Մագնիում․ օրգանիզմի պահանջն ու օգտակարությունը

Մագնիումը մեծ դեր է խաղում մարդու օրգանիզմում։ Այն մասնակցում է քիմիական հարյուրավոր պրոցեսների և օրգան-համակարգերի բնականոն գործունեությունն ապահովող ամենակարևոր նյութերից մեկն է։
Ինչո՞ւ է անհրաժեշտ օրգանիզմին
Մագնիումը մեծ դեր է խաղում մարդու մկանային համակարգի ճիշտ աշխատանքի գործում։
Պատասխանատու է մկանների թուլացման համար։ Ջղաձգումները, սպազմը, ծակծկոցը, աչքերի թրթռալը վկայում են օրգանիզմում մագնիումի պակասի մասին։
Ազդում է նաև սրտամկանի վրա։ Պաշտպանում է սրտի բազմաթիվ հիվանդություններից։
Ազատում է անոթների սպազմից, օգնում մաքրել դրանք աթերոսկլերոզից, ինչն իր հերթին լավացնում է արյան հոսքը, կարգավորում է արյան ճնշումը, ազատում գլխացավից, նվազեցնում ինսուլտի և ինֆարկտի առաջացման վտանգը։
Մագնիումն անհրաժեշ է կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար, մասնակցում է նյարդային իմպուլսների փոխանցմանը։
Այդ քիմիական տարրի շնորհիվ նյարդային բջիջները կարողանում են թուլանալ, իսկ օրգանիզմը «փրկվում է» սթրեսներից, դեպրեսիայից ու անքնությունից։
Օրգանիզմում մագնիումի բավականաչափ քանակը պաշտպանում է շաքարային դիաբետից։
Մագնիումից է կախված նաև ոսկրերի, եղունգների, ատամների ու մազերի ամրությունը։
Բարձրացնում է դիմադրողականությունը։
Խոչընդոտում է քարագոյացմանը և պաշտպանում է օստեոպորոզից։
Մասնակցում է մարսողական համակարգի աշխատանքին, բարելավում է նյութափոխանակությունը։
Նվազեցնում է դաշտանային ցավը և արգանդի լարվածությունը հղիության ընթացքում։
Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը և դանդաղեցնում է չարորակ գոյացությունների աճը։
Նպաստում է էներգիայի արտադրմանը։
Մագնիում պարունակող մթերքներ
Մագնիում են պարունակում բուսական և կենդանական ծագման բազմաթիվ մթերքներ։ Դրանով են հարուստ դդմի սերմերը, կակոն, լոբեղենը, ձմերուկը, պանրի տարբեր տեսակները, ցորենը և այլն։
Մթերքների վերամշակման դեպքում մագնիումի քանակն զգալիորեն նվազում է։
Մագնիումի անբավարարություն
Օրգանիզմում մագնիումի անբավարարությունն անդրադառնում է գրեթե բոլոր ներքին օրգանների և համակարգերի աշխատանքի վրա։ Ուստի ախտանշաններն էլ տարբեր են լինում՝ թուլություն, մկանային ցավ ու ջղաձգում, եղունգների և մազերի փխրունություն և այլն։ Այդ նշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Մագնիումի ավելցուկն օրգանիզմում խիստ հազվադեպ է հանդիպում։