գլխուղեղի բնականոն գործունեության համար։
Մեծ նշանակություն ունի մարդու վերարտադրողական ֆունկցիայի և վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորման հարցում։
Կարևոր է տեսողության պահպանման և աչքի տարատեսակ հիվանդությունների կանխարգելման հարցում։
Վիտամին B2-ից է կախված մազերի, մաշկի ու եղունգների վիճակը, այդ պատճառով էլ այն համարվում է գեղեցկության վիտամին։
Շատ կարևոր է երեխաների աճի ու զարգացման համար։
Օրական պահանջը
Վիտամին B2-ի օրական պահանջը կախված է մի շարք գործոններից՝ սեռ, տարիք, ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածություն, վնասակար սովորությունների և հիվանդությունների առկայություն, դեղորայքի օգտագործում և այլն։ Սովորաբար տղամարդկանց օրական պահանջը 1,7-2 մգ է, կանանցը՝ 1,3-1,8մգ։ Հղիության և կրծքով կերակրման ընթացքում պահանջը մեծանում է։
Ո՞ր մթերքներում է պարունակվում
Ռիբոֆլավինով է հարուստ առաջին հերթին լյարդը, երիկամները և խմորիչը։ Մեծ քանակությամբ B2 է պարունակում ձուն, կաթը, կաթնաթթվային մթերքները՝ պանիր, կաթնաշոռ, սունկը, բրոկոլին, ոլոռը, կանաչեղենը և այլն։
Վիտամին B2-ի պակաս
Այդ վիտամինի պակասի առաջին նշանը շրթունքների ճաքն է, թեփոտվածությունը և բերանի անկյունների ճաքը։ Վիտամինի անբավարարությունը կարող է ուղեկցվել թուլությամբ, գլխացավով, գլխապտույտով, ախորժակի անկմամբ, մաշկային հիվանդություններով, մազերի դյուրաբեկությամբ, տեսողության վատացմամբ և այլն։
Վիտամին B2-ի ավելցուկ
Վիտամինի ավելցուկը խիստ հազվադեպ երևույթ է, քանի որ վիտամինի ավելցուկն օրգանիզմից դուր է գալիս մեզի միջոցով։
Նյութի կազմումը՝ www.sotskiy.am